Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին եւս, ինչպես թուրքահպատակի որդի Օստապ Բենդերին

Հունիս 08,2001 00:00

Ո՞վ է գլխավոր դիրիժորը ՀՀ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին եւս, ինչպես թուրքահպատակի որդի Օստապ Բենդերին, ճնշում է սովորական 760 մմ սնդիկի սյունը։ Պարոն Վարդանյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին, որ վերաբերում էր որոշ օբյեկտների մասնավորեցման հետ կապված հնարավոր ճնշումներին, հենց այդպես պատասխանեց։ Թեպետ նախարարը խուսափեց հարցին ոչ թե գեղարվեստական, այլ՝ իրատեսական պատասխան տալուց, բայց մենք շարունակում ենք ենթադրել, որ վերջին շրջանում, «Արարատցեմենտի» եւ «Մարսի» մասնավորեցման հետ կապված, պետական գույքի նախարարը լուրջ գլխացավեր է ունենալու։ Ուզես թե չուզես, վերոհիշյալ գործընթացներում քաղաքականությունն անպայման քիթը խոթելու է, եւ հաղթելու է նա, ով օժտված է համապատասխան լծակներով։ Ըստ էության, «Արարատցեմենտի» պարագայում շարժումն արդեն սկսված է։ Մամուլը գրեց, որ օրերս շվեյցարական «Հոլսիմ գրուպ» ընկերության ներկայացուցիչները նախարար Դավիթ Վարդանյանի ուղեկցությամբ այցելել են «Արարատցեմենտ» գործարան, եւ գործարանի աշխատողները թույլ չեն տվել, որ հյուրերը ներս մտնեն։ Իսկ հաջորդ օրը Արարատի ՆԳ բաժանմունքում հարցաքննվել են շուրջ 20 աշխատողները։ Հարցաքննության նպատակը եղել է նախաձեռնողին հայտնաբերելը։ Ակամա հիշվում է հայտնի ցախավելի պատմությունը։ Որեւէ ուժ առանձին-առանձին կոտրելու հեշտության մասին երեկ չէ, որ հայտնի դարձավ։ Գույքի կառավարման նախարարը երեկ հիշեց, որ եթե մտադրություն կա որեւէ ձեռնարկություն մասնավորեցնել 613 որոշմամբ, ապա բաց հրապարակային է կատարվում այդ գործողությունը։ Արձագանքողները, եթե ցանկություն են հայտնում այցելել տվյալ ձեռնարկություն, ապա կարող են այցելել։ Մեզանում սովորություն է դարձել հայտարարել, թե մասնավորեցման դեպքում հակվածություն կա նախապատվությունը տալ տեղի ներդրողին, կոլեկտիվին, բայց որոշ ձեռնարկությունների պարագայում արվում է հակառակը։ «Արարատցեմենտը» սովորական ձեռնարկություն չէ այն իմաստով, որ տնօրենը Վազգեն Սարգսյանի եղբայրն է, ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, նաեւ՝ երկրի նախկին վարչապետը։ Նախարար Դավիթ Վարդանյանն ասաց, թե «Մեր սկզբունքի մեջ է կոլեկտիվին ողջամտության սահմաններում գնալ ընդառաջ։ Եթե, ընդհանրապես, մեկ հայտ է լինում եւ նորմալ է լինում, մենք բավարարում ենք։ Եթե մի քանի հայտեր են լինում, մենք միշտ աշխատում ենք կոլեկտիվի շահերը ողջամտորեն հաշվի առնել։ Անպայման չէ ամբողջ գործարանը կոլեկտիվին տալ։ Դա կարող է լինել մասնակի, կարող է լինել այլ տիպի»։ Ըստ երեւույթին, նախարարի վերջին միտքը խիստ բազմանշանակ կարող է դիտվել. ինչո՞ւ բացառել, որ ե՛ւ «Արարատցեմենտի», ե՛ւ «Մարսի» պարագայում կոլեկտիվները հնարավորություն կունենան մասնավորեցնել ձեռնարկությունների մասը միայն։ Եվ սա եւս այն դեպքում, եթե հայտնի սնդիկի սյունը նախարարին եւ մյուսներին ճնշի այնքան, որքան ժամանակին ճնշում էր թուրքահպատակի որդի Օստապ Բենդերին։ Բայց սա Ռիո դե Ժանեյրոն չէ, այլ շատ ավելի փոքրիկ է եւ ճնշումների ենթարկվող։ Մեկ առիթով պրն նախարարի հետ զրույցում քննել էինք սեփականաշնորհման եւ քաղաքականության կապը։ Ընդհանուր եզրակացությունն այն էր, որ որոշ ձեռնարկությունների պարագայում քաղաքականությունն անմիջապես միջամտում է եւ, օգտվելով որոշ լծակներից, փորձում է ճնշում գործադրել։ Անկասկած, միամտություն կլինի կարծել, թե «Արարատցեմենտի» պարագայում քաղաքականությունը ձեռքերը ծալել է։ Առայժմ մի փոքր սպասողական է «Մարս» գործարանի հարցը։ Բայց եւ հայտնի է, որ «Մարսի» համար կոլեկտիվից բացի, հայտ են ներկայացրել մի շարք այլ ընկերություններ։ Բայց եւ դրանցից շատերի հարցում հստակություն դեռ չկա, քանի որ ընկերությունները միայն մտադրություն են հայտնել, բայց կոնկրետ ծրագիր չի ներկայացված։ Իսկ կոլեկտիվը ոչ միայն ցանկություն է հայտնել, այլեւ ծրագիր է ներկայացրել։ Ի դեպ, «Մարսի» մասնավորեցման համար մտադրություն է ներկայացրել նաեւ հայտնի գործարար Վաչե Մանուկյանը։ Ինչպիսի՞ կարգ է գործում, եթե մի սեփականատեր իր մասնավորեցրած մի օբյեկտը տարիներ շարունակ չի գործածում, նույնիսկ բարետես վիճակի չի բերել (նկատի ունենք «Սեւան» հյուրանոցը), իրավունք ունի մեկ այլ ձեռնարկության համար հայտ ներկայացնել։ Ըստ նախարարի՝ իրավական տեսանկյունից «դրանք բացարձակապես իրար հետ կապված չեն։ «Սեւան» հյուրանոցի մասով պայմանագիրն անհաջող է գրված, բայց դրանում մի կետ կա, ըստ որի՝ նա պարտավորվում է 5 տարում «Սեւան» հյուրանոցը նորոգել, այն պահից սկսած, երբ դա դառնում է իր սեփականությունը։ Չնայած պայմանագիրը կնքվել է 96-ին, բայց հանձնումը կատարվել է 99 թվականին։ Սա նրան իրավական տեսակետից ազատում է, բայց, ես ձեզ հետ համաձայն եմ, զուտ մարդկային տեսանկյունից չի ազատում։ Երեւանի կենտրոնում շենքը ակնախոռոչների պես ամեն օր ազդում է մարդու վրա»։ Ավելացնենք, որ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց Գյումրիի «Տեքստիլի» մասով։ Ձեռնարկությունը դրված էր լուծարման, այդ որոշումը հանվեց։ Հարցը կքննարկվի հետագայում։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930