Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովի գլխավորած պատվիրակությունը

Հունիս 09,2001 00:00

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԱԾ ՉԻ ԵՂԵԼ ՌԴ Պետական դումայի նախագահ Գենադի Սելեզնյովի գլխավորած պատվիրակությունը երեկ վաղ առավոտյան հյուրընկալվեց Հայաստանի խորհրդարանում։ ԱԺ խմբերի եւ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Գ. Սելեզնյովը մասնավորապես ասաց, թե Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գործընկերը բոլոր առումներով, բայց եւ խիստ կարեւոր է տնտեսական եւ առեւտրական ոլորտի փոխհարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Պրն Սելեզնյովը հատուկ անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ասվեց, որ Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկար ժամանակ ձգձգվող հակասությունը։ Ըստ պրն Սելեզնյովի, Ռուսաստանի ղեկավարության պաշտոնական դիրքորոշումը հայտնի է. «Մենք երբեք չենք փաթաթի ձեր վզին մեր դեղատոմսը։ Բավարար ուշադրությամբ ենք վերաբերվում կողմերի դիրքորոշումներին։ Ռուսաստանը կշարունակի խաղաղ կարգավորման բանակցություններում հանդես գալ ակտիվ միջնորդի դերում»։ Պրն Սելեզնյովն ընդգծեց, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության հարցում չի կարող կողմնակի դիտորդ լինել, որն իր համար ինչ-ինչ շահեր է հետապնդում. «Մենք անկեղծությամբ եւ խորությամբ շահագրգռված ենք, որպեսզի մեր բարեկամ երկրները վերջիվերջո հաղթահարեն երկարամյա հակասությունը»։ Ի դեպ, ԱԺ խմբերի եւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՌԴ Պետդումայի նախագահին հարց ուղղեց ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը։ Վերջինիս հարցը մոտավորապես այսպես հնչեց. «Վերջերս հայտարարվեց, որ կողմերը պատրաստ չեն։ Հետաքրքիր է իմանալ, ըստ ձեզ, ո՞ր կողմն է ավելի անպատրաստ եւ ինչո՞ւմ է արտահայտվում այդ անպատրաստ լինելը։ Եվ ինչո՞վ է արտահայտվում ադրբեջանական կողմի անպատրաստ լինելը, որովհետեւ հայկական կողմինը մենք գիտենք։ Չնայած հարցը քննարկվել է ոչ շատ բաց, բայց բավականին բաց, որպեսզի որոշ բաներ հասկանալի լինեն»։ Հարցին պատասխանեց Բորիս Պոստուխովը, որը եւս շեշտեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության կոնֆիդենցիալ բանակցությունները, ինչ-որ տեղ հասկանալի են, քանի որ հարցը նուրբ է, բայց եւ այն փաստը, որ ղարաբաղյան կողմը փաստորեն դուրս է մնացել բանակցային գործընթացներից, բավարար չի կարող լինել։ Կրկին շեշտվեց, որ Ռուսաստանը երբեք ղարաբաղյան հարցում մի կողմ քաշված չի եղել եւ չի պատրաստվում մի կողմ քաշվել. «քանի որ առանց Ռուսաստանի մասնակցության՝ հնարավոր չի լինի համաձայնության գալ»։ Եթե հիշում եք, նույն բանը շեշտեց նաեւ Վլ. Պուտինը Երեւանում։ Փաստորեն, վերջին շրջանում Ռուսաստանի մասնակցությունն ավելի է ընդգծվում եւ թերեւս նաեւ սա կարող է ինչ-որ տեղ պատճառ լինել ժնեւյան հանդիպման հետաձգման։ Հայաստանի պատգամավորներն առանձնապես հարցասեր չէին Գենադի Սելեզնյովի հետ հանդիպման ժամանակ։ Որքան էլ զարմանալի է, Աղասի Արշակյանը ոչինչ չհարցրեց իր սիրելի «Ռուսաստան-Բելառուս»-ի մասին։ Բայց ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանը ընկեր Սելեզնյովին հիշեցրեց, որ Հայաստանի կոմունիստները պարզապես երազում են միանալ «Ռ.-Բ.»-ին եւ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյային հրավիրեց երեկ երեկոյան կոմկուսի հրավիրած հանրահավաքին։ Թեման նույնն էր՝ «Ռ.-Բ.»-ը։ Պրն Սելեզնյովը, հասկանալի է, չմասնակցեց հանրահավաքին եւ նրա խոսքից կրկին պարզ չդարձավ՝ ի վերջո, ուզում է Ռուսաստանը Հայաստանին միանալ։ Պարզապես հիշեցնեմ, որ հայ կոմունիստները սպասելիքներ ունեին ե՛ւ Վլ. Պուտինի, ե՛ւ Գ. Սելեզնյովի այցելություններից։ Նրանք դեռ նախորդ հանրահավաքի ժամանակ էին հայտարարել, որ եթե երկրի իշխանությունները բարձրաստիճան ռուսների մոտ չբարձրացնեն Հայաստանի անդամակցության հարցը, կրկին հանրահավաք կհրավիրեն եւ կպահանջեն իշխանության հրաժարական։ Ի դեպ, հայ պատգամավորներից կրկին իր ինքնատիպությամբ եւ ինքնագնահատմամբ զանազանվեց Արտաշես Գեղամյանը, որը Գենադի Սելեզնյովին նվիրեց իր իսկ ստեղծագործությունները։ Պրն Գեղամյանը երեւի ավելի արժեքավոր բան, քան սեփական մտքի եւ գրչի արտադրանքն էր, չէր գտել ամբողջ երկրում։ Ինչեւէ, շարունակելով հոգեւոր թեման, ասեմ, որ Պետդումայի ղեկավարությունն այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Հնչեցին փոխադարձ սիրալիր խոսքեր, նվերներ փոխանակվեցին։ Ռուս-հայկական պետական համալսարանում պրն Սելեզնյովը հայտարարեց, որ Ռուսաստանում կարեւորում են այս համալսարանի գոյությունը եւ որոշ ֆինանսական օգնություն է տրվելու շենքի վերանորոգման համար։ Ռուս-հայկական համալսարանում ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե Ռուսաստանը ե՞րբ է պատրաստվում հյուպատոսարան բացել Մեղրիում։ Հարցին պատասխանեց ոչ թե Գ. Սելեզնյովը, այլ Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը։ Վերջինս ասաց, թե Մեղրիի խնդիրը դեռ քննարկվում է, իսկ Գյումրիում հյուպատոսարան ունենալն արդեն որոշված է։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել