Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարծես մեկ անգամ եւս ապացուցելու համար ուրբաթի՝ շաբաթից շուտ գալու անխուսափելիությունը, երեկ, երբ «Ջ

Հունիս 08,2001 00:00

«Ջակուզիներ», «կամիկաձեներ»… Կարծես մեկ անգամ եւս ապացուցելու համար ուրբաթի՝ շաբաթից շուտ գալու անխուսափելիությունը, երեկ, երբ «Ջրաշխարհի» ղեկավարները հայտնել էին 2001թ. սեզոնի բացման մասին՝ հանկարծակի եղանակը վատացավ։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ. ամառը կրկին մտավ իր իրավունքների մեջ, ու այսօր «Ջրաշխարհը» պաշտոնապես կբացի նոր սեզոնը։ Մինչ այդ, նորամուծությունների եւ սեզոնի բացումն ավետելու համար տնօրինությունը ասուլիս էր հրավիրել։ Նրանք կրկին անգամ հիշեցրին, որ ջրայգում օգտագործվում է արտեզյան ջուր, որն, ի դեպ, հենց «Վալենսիան» է հորատել։ Եվ, ուրեմն, մասնակիցների ենթադրությունը, թե նախորդ ամառ իրենց խմելու ջրի սակավությունը պայմանավորված էր «Ջրաշխարհի» գործունեությամբ, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Ջուրը ավազանների մեջ լցվում է մեկ անգամ՝ սեզոնի սկզբին եւ մնում մինչեւ այգու փակվելը՝ գրեթե 4 ամիս։ Փոխարենը՝ հատուկ ֆիլտրացիոն սարքավորումներով 4 ժամը մեկ մաքրվում եւ համապատասխանեցվում է չափանիշներին։ Օրվա ընթացքում 3 մլն լիտր ընդհանուր ծավալով ջրից պակասում է 2%-ը, որը վերականգնվում է։ Ջրայգում աշխատում է 780 մարդ։ «Ջրաշխարհի» ղեկավարությունն անհեթեթություն համարեց նախորդ տարի տարածված լուրերը՝ այգում հանգստացող երեխայի մահվան մասին. «Այո, եղել են թեթեւ պատահարներ, բայց դրա համար էլ մեզ մոտ միշտ պատրաստ կանգնած է անվտանգության ծառայությունը, այնպես որ, որեւէ լուրջ միջադեպը բացառվում է»։ Նրանց պնդումներով, ցանկացած պատահար բացառված է, եթե հյուրերը պահպանեն անվտանգության կանոնները, որ փակցված են ամեն քայլափոխի։ Ըստ երեւույթին, Խոսրով Հարությունյանի ֆանտաստիկ տեսիլները՝ 300 հազար տուրիստների մասին, ազդել էր «Ջրաշխարհի» ղեկավարության երեւակայության վրա, ու նրանք ակնկալվող մեծաքանակ զբոսաշրջիկներին արժանվույնս ընդունելու համար սկսել են նոր հյուրանոցային համալիրի շինարարությունը։ Հուլիսի կեսերին կբացվի 58 կոկիկ քոթեջներից բաղկացած համալիրը։ Հյուրանոցում բնակվողները «Ջրաշխարհի» հաճույքները կվայելեն անվճար, այն դեպքում, երբ մյուս, սովորական այցելուները զգալիորեն պիտի թեթեւացնեն իրենց քսակները՝ մեկ օր զբոսայգում իրենց կամիկաձե զգալու, ջակուզիում թուլանալու եւ հաճույք ստանալու եւ «Սեւ խոռոչում» սրտաճաք լինելու համար։ 4 հոգանոց ընտանիքը հանգստյան օրը ջրայգում անցկացնելու համար պետք է կուտակի 16800 դրամ, չհաշված՝ սննդի, զովացուցիչ ըմպելիքների եւ այլ՝ չնախատեսված ծախսերի համար պահանջվող գումարները, ընդհուպ՝ այգու կուբացի շեֆ-խոհարարի համեղ խորտիկները ճաշակելու համար նախատեսված գումարը։ Աշխատանքային օրերին այգու տոմսն ավելի էժան է, իսկ խմբով այցելողներին տրվում է զեղչի հնարավորություն։ Բացի հյուրանոցային համալիրից, այս տարի կբացվի թոնրատունը, որտեղ, բաց երկնքի տակ, հայկական տարազով աղջիկները հաց կթխեն, իսկ տղաները խորոված կպատրաստեն։ Դրանով «Նոյի աշխարհից մինչեւ «Ջրաշխարհ» կարգախոսն ընդունած զբոսայգին տուրք կտա ամեն ինչը 1700-ամյակի տոնակատարության հետ կապելու համազգային վիրուսին։ Կբացվեն նոր ատրակցիոններ, այդ թվում՝ մեխանիկական ցլով ցլամարտ։ Մի խոսքով, որքան էլ փորձենք հեռու մնալ «Ջրաշխարհը» գովազդելուց, պիտի խոստովանենք, որ շատ կարճ ժամանակում «Ջրաշխարհը»՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով, դարձավ արեւաշատ ու սակավաջուր Երեւանի ամենագրավիչ զվարճավայրերից մեկը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել