ԱԱ աշխատակիցները «զրուցում» են հոդվածից հետո «Առավոտին» դիմող բազմաթիվ քաղաքացիների մտահոգում է վերադաս մարմիններ ուղղված իրենց դիմում-բողոքների ուսումնասիրման եւ քննարկման գործող կարգը, պատասխանատվության հարցը նրանց նկատմամբ, ովքեր քաղաքացու դիմում-բողոքները հրաժարվում են գրանցել եւ կամ չեն իրազեկում հասցեատիրոջը։ «Առավոտում» գրված (18.06. 2000) «Բողոքիս 5 տարին» հոդվածում բարձրացրել էի 6 հարց, որն ուղղված էր Կոտայքի մարզի դատախազին, որը պիտի պատասխաներ ՀՀ գլխավոր դատախազության կողմից 22.09.2000թ. թիվ 8-1040-96 եւ 13.10.2000թ. թիվ 8-1040-96 իմ նամակներին։ Պատասխան ստացա 26.04. 2001թ. մոտ 7 ամիս ուշացումով։ Պատասխանը խուսափողական էր եւ հարցերի մեծ մասն անպատասխան։ 1-ին հարց- Ընդունո՞ւմ եք, որ ինչպես Դուք, այնպես էլ հանրապետության դատախազության աշխատող Հ. Մարգարյանը անցել եք Ձեր պաշտոնեական լիազորությունների սահմանը, խախտելով Սահմանադրության 5-րդ հոդվածը եւ կազմել եք ակտ՝ սեփականաշնորհված հողերը հետ վերցնելու վերաբերյալ։ Պատասխանում դատախազ Սարգսյանը պատճառաբանում է, որ իմ ընտանիքը օրենքի խախտումով է հող ստացել. այդ դեպքում ինչո՞ւ օրենք խախտողները չեն պատժվել, կամ ինչո՞ւ համարձակություն չեք ունեցել գործն ուղարկել դատարան։ Պատասխանում եմ՝ մեր ընտանիքը եղել է բռնադատված (վկայական թիվ 1468), 25 տարի աշխատել եմ իմ ծննդավայրում, որպես մանկավարժ, աշխատել եմ ժողկրթության բաժնում 30 տարի, ապրել եմ գյուղում, իմ սեփական բնակարանում։ Ի՞նչ օրենքի խախտման մասին է խոսքը։ 2-րդ հարց- Կոտայքի մարզի 10.05.2000թ. 1-ին ատյանի դատարանի վճռով մենք սեփականաշնորհված հողը ստացել ենք երկրորդ հերթին։ Իմ հարցն է՝ Ձեր կազմած ակտը հակասո՞ւմ է դատարանի վճռին։ Այդ երկուսից ո՞րն է ճիշտ. Դուք խուսափել եք այս հարցին պատասխանել՝ ինչո՞ւ։ 3-րդ հարց- Իմ որդիներ Հուսիկ եւ Նորիկ Բարեղամյանները 1992թ., համաձայն հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի, ստացել են 2-ական հողաբաժին, այդ փաստը ապացուցվում է 1992թ. գյուղապետի կողմից տրված հողերի սեփականաշնորհման ժամանակավոր վկայականով եւ Աբովյանի 1.05.98թ. դատարանի վճռով։ Իրար հակասող այս երկու փաստաթղթերից ո՞րն է ճիշտ։ Դարձյալ խուսափել եք պատասխանել, ինչո՞ւ։ 4-րդ հարց- Խոսքը ստվերային վարելահողերի մասին է, որն ապացուցվում է սեփականաշնորհման թիվ 5 արձանագրությամբ, նախկին մարզպետ Ս. Ստեփանյանի՝ կառավարությանը գրած պատասխանով եւ անշարժ գույքի կադաստրի քարտեզագրման փաստաթղթերի հակասությունների միջոցով։ Այսպես, օրինակ, ըստ մարզպետի, սեփականաշնորհվել է 1204 հա վարելահող եւ 335 հա խոտհարք։ Ըստ քարտեզագրման, սեփականաշնորհվել է 809,5 հա վարելահող եւ 905,7 հա խոտհարք։ Այս հարցը եւս շրջանցել եք՝ ինչո՞ւ։ 5-րդ հարց- 650 հա ջրովի հողատարածք անջրդի է դարձել ոռոգման խողովակները քանդել-վաճառելու պատճառով, թալանվել են մարդկանց եւ անասունների խմելու ջրի պոմպն ու շարժիչները, եւ այդ թալանը օրինականացվել է գյուղի ավագանիների որոշմամբ եւ դուք դրա հետ համաձայնել եք՝ նշելով տեղական ինքնակառավարման օրենքի համապատասխան հոդվածը, թողել եք անհայտ, թե ում է վաճառվել այդ խողովակները եւ հավատացրել եք, որ ավագանիները կարող էին այդ անել։ 6-րդ հարց- Կոտայքի մարզի նախկին դատարանի նախագահը (ներկայիս վերաքննիչ դատարանի նախագահ) մտացածին փոխել է իմ քաղհայցի բովանդակությունը։ Ես գրել եմ, որ իմ որդիները 1992թ. 2-ական հողաբաժին սեփականաշնորհված հող են ստացել, հիմա դարձել է 1-ական, իսկ դատավորը վճռում գրել է, որ իբր իմ որդիները 1992թ. ստացել են 1-ական հողաբաժին եւ ես պահանջում եմ, որ տրվի 2-ական հողաբաժին։ Ես նման ղալաթ չեմ արել։ Դատավորը իրավական ուժ է տվել այն փաստաթղթին, որը չի բխում օրենքից, կոպիտ խախտելով Սահմանադրության 6-րդ հոդվածի օրենքի գերակայությունը։ 650 հա ջրովի տարածք անջրդի դարձնելը աղետ է։ Ես ոռոգման խողովակների մի մասը փրկել եմ քանդելուց, ինչի պատճառով պատժվել եմ։ Ինձ՝ պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամիս, պատերազմի մասնակիցների ցուցակից հանել են։ «Առավոտում» գրված «Կաշառակերությունը կուլ է տալիս» (7.04.2001թ.) հոդվածի կապակցությամբ ազգային անվտանգության երկու երիտասարդներ «բարձր կուլտուրայով» ինձ հետ զրուցեցին։ Նույնպիսի զրույց տեղի ունեցավ նախագահի աշխատակազմում՝ նամակների բաժնի վարիչի հետ։ ԲԱԲԿԵՆ ԲԱՐԵՂԱՄՅԱՆ Լեռնանիստ գյուղի բնակիչ