ԽԱԿ ՍԵՐՍ ԵՎ ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԸ Բոլորովին էլ զարմանալի չէ, որ ֆուտբոլը՝ սկզբում իր տեղական խոհանոցային կրքերով, ապա նաեւ իբրեւ երեւույթ կրկին հայտնվեց հասարակության ուշադրության կենտրոնում։ Վերջին 1,5 ամսվա ընթացքում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ֆուտբոլային երեքից ավելի խաղեր տեղի ունեցան եւ մեկ՝ Ավարայրի թեմայով միջոցառում։ Վերջին խաղը՝ Հայաստան-Լեհաստան, ամենաուշագրավը դարձավ։ Չնայած այն բանին, որ Խոսրով Մելիքիչն իր կոմունիստական շնչով կառուցած Ավարայրի թեմայով միջոցառման նախապատրաստական աշխատանքներով մարզադաշտի խոտը որոշակիորեն, հատվածաբար, դեղնեցրել-փչացրել էր, սակայն մեր մարզադաշտն իսկապես գեղեցիկ էր։ Լեհաստանի մարզադաշտը երբեք այդքան սիրուն չի եղել, որքան էլ Ադամ անունով լեհ հաղորդավարը նախորդ օրը կայացած վետերանների խաղի ժամանակ զվարճախառն «փնթփնթացել» էր, թե իրենց մարզադաշտն էլ էր սիրուն, քանի դեռ հայերն այն տոնավաճառի չվերածեցին։ Ամրագրենք, որ լեհերի մարզադաշտն իրենք՝ լեհերը եւ չինացիներն են, առաջին հերթին, «յարմարկայի» վերածել, բացի այդ, իբրեւ առեւտրականներ լեհերը համայն աշխարհին ավելի հայտնի են։ Այլ խնդիր է, որ հայ հաղորդավարը վերն ասվածի համար պատասխան չի ունեցել։ Հայաստան-Լեհաստան խաղի կապակցությամբ շատ տեղին արժե հիշատակել, որ Անգլիայի թագավորներից մեկը ժամանակին ֆուտբոլն արգելել էր՝ որակելով որպես հերետիկոսություն, որ քրիստոնյա երկիր են եւ ազարտային՝ գրազով խաղերին տեղ չպետք է տրվի։ Սա՝ պատմությունը, հատկապես ֆուտբոլի այս խաղի բելգիացի մրցավարի կապակցությամբ է հիշատակվում եւ նվիրվում նրա ծննդյան օրվան։ Տարօրինակ չէ արդյոք, որ այս օրերին, երբ ՀՀ նախագահն իր շքախմբով գտնվում է Բելգիայում, ուր նաեւ հանդիպում պետք է ունենա Բելգիայի թագավորի հետ, իսկ բելգիացի մրցավար Էրիկ Ռոմանը, չնայած եւ այլք (բելգիացի մրցավարներ) միջպետական հարաբերություններին «կռիսություններ» արեց հայ ֆուտբոլիստների նկատմամբ։ Ռոմանն առանց խղճի խայթ զգալու երեք կարմիր քարտ ցույց տվեց մեր ֆուտբոլիստներին ու «մի վախտ»՝ դեղին։ Բոլորին հասավ, բացի մի քանի երկրպագուներից։ Ասում են, որ խաղից հետո Ռոման մրցավարին մի քիչ ծեծել են տեղացիները։ Բնականաբար։ Եվ ընդհանրապես ամբողջ խաղը ջարդի էր նման, միայն թե կրկին անգամ ափսոսում էինք, թե ինչու հայերը երկարոտն չեն։ Ու կրկին հայ հանդիսատեսը սիրեց ֆուտբոլը՝ հանձինս մեր «Դինամո» ստադիոնի, որի մասին այդքան պատմում էր ու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Աբրահամյանը։ Ի դեպ, պատահական չէ, որ ամեն մի հայի ու անգամ ոչ հայի (հայ ասֆալտին ոտք դրած ցանկացած հոմոսափիենսի) տանում-ցուցադրում է մեր սիրունին՝ մարզադաշտը։ Իսկ Խոսրով Մելիքիչի հեչ պետքն էլ չի, որ մարզադաշտի խոտը դեղնեցրեց՝ բեմական հին հագուստներով ու հայ պարմանիներին աջ-ձախ քայլեցնելով՝ իբր Ավարայր նշեց։ Խոսրով Մելիքիչին այժմ միայն տուրիստների գլխաքանակն է հետաքրքրում ու քրիստոնեության 1700-ամյակին նվիրված զիզի-բիզի միջոցառումների «լոգոյի» (կամ խորհրդանշանի) ձեռնտու գնով ու հարմար տեղում տեղադրելը։ Այո, եւ այդպես տարվա վերջում կստացվի, թե որքան շատ միջոցառումներ է կազմակերպել Խոսրով Մելիքիչը։ Եվ ազգովի կխնդրենք, որ նա այդ ծանր քաշային աշխատանքից հետո խնայի իր առողջությունը ու մի տեղ՝ թեկուզ Հավայան կղզիներում, հանգստանա։ Ֆուտբոլի նկատմամբ խակ կամ մատղաշ սերը մի կողմ. այժմ որպես հայորդու անկեղծորեն ֆուտբոլային այս կրքերը այլ պրիզմայով են հետաքրքրում։ Հայաստան-Բելառուս եւ Հայաստան-Լեհաստան խաղերին մասնակցելու եկած օտարազգի ֆուտբոլիստներն ու ֆուտբոլասերները նույնպե՞ս քրիստոնեության 1700-ամյակի միջոցառումներին գալիք 250 հազար տուրիստների գլխաքանակի հաշվում են։ Օրինակ, որքան հայտնի է Հայաստան-Լեհաստան խաղին մոտ 400 լեհեր էին եկել Հայաստան։ Այս թիվը մեկ այլ թվի նկատմամբ էլ է հույս ներշնչում։ Այն, որ այս տուրիստների՝ Հայաստան գալով 40 հազար աշխատատեղի հարց էլ է կողքից փոքր-ինչ լուծվում։ Առաջխաղացում, փաստորեն, կա։ Իհարկե, մեր տղաներն իսկապես լավ խաղացին. Լեհաստան-Հայաստան խաղի 4։0 պարտությունից հետո ոչ-ոքի ջախջախիչ-ոտնակոխ հաղթանակ ունեցան՝ 1։1 հաշվով (չհաշված «կռիսությունը» ու դաշտի դեղնությունը)։ Ու թեեւ «Արարատ-73»-ն էր, որ հերքեց շատերի տատերի՝ ֆուտբոլի մասին դիպուկ բնութագրումը, թե՝ 10 մեծ մարդիկ գնդակն էս կողմից էն կողմն են քաշքշում։ Այդ է պատճառը, որ թեեւ Հայաստանի Ազգային հավաքականն էր խաղում, բայց հայ հանդիսատեսը եռագույնը ծածանելով գոչում էր՝ «Արարատ» հուպ տո՛ւր»։ Եթե Նյուտոնն ականատես լիներ այս երեւույթին (որ ժողովուրդը գոչում էր «Արարատ», հուպ տո՛ւր»), կհորիներ իր հերթական օրենքն ավանդույթի ուժի մասին. «Ավանդույթի ուժի ազդեցությունը հավասար է դրա հակազդեցությանը»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ