Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կասկածելի վարկ ունեցող բիզնեսմեն Շեւյովը (Վ. Գասպարյանը) դարձել է սեփականաշնորհվող իտահետազոտական ին

Հունիս 08,2001 00:00

«ԿՈՒՐՈՐՏԱՅԻՆ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կասկածելի վարկ ունեցող բիզնեսմեն Շեւյովը (Վ. Գասպարյանը) դարձել է սեփականաշնորհվող իտահետազոտական ինստիտուտի կոմերցիոն տնօրեն «Առավոտը» բազմիցս անդրադարձել է «Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության» գիտահետազոտական ինստիտուտի շուրջ ծավալվող գործընթացներին։ Հիշեցնենք, որ օգտվելով առողջապահության համակարգում ընթացող օպտիմալացումից, փորձ է արվում ինստիտուտը վաճառել՝ շրջանցելով նույն այդ օպտիմալացման սկզբունքները։ Մեր նախորդ հրապարակումներում նշել էինք, որ այդ «շրջանցումն» իրականացվում է պետական գույքի կառավարման նախարարության, մասնավորապես նախարար Դավիթ Վարդանյանի ձեռքով։ Ենթադրություն էինք արել, թե այդ շենքով (շեշտում ենք՝ շենքով եւ ոչ թե ինստիտուտով) հետաքրքրված են ղարաբաղյան ծագման անձինք, եւ հենց վերջիններիս համար է ջանում Դ. Վարդանյանը։ Վերջիններից, որպես ամենահավանական թեկնածու, շրջանառվում էր Վլադիմիր Գասպարյանի (Շեւյով) անունը։ Մեզ հասած տեղեկություններով, Վլ. Գասպարյանը մի քանի ամիս է՝ անդամագրվել է վերոնշյալ ինստիտուտի կոլեկտիվին։ Այն կոլեկտիվին, որն այժմ պայքարում է բուժհիմնարկի՝ նման ձեւով սեփականաշնորհման դեմ։ Իհարկե, չենք կարծում, թե պրն Գասպարյանն անդամագրվել է նաեւ կոլեկտիվի պայքարին։ Ամենահավանականը թվում է այն ենթադրությունը, որ ներսում գտնվելով եւ տեղյակ լինելով անցուդարձին, նա շատ ավելի հեշտությամբ կարող է հակաքայլերի դիմել կամ կանխել հնարավոր քայլերը։ Պրն Գասպարյանի՝ ինստիտուտի կոմերցիոն տնօրեն լինելու փաստը հաստատեց տնօրեն Յուրի Թունյանը։ Մի քանի ամիս է, ինչ տրվել է վերջինիս հրամանը այդ մասին։ Մեր տեղեկությունների համաձայն, նման դեպքում անհրաժեշտ էր համապատասխան նախարարի հրամանը։ Թեեւ այս դեպքում հայտնի չէ, թե ով է համապատասխան նախարարը. բուժական հաստատությունն այժմ պետական գույքի կառավարման նախարարության ենթակայությանն է, քանի որ գտնվում է սեփականաշնորհման գործընթացում (որի օրինական լինելը դեռեւս ապացուցման կարիք ունի)։ Այլ հարց է նաեւ, թե ինչքանով է նպատակահարմար մասնավորեցման եզրին կանգնած հիմնարկի կոլեկտիվը համալրել կոմերցիոն տնօրենով. չէ՞ որ ապագա սեփականատերը կարող է հակառակ կարծիքն ունենալ։ Թերեւս Վ. Գասպարյանն իրեն ապահովագրված է զգում վերջին հանգամանքից։ Պրն Թունյանը տեղեկացրեց, որ ինստիտուտը փակ բաժնետիրական ընկերություն է եւ կոմերցիոն տնօրեն նշանակելու իրավունք ինքն ունի։ Մենք հարկ համարեցինք Յուրի Թունյանին ուղղել նաեւ ոչ կոռեկտ մի հարց՝ պարտադրվե՞լ է արդյոք նրան այս նշանակումը։ Պրն Թունյանն ասաց, որ չի պարտադրվել, դա ի՛ր որոշումն է եղել։ Պրն Թունյանը պատասխանեց նաեւ հարցին, թե ինչպես է նա կանգ առել այդ թեկնածության վրա եւ ինչ չափանիշներով է առաջնորդվել նշանակելիս։ Վ. Գասպարյանն ինքն է գնացել ինստիտուտ եւ առաջարկել իր ծառայությունները։ Տնօրենն էլ ընդունել է դրանք, քանի որ Վ. Գասպարյանը աշխատանքի նոր տեխնոլոգիաներ է առաջարկել, կոմպյուտերային նոր ծրագրեր։ Պրն Թունյանը հայտնեց, որ ինստիտուտում արդեն ներդրվել է նրա առաջարկած մագնիսա-ռեզոնանսային թերապիան։ Այսինքն, Վ. Գասպարյանի հետ իրականացվում է համատեղ ձեռնարկատիրություն։ Մեզ իրավունք վերապահենք լավատեսորեն կարծելու, որ Վ. Գասպարյանի մասնակցությունը ԳՀԻ-ի աշխատանքներին երաշխիք կլինի, որ եթե նույնիսկ ինստիտուտը մասնավորեցվի, ապա գոնե չի կորցնի իր գիտաբժշկական նշանակությունը։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ամիսներ առաջ «Առավոտի» հրապարակումն այն մասին, թե Վ. Գասպարյանը գնել է կուրորտաբանության ինստիտուտը, հաջորդ իսկ օրը հերքման արժանացավ։ Իսկ «Ռիա-նովոստիի», «Նեզավիսիմայա գազետայի», «Կրիմսկայա պրավդայի» հրապարակումներն այն մասին, որ նախկինում Շեւյով, այժմ հոր ազգանունով՝ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, այդպես էլ, չգիտես ինչու, համառորեն հերքող չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել