Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐԻ» ԿՅԱՆՔԻՑ

Հունիս 08,2001 00:00

«ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐԻ» ԿՅԱՆՔԻՑ «Այդ ուղտը ձեր դռա՞նն էլ չոքեց»,- գործընկերուհուս մի հրապարակման վերնագիրն էի ակամա հիշում՝ կարդալով եւ լսելով այն լրատվամիջոցների զայրացկոտ բուռն արձագանքները, որոնց ՀԺԿ-ն չէր հրավիրել իր համագումարին։ Նրանց ընդամենը չէին հրավիրել։ Բայց չէին արգելել ներկա գտնվել ՀԺԿ համագումարին եւ իրականացնել մարդկանց լրատվություն փոխանցելու իրենց գործառույթը։ Վերջինս իրականացնելու գործառույթից արդեն շուրջ երկու տարի է, ինչ զրկված են «Առավոտ», «Հայկական ժամանակ» եւ ոչ իշխանամետ այլ թերթեր, երբ խոսքը նախագահի կամ վարչապետի այցերի մասին է։ Մեզ ոչ թե չեն հրավիրում, այլ արգելում են անգամ ներկա գտնվել ջրմուղի մի խողովակի բացման արարողությանը, եթե դրան մասնակցելու է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ո՜ւր է թե այս ամենը սահմանափակվեր միայն այցելություններով (Հայաստանի երկու նախագահների գործելակերպից պարզ դարձավ, որ հատկապես արտասահմանյան իրենց ուղեւորությունները լուսաբանելը մի առանձնաշնորհ է, որ տրվում է միայն յուրային լրագրողներին)։ … Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը խոստացել է «Հայկական ժամանակի» մի թղթակցի աչքերը հանել, եթե նա համարձակվի իրեն լուսանկարել։ … «Չորրորդ իշխանություն» թերթի հրատարակչին ստուգում են, «Հայկական ժամանակին», որը 1 մլն-ից ավելի հարկ է վճարել 2000 թ.՝ սպառնում են ստուգել։ Մինչդեռ շատ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ իշխանամետ թերթերից մեկը ողջ անցած տարվա ընթացքում դրա կեսն էլ չի վճարել, բայց այդ թերթի դուռը որեւէ հարկահան չի ծեծում։ … Արդեն սովորական է դարձել ընդդիմադիր մամուլի լրագրողների անձնական կյանքի մանրամասների հրապարակումը՝ ում հետ են հանդիպում, ուր են գնում եւ այլն։ Տպավորությունն այն է, թե վարկաբեկիչ տվյալների փնտրտուքի նպատակով քեզ մշտական հսկողության ներքո են պահում։ Այս եւ չթվարկված այլ փաստերի պարագայում միայն դառը քմծիծաղ են առաջացնում այն բողոքները, թե խտրական վերաբերմունքի դրսեւորում էր ՀԺԿ-ի համագումարին չհրավիրելը։ Թեեւ, իհարկե, չհրավիրելը սխալ էր։ Այնուամենայնիվ, լայնախոհությունը դեռ ոչ մեկին չի խանգարել։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930