Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձեւավորված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը չբացառեց

Հունիս 09,2001 00:00

Օրենսդիրները պրոբլեմ չունեն «Հոկտեմբերի 27»-ի գործով ձեւավորված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը չբացառեց, որ հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի բոլոր անդամները կայցելեն մեկուսարան՝ վերջինիս «խոհանոցին» ծանոթանալու համար։ Լրագրողներին, իհարկե, հնարավորություն չտրվեց ներկա լինել հանձնաժողովի երեկվա դռնփակ նիստին։ «Հանձնաժողովի առջեւ դրված խնդիրները կատարելու համար որեւէ խոչընդոտ չի լինի։ Մենք կաշխատենք ըմբռնել»,- նախ հայտարարեց ԱԱ նախարար Կառլոս Պետրոսյանը։ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանն էլ վկայեց, որ իրենք պատրաստ են հնարավոր աջակցություն ցուցաբերել, որպեսզի հանձնաժողովն իր առջեւ դրված խնդիրները կարողանա կատարել։ «Նախնական քննարկումներ եղան լրացուցիչ հարցերի շրջանակները որոշելու համար»,- տեղեկացրեց Կ.Պետրոսյանն ու ավելացրեց, թե հանձնաժողովի անդամները կարող են մեկուսարաններ այցելել երբ ցանկանան։ Որքան հասկացանք, հանձնաժողովի համատեղ նիստն անցել էր ջերմ բարեկամական եւ փոխադարձ ըմբռնման մթնոլորտում։ Առաջիկայում դեռ համատեղ քննարկելու են օրենսդիրների կողմից ներկայացվելիք այն մեխանիզմներն ու այլ տեխնիկական հարցերը, որոնք կներկայացնի հանձնաժողովը։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կիմ Բալայանն էլ վկայեց. «Կառավարության անդամները պատրաստակամություն հայտնեցին օրինականության սահմաններում աջակցել այն խնդիրների իրագործմանը, որոնք խորհրդարանը ներկայացրել է հանձնաժողովին։ Դրանց կատարման մեխանիզմների մասին եւս խոսվեց։ Մենք կարող ենք ցանկացած պահի այցելել մեկուսարաններ, իսկ այդ հարցում, օրենքի շրջանակներում, նախարարները պատրաստակամ են մեզ աջակցել»։ ՀԺԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն ասաց, որ համատեղ նիստի նպատակն էր ճշտել, թե հանձնաժողովի ստեղծման մասին ԱԺ որոշման մեջ կա՞ր որեւէ կետ կամ վրիպակ, որ օրենքից չի բխում։ «Պարզվեց, որ բոլոր կետերն էլ բխում են օրենքից եւ նախարարների ու օրենսդիրների միջեւ այդ հարցում ոչ մի տարաձայնություն չկար»։ Մինչեւ համատեղ նիստը՝ պատգամավորները մտավախություն ունեին, թե արդյոք իրենց հնարավորություն կընձեռվի օրվա ցանկացած ժամին մեկուսարան այցելել։ «Այդ մտավախությունը փարատվել է։ Իհարկե, մենք իրավունք չունենք առանց դատավորի թույլտվության տեսակցել ամբաստանյալին, քանի որ դատաքննություն է ընթանում, բայց իրավունք ունենք, եւ դա նախարարների պնդմամբ իրագործելի է, դիտանցքից հետեւել ամբաստանյալին, հետեւել, թե ովքեր են մտնում նրա մոտ եւ այլն։ Փաստաթղթեր տրամադրելու հարցում եւս որեւէ խնդիր չկա»։ Օրենսդիրների անարգել մուտքը մեկուսարաններ կարգավորվելու է, որքան հասկացանք, հատուկ կարգով։ Ըստ այդմ, հանձնաժողովի անդամների ցանկը կներկայացվի ՆԳ եւ ԱԱ նախարարներին, մեկուսարաններին՝ այդ պատգամավորների անարգել մուտքը մեկուսարան ապահովելու համար։ Նախարարները ի պատասխան օրենսդիրների հարցադրումներին, հավաստիացրել էին, թե իրենք պատրաստ են ապահովել դրա իրագործումը՝ «եթե անհրաժեշտ է, թեկուզ՝ այսօր»։ Փարատվեցին հանձնաժողովի ձեւավորման նախաձեռնողների՝ սկզբնական շրջանում ունեցած այն կասկածները, թե իշխանություններն ամեն կերպ կաշխատեն խոչընդոտել իրենց աշխատանքներին։ Ամենեւին անբնական չէր, իհարկե, ուժային նախարարների ինքնավստահ կեցվածքը։ Եթե Քոչարյան-Սարգսյան տանդեմը դեմ չէ հանձնաժողովին ու իր «գլխի ճարը տեսել է», նախարարներն ինչո՞ւ պետք է մերժեին օրենսդիրներին ստուգելու ամբաստանյալների մոտ օրենքի շրջանակներում ելումուտ անողներին վերաբերող արձանագրությունները, առավել եւս, որ անօրինական այցելուների եւ ահաբեկիչներին հնարավոր օժանդակողների մուտքն ու ելքն արձանագրելը չափազանց պարզունակ կլիներ հատուկ ծառայությունների համար։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել