Իրանահայ գաղթօջախի առօրյան Այս խորագիրն է կրում Մանուկ Մանուկյանի գիրքը, որը տպագրվել է Քաղաքակրթությունների երկխոսության տարվա եւ Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ։ Հայ-իրանական բարեկամությունը վերջին 10 տարիների ընթացքում նոր երանգներ է ձեռք բերել։ Հանուն այդ բարեկամության՝ Իրանը եւ Իրանի դեսպանատունը Հայաստանում դիվանագիտական, պետական մակարդակի հարաբերություններից բացի, ձեռնարկում են մշակութային լայնածավալ գործունեություն։ Բարեբախտություն է, որ դիվանագետը նաեւ մշակույթի գործիչ է, որպիսին է Իրանի դեսպան Ֆարհադ Քոլեյնին։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հունիսի 7-ին Գրողների միությունում։ Իրանի դեսպան Քոլեյնիի անկեղծ, ոգեշունչ խոսքը առլեցուն էր սիրով ու հարգանքով՝ առ փոքրիկ Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մինչ մեր մտավորականները սիրազեղ խոսքերով «փաստեցին», որ հայկական քաղաքակրթություն չունենք, այլ ունենք ընդամենը հայ մշակույթ եւ վկայակոչեցին Առնոլդ Թոյնբիին, իսկ մի ուրիշն ասաց, որ հայ եկեղեցիների հիմքում զրադաշտական մեհյաններ կան, մոռանալով, որ մեհյանը միայն զրադաշտական չի լինում (իսկ խեղճ Վարդան Մամիկոնյանն ինչո՞ւ էր փղերին դեմ գնում, հարցրե՞լ ես ինքդ քեզ, պրն Էդգարյան), պրն Քոլեյնին իր խոսքում ասաց, որ փոքրաթիվ հայ ազգը տվել ու տալիս է բազմաթիվ գրողներ, նկարիչներ, արարում է արվեստ, ուստի պետք է փնտրել ու գտնել այդ աղբյուրը. «Հայը մեծ աշխարհ ու հոգի ունի, այլապես այսքան նուրբ հոգիներ չէին լինի»։ Նա հայ ժողովրդին նմանեցրեց Հրազդան գետին, որը բխում է մաքրամաքուր ակունքներից, ժայռերին ու քարափներին զարկում իր գլուխը, ճամփա հարթում պատմության ու ժամանակի միջով դեպի հավերժություն։ Նա ասաց՝ դիվանագետները չեն, որ կերտում են ժողովուրդների բարեկամությունը, դիվանագետները կարող են ե՛ւ գալ, ե՛ւ չգալ նման միջոցառումների (ակնարկը վերաբերում էր պրն Խոսրով Հարությունյանին, որին երկար սպասեցին Միության մուտքի մոտ եւ որն այդպես էլ չեկավ), իսկ սերն ու բարեկամությունը արարում են ժողովուրդները եւ այն մարդիկ, ովքեր իրենց մտավոր կապիտալը ի սպաս են դնում այդ բարեկամության ամրապնդմանը։ Մանուկ Մանուկյանը, երկու անգամ այցելելով Իրան, ականատեսն է եղել այն բարգավաճ ու բարվոք կյանքին, որ ունեն հայերն Իրանում։ Իր գրքի 70 էջերում նա մանրամասն նկարագրել է իրանահայ կյանքի բազմաթիվ կողմերը։ Այս գիրքը կարող է դառնալ Իրանով եւ իրանահայությամբ հետաքրքրվողների համար ամփոփ մի ուղեցույց։ Գրքում բերված փաստերը մի քիչ անհատական մոտեցման կնիք են կրում, այնտեղ վիճելի հարցեր կան, որոնց չենք կարող անդրադառնալ այս սեղմ տողերում։ Այդուհանդերձ, ողջունում ենք գրքի հեղինակին, նրա թիկունքին կանգնած Իրանի դեսպանությանը եւ մշակույթի բաժնին։ Հուսով ենք, լուրջ ուսումնասիրությունների համար կստեղծվեն միջոցներ գրելու իրանահայ գաղութի լիարժեք պատմությունը, որի պակասն այնքան զգալի է։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ