Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղարաբաղի

Հունիս 09,2001 00:00

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՓՈՓՈԽ Է, ԻՆՉՊԵՍ՝ ՀՅԴ-Ն ԻՆՔԸ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ տեսակետներ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, որը երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր։ Նա նկատեց, որ, ինչպես անցած 8-9 տարիների ընթացքում, այսօր էլ հիմնախնդրի կարգավորման առնչությամբ ճիշտ գնահատականներ տալու համար պակասում է բավարար տեղեկատվությունը։ Այդուհանդերձ, ելնելով Ղարաբաղի հարցի առնչությամբ ՀՅԴ որդեգրած դիրքորոշման մասին իր բավարար տեղեկությունից, պարոն Մարգարյանը եւս մեկ անգամ հաստատեց. «Մենք Ղարաբաղի հարցը դիտարկում ենք իբրեւ Հայ Դատի պայքարի մի հանգրվան եւ Միացյալ Հայաստանի համար մղվող պայքար։ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությամբ մենք հայտնել ենք կուսակցության սկզբունքային մոտեցումներն այս հարցի վերաբերյալ»։ Նախ պարոն Մարգարյանը կարեւորեց Ղարաբաղի հարցի նկատմամբ ժողովրդի, իշխանությունների ու քաղաքական բոլոր ուժերի միասնական լինելու հանգամանքը. «Այդ հարցում երաշխավոր ու նախանձախնդիր պետք է լինեն, առաջին հերթին՝ իշխանությունները եւ հետո՝ կուսակցությունները»։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց, թե այդ իմաստով ՀՅԴ-ի դիրքորոշումն այն է, որ իշխանությունները պետք է առավելագույն պայմաններ ստեղծեն, որպեսզի հարցը քննության նյութ դառնա քաղաքական բոլոր ուժերի կողմից եւ մշակվի դրա վերաբերյալ միասնական մոտեցում։ Պարոն Մարգարյանն առաջնային համարեց նաեւ հանրապետությունում վստահության մթնոլորտի ստեղծումը։ Նա արձանագրեց, որ Ղարաբաղի հարցում իշխանությունների նկատմամբ անվստահության մթնոլորտը հաճախ ձեւավորվում է ոչ լուրջ կամ ոչ առանցքային ուժ ներկայացնող կուսակցությունների կողմից։ Թերեւս, հավասարակշռություն ապահովելու համար, պարոն Մարգարյանը ստեղծված անվստահության մթնոլորտի համար մի քիչ էլ մեղադրեց իշխանություններին։ Վերջինս անդրադարձավ նաեւ Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում թույլ տրված մի շարք բացթողումներին, որոնք, նրա տեսանկյունից, «պետք է արագ սրբագրել»։ Հ.Մարգարյանը կարծիք հայտնեց, թե ԼՂՀ իշխանությունները պետք է Ղարաբաղի գերիշխանությունը հաստատեն Ղարաբաղի փաստացի սահմանների վրա։ Ի պատասխան լրագրողներից մեկի այն հարցի, թե ի՞նչ սահմանների մասին է խոսքը, պարոն Մարգարյանն օրինակ բերեց Ղարաբաղի արեւելյան սահմանները, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է ամրագրել. «Այդ առումով սահմանները պետք է ճշտել՝ նկատի ունենալով պատմական իրավունքը, աշխարհագրական ու տնտեսական անվտանգությունը։ Երկրորդ, այն կարգավիճակը, որն ունի Լաչինը, մենք պետք է ընձեռենք նաեւ Ղուբաթլիին ու Զանգելանին, որպեսզի կարողանանք ժամանակը ճիշտ օգտագործել, եւ վերաբնակեցման ծրագիր իրականացնենք»։ Ճիշտ է, պարոն Մարգարյանն անմիջապես էլ նկատեց, թե դա, գուցե, տնտեսական այս անմիխիթար պայմաններում երեւակայական թվա, բայց՝ «կարծում եմ, համազգային ջանքերով դա կարելի է իրականացնել»։ Կարեւորվեց նաեւ Սահմանադրությամբ ամրագրված անվտանգության խորհրդի գոյության անհրաժեշտությունը։ «Որեւէ երկիր պետք է ունենա անվտանգության համապատասխան համակարգ, որն անվտանգության տեսանկյունից բոլոր, այդ թվում՝ նաեւ Ղարաբաղի հարցում, մշակված մոտեցում ունենա»։ Անդրադառնալով այն հարցադրմանը, թե հաշվի առնելով ՀՅԴ-ի դիրքորոշումներն այդ հիմնախնդրի վերաբերյալ եւ իշխանությունների փոխզիջման գնալու ցանկությունները հակասում են միմյանց, ուրեմն այդ դեպքում ինչո՞ւ ՀՅԴ-ն նույն կերպ չի պայքարում այս իշխանությունների դեմ, ինչպես՝ Լ.Տեր-Պետրոսյանի ժամանակ։ «Ինչպես նախորդ իշխանությունների ժամանակ, այնպես էլ հիմա գտնում ենք, որ կարեւորը երկրի կայունությունն է: Դրա խախտման դեպքում դարձյալ Ղարաբաղի հարցում նահանջ ենք ունենալու։ Քաղաքական կայունության պահպանումը հենց Ղարաբաղն ունենալու առումով է անհրաժեշտ»,- ասաց Հ.Մարգարյանը, որին ոչ վաղ անցյալի մասին իր հիշողությունն, անկասկած, դավաճանել էր։ Ուստի ստիպված ենք եւս մեկ անգամ հիշեցնել, որ դեռեւս 91-ից ի վեր, մինչեւ Դաշնակցության կասեցումն ու 98-ի իշխանափոխությունը, նախկին ընդդիմադիր ուժերն ու հատկապես Դաշնակցությունը, նույն Լ.Տեր-Պետրոսյանի դեմ լայնամասշտաբ հանրահավաքներ, երթեր եւ քարոզչություն էին ծավալել՝ նրա վարչախմբին մեղադրելով Ղարաբաղը ծախելու մեջ՝ վայրկյան իսկ չմտածելով, որ նրա գլխավորությամբ պատերազմ վարող եւ, ի վերջո, հաղթանակած երկրում ապակայունացնում են իրավիճակը։ Կարծում ենք, ՀՅԴ-ի ե՛ւ այն ժամանակվա «հանուն Ղարաբաղի» պայքարի, ե՛ւ այսօրվա լռության իրական պատճառը իշխանությունը վերցնելն էր։ Լրագրողներից մեկը նաեւ հարցրեց, թե 93-ից ի վեր տպավորություն է ստեղծվում, թե հայաստանյան իշխանություններն անընդհատ հույս են փայփայում, որ Ադրբեջանը կմերժի ԼՂ կարգավորման առաջարկները։ Եթե Ադրբեջանը մի օր ընդունի մի առաջարկ, որը մեզ ձեռնտու չէ, ՀՅԴ-ն հակազդեցության ի՞նչ ծրագիր ունի։ «Ես կարծում եմ, ազգը ունի։ Եթե այդպիսի բան լինի, ազգը կորոշի, պետությունը կմերժի»,- հավանաբար, յուր կուսակցության ծրագրերը (եթե, իհարկե, կան) չբացահայտելու համար նետեց պարոն Մարգարյանը։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել