Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երեկ

Հունիս 08,2001 00:00

ԲԼԵՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԶՈՀ Է Երեկ Աշոտ Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը մամուլի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաք էր կազմակերպել՝ ներկայացնելու, թե ինչ վիճակում է գտնվում Բլեյանի գործը, միաժամանակ՝ համատեղ ու հետագա գործողությունների ծրագիր մշակելու համար։ «Արմատ» կենտրոնի հիմնադիր անդամ Արա Սահակյանը հասարակական-քաղաքական գործիչ Ա.Բլեյանի դեմ ծավալված քաղաքական հետապնդումների եւ ամբաստանության հիմնական պատճառը համարեց 98թ. արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ այն հստակ եւ սկզբունքային դիրքորոշումը, որով նա հանդես եկավ ՀՀ քաղաքացի չհանդիսացող թեկնածու եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը գրանցելու դեմ։ Ապօրինությունը կանխելու համար Բլեյանը դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Գերագույն եւ Սահմանադրական դատարաններին։ «Դրանից հետո Բլեյան քաղաքական գործչի ճակատագիրը կանխորոշված էր»,- իբրեւ հավաքի նախաբան, ասաց Արա Սահակյանը։ Նա պնդեց, որ Բլեյանի դեմ քաղաքական հետապնդումների ազդակ հանդիսացավ 1998թ. հոկտեմբերի 30-ի հայտնի հանրահավաքը, որն, ի դեմս ՀՅԴ-ի, կազմակերպել էր վարչախումբը եւ որի ժամանակ ընդդիմադիր հայտնի քաղաքական գործիչները ներկայացվեցին իբրեւ հետապնդման թիրախներ։ Այդ հանրահավաքում մասնավորապես Բլեյանի վերաբերյալ ասվել էր՝ «Իր հրատարակած դասագրքերի պատճառով պետությանը հասցվել է 800 մլն դրամի վնաս, նա բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է, ունի բենզակայաններ, խանութներ, վետերոկներ… Սա էր վարչախմբի որոշումը, որը հրապարակվեց լյումպենի համար եւ որը դարձավ իրավապահ ու «արդարադատություն» կոչվող մարմինների գործողության ծրագիր»։ Հետագայում գործի նախաքննությունն ընթացավ մեղադրական ուղղվածությամբ եւ նախաքննական մարմինը զբաղված էր գործ «թխելով»։ Ավելին, «նախաքննության գործողություններն անձամբ ղեկավարող՝ Երեւան քաղաքի դատախազ, իսկ այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնած Արամ Թամազյանը 99-ի փետրվարին աննախադեպ եւ բացառիկ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ, խախտելով անմեղության կանխավարկածը, ըստ էության, դատավճիռ էր արձակել՝ լուրջ մեղադրանքներ առաջադրելով Ա.Բլեյանին, երբ տակավին քրեական գործ հարուցված չէր եւ նույնիսկ մեղադրանք չէր առաջադրվել։ Մինչդեռ դատական արդեն երկրորդ ատյանը դատավճիռներ է կայացնում, որոնցով չեն հաստատվել ասուլիսում Բլեյանին ներկայացրած ՀՀ գլխավոր դատախազ Թամազյանի մեղադրանքները։ Դատավճռում նշված է, որ Ա.Բլեյանի գործողություններն ամենեւին էլ պետբյուջեին վնաս չեն պատճառել եւ առհասարակ նրա գործողություններից ոչ ոք չի տուժել»,- նկատեց Ա.Սահակյանը։ Բլեյանի դեմ ամբաստանող ցուցմունքները նախաքննության մարմինը կորզել է ճնշումների միջոցով, որոնք դատաքննությամբ չեն հաստատվել։ «Մենք գտնում ենք, որ Հայաստանում իշխանությունն ուզուրպացրած վարչախումբն իր ընդդիմախոսների հետ վարվում է տոտալիտարիզմի պարզ սխեմայով՝ նրանք, ովքեր մեզ հետ համաձայն չեն, հանցագործներ են։ Այս սխեման ամենահրեշավոր ձեւով կիրառվել է հենց Ա.Բլեյանի նկատմամբ»։ Ա.Բլեյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանն անդրադարձավ գործի իրավական մասին՝ մատնանշելով նախաքննության եւ դատաքննությունների ընթացքում արձանագրված բազմաթիվ ապօրինությունների մասին։ «Մանրամասնորեն վերլուծելով այն ապացույցները, որոնց հիման վրա Բլեյանը մեղավոր է ճանաչվել, պետք է եզրակացնել, որ դրանք վկայում էին հակառակի մասին՝ Բլեյանին առաջադրված մեղադրանքները հիմնավոր չեն եւ այնքան հիմնավոր չեն, որ նախաքննական մարմինը կարող էր մեղադրական եզրակացություն չտալ դատարանին, իսկ վերջինս էլ հնարավորություն ուներ քրգործում առկա ապացույցների օբյեկտիվ, ամբողջական հետազոտման արդյունքում նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ»,- վստահեցրեց պարոն Գրիգորյանը։ Ավելին, Ա.Բլեյանի պաշտպանության հասարակական խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ դատաքննության ընթացքում հերքվել կամ չեն հաստատվել Բլեյանին առաջադրված 14 մեղադրանքներից եւ ոչ մեկը։ Բայց առաջին եւ երկրորդ ատյանի դատարաններն «ի կատարումն քաղաքական պատվերի, «օրինականացրեցին» նախաքննության «թխած» մեղադրանքները»։ Վերաքննիչ դատարանն ընդունեց, որ Ա.Բլեյանը պետությանը կամ որեւէ անձի վնաս չի պատճառել, նրա գործողություններից տուժածներ չկան եւ, այդուամենայնիվ, նրան դատապարտեց 5 տարվա ազատազրկման՝ պահպանելով նրա նկատմամբ առաջադրված ամենածանր մեղադրանքը՝ «պետական գույքի յուրացման փորձ»։ Ա.Բլեյանի պաշտպանության հասարակական խորհուրդը անդրադառնալով Բլեյանի դեմ դեռեւս շարունակվող հետապնդումներին, մասնավորապես հայտարարեց. «Այդ նողկալի ոճրագործության պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների վրա, բոլոր նրանց վրա, ովքեր գործով, թե լռելյայն, օժանդակում են վարչախմբին՝ հաշվեհարդար իրականացնել իր ընդդիմախոսի նկատմամբ, ոտնահարել նրա սահմանադրական իրավունքներն ու ազատությունները»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել