Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՍՆՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ

Հունիս 08,2001 00:00

ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՇԽԱՐՀԸ ՍՆՈՒՄ Է ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ Որքան էլ փակ են «Առավոտի» առջեւ ազատազրկվածների տարածքների դռները, մենք, այնուամենայնիվ, ունենք մեր «արտահաստիքային թղթակիցները», որոնց տեղեկատվության անաչառությանը բնավ չենք կասկածում։ Ավելին, դրանք հաստատվում են։ Վերջին մեր հարցը՝ ուղղված դատապարտյալներին, այն էր, թե արդյո՞ք պահպանվում են հին «ավանդույթները», կա՞ն «զոն նայողներ», «ռազբորկաներ», մեր իքս դատապարտյալը (թիվ 1 մեկուսարանից) պատասխանել էր. «Մեզ մոտ բացակայում են «զոն նայող», «օբշչյակ», «գողական ռազբորկա», մոլեխաղ երեւույթները»։ Խաղում են միայն շախմատ եւ դոմինո։ Թիվ 15 ՈՒԱՀ-ից էլ իքս դատապարտյալը մեզ հայտնում է, որ իրենց մոտ ներկայումս գտնվում է մոտ 100 դատապարտյալ, եւ որ 2 ամիս է, ինչ իրենց մոտ են բերվել Իրանի 11 քաղաքացի, որոնց մեջ կան հայեր, քրդեր, պարսիկներ։ «Գոյություն ունի այստեղ, թեկուզ եւ փոքր, բայց մտավոր մակարդակ։ Այստեղ ամեն ինչից՝ սկսած օդից, վերջացրած արեւի շողերով, ներծծված է «միլիցու հոտով»։ Հետաքրքիր մի գրություն էլ ստացել ենք Արթիկի գաղութից. «Այստեղ անասելի շատ են ադմինիստրացիայի գործակալները։ Դատապարտյալ ընկերներիցս մեկն ինձ մի անգամ զգուշացրեց՝ եթե առավոտյան զարթնես եւ հսկիչը քեզ կանչի ու քո տեսած երազը պատմի՝ չզարմանաս։ Կարճ ասած՝ յուրաքանչյուր չեզոք դատապարտյալ հսկվում է առնվազն երկու հսկիչների եւ երկու «ստվերային» հսկիչի կողմից»։ Դատապարտյալներից մեկը ուշադրություն էր հրավիրել հաստիքների ուռճացված լինելու հանգամանքի վրա։ «Այս 5 տարվա ընթացքում ես ավելի քան համոզվել եմ՝ հանցագործ աշխարհը եւ այնտեղ առկա բացարձակապես ամեն ինչը գոյատեւում է իշխանության համաձայնությամբ, եթե չասենք՝ ստեղծվում է նրա կողմից, առանց ՆԳ, ԱԱ նախարարությունների, ադմինիստրացիայի հովանավորությամբ (լեգալ թե անլեգալ՝ այլ հարց է) հանցագործ աշխարհը դատապարտված է։ Այսօր այդ աշխարհը սնում է նաեւ իշխանավորներին եւ սնվում նրանց հովանավորությամբ»։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել