Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱՅԵՑԻՆ, ԽՈՍԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՊԱՏԿԵՐԱՑՐԻՆ

Հունիս 08,2001 00:00

ՆԱՅԵՑԻՆ, ԽՈՍԵՑԻՆ, ԲԱՅՑ ՉՊԱՏԿԵՐԱՑՐԻՆ Բազմազավակների «Շիրազ» բարեգործական միությանը պատկանող Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող վիճելի տարածքի մասին ավելի ճիշտ պատկերացում կազմելու համար քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճռաբեկ դատարանի դատավորները օրերս տարածքում պետք է տեղազննում կատարեին։ «Շիրազ» միության նախագահ Վիգեն Ղազարյանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ դատավորները այս անգամ եւս լավ չպատկերացրին խնդրի էությունը. «Նայեցին, դիտեցին, խոսեցին, թվաց թե հասկացան, բայց ինչպես առաջին ատյանի դատարանը (Մալաթիա-Սեբաստիա), այնպես էլ վերաքննիչ դատարանը՝ ճիշտ չպատկերացրեցի հարցի էությունը»։ Հիշեցնենք, որ «Շիրազ» բարեգործական միությանը պատկանող 320 քմ տարածքից մի հատված՝ 191 քմ պահանջվում էր հատկացնել Շահումյանի ԶԱԳՍ-ին։ Սակայն պրն Ղազարյանը պնդում է, որ այդ 191 քմ տարածքը ոչ թե իրենց զբաղեցրած 320 քմ տարածքից պետք է վերցնեին (որտեղ բազմաթիվ շինարարական աշխատանքներ է կատարում միությունը), այլ ազատ մնացած հատվածից։ Ըստ Վ. Ղազարյանի, այդ մասին կա նաեւ թաղապետարանի որոշումը, որի մեջ գրված է՝ ԶԱԳՍ-ին հատկացնել ազատ մնացած 191 քմ, որի առաջ, սակայն, դատավորները աչք են փակում։ «Եթե վճռաբեկ դատարանը չկարողանա արդար որոշում կայացնել, եթե չվերացնի տարածքի հետ կապված բոլոր թերությունները, ապա մենք՝ բազմազավակներս, պատրաստ ենք մեծ նստացույց անել, իսկ արդյունք չստանալու դեպքում՝ լքել Հայաստանը»,- տեղեկացրեց պրն Ղազարյանը։ Ըստ պրն Ղազարյանի, հունիսի 1-ին տեղի ունեցած ցույցի օրը իրենք հրաժարվել են բանակցություն վարել կառավարության անդամների հետ, որովհետեւ համոզված են եղել, որ, ինչպես միշտ, այս անգամ եւս փափուկ բարձ դնելով միայն պետք է հանգստացնեն բորբոքված կրքերը։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել