ՌԵԿՏՈՐԸ ՄԱՐԴԱՍՊԱ՞Ն Գործընկերությունը սկսվել էր դեռեւս 1998 թվից։ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Զավեն Սարգսյանը իր աշխատակցուհի Գոհար Վերանյանի հետ բազմաթիվ ու տարաբնույթ գործարքներ էր կատարել։ Եվ կարծես թե ամեն ինչ հարթ էր ընթացել մինչեւ այն պահը, երբ, չգիտես, արտասահմանյան ֆիլմերի ազդեցությունը, թե մի ուրիշ պատճառ, ստիպել է Գոհարին իր հավաքած ինֆորմացիան «վաճառել» բարեկամին՝ ընդամենը 10.000 դոլարով։ Պատկերացնել կարելի է, թե ինչ է զգացել իրեն ամենակարող համարող ռեկտորը, երբ ենթարկվել է շանտաժի հենց իր գործընկերուհուց։ Ինչեւէ, համաձայնությունը կայացել է, եւ որոշել են հանդիպել Աբովյանում, փոխանակությունը կատարել, հանգիստ-բարեկամական մթնոլորտում լուծել բոլոր հարցերը։ Այս ամենը տեղի է ունեցել ս/թ մայիսի 23-ին, իսկ արդեն 28-ին հաղորդվել է, որ Շահումյան գյուղի տարածքում գտնվող ջրատարում գտնվել է մարմնին սուր-կտրող գործիքից ստացած վնասվածքների հետքերով անհայտ կնոջ դիակ։ Սրան զուգահեռ, Էրեբունու ՆԳԲ ահազանգ է ստացվել Գոհար Վերանյանի անհետանալու մասին։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, օրենքի սահմաններում։ Դատախազության, Արարատի ՄՆԳՎ եւ Էրեբունու ՆԳԲ աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Զավեն Վաչագանի Սարգսյանը (ծնվ. 1946թ.) իր վարորդի՝ Մանասեր Սամվելյանի (ծնվ. 1977թ.) հետ Նորք տանող ճանապարհին, Դավիթ Բեկի պողոտայում, «06» մակնիշի մեքենայի մեջ սպանել են (դանակով ու քարով) Գոհար Սուրենի Վերանյանին (ծնվ. 1966թ.), այնուհետեւ տեղափոխել Արտաշատ, քար կապելով մարմնից՝ նետել են ջրատարը։ Մեքենան մաքրելով արյան հետքերից, նստելատեղերը հանել ու այրել են, ապա մեքենան 200 դոլարով վաճառել։ Սակայն նրանց չի հաջողվել ամբողջովին մաքրել արյունը. այն ցողված է եղել նաեւ մեքենայի առաստաղին, որն էլ հանդիսացել է բացահայտված հանցագործության ապացույցներից մեկը։ Սեփ. լր.