Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» ապրիլի 18-ի «Տեղական սկանդալ՝ միջազգային հետեւանքներով» հրապարակմանն արձագանքել է Գերմանիա

Հունիս 07,2001 00:00

Դաշնային նախարարությունը արձագանքում է «Առավոտի» ապրիլի 18-ի «Տեղական սկանդալ՝ միջազգային հետեւանքներով» հրապարակմանն արձագանքել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման դաշնային նախարարությունը։ «Առավոտը» անդրադարձել էր այդ գերատեսչության ղեկավար Հայդեմար Վիչորեկ-Ցոյլի Հայաստան կատարած այցին՝ մասնավորապես փաստելով, որ դաշնային նախարարին պատշաճ ընդունելություն չցուցաբերվեց։ Գերմանիայի Դաշնության կողմից հովանավորվող ֆինանսաբանկային քոլեջ այցելած Վիչորեկ-Ցոյլին նույն շենքում տեղակայված Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջը դիմավորեց ցույցով՝ բողոքելով իրենց այդ տարածքից հանելու հնարավոր որոշման դեմ։ Քոլեջի ուսանողներն ու մանկավարժները լսել էին, որ այդ տարածքը պատրաստվում են տալ գերմանական կազմակերպություններին։ Նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող ՀՀ կառավարությանը բողոքելու փոխարեն, քոլեջը բավականին կոշտ բովանդակությամբ ցուցապաստառներով ցույցի էր դուրս եկել դաշնային նախարարի դեմ։ «Առավոտը» գրել էր եւ տնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության արձագանքում եւս հիշեցվում է Վիչորեկ-Ցոյլի այն հավաստիացման մասին, որ «եթե զարգացմանը նպաստող հայ-գերմանական ծրագրերի իրականացման համար նոր գրասենյակների պահանջ ծագի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն ազատ սենյակներ կգտնի Երեւանի այլ շենքերում»։ Նամակում նաեւ շեշտվում է, որ Գերմանիայի կառավարությունը «երբեւիցե չի ծրագրել հայ-գերմանական համատեղ ծրագրերի իրականացման գրասենյակների տարածքն ընդարձակել ի հաշիվ տեխնոլոգիական քոլեջին պատկանող հարկաբաժինների»։ «Առավոտը» գրել էր, որ «որքան մեզ հայտնի է, ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի դաշնային նախարարը ոչինչ չի ասել այս միջադեպի մասին»։ Սակայն նամակում ճշտվում է, որ «քոլեջի ներկայացուցիչների հետ իր ունեցած զրույցի, ինչպես նաեւ այդ հարցի վերաբերյալ գերմանական կառավարության տեսակետի մասին տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարը տեղեկացրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին»։ «Առավոտին» հայտնի չէ՝ Ռ. Քոչարյանը տհաճ միջադեպի համար ներողություն խնդրե՞լ է տիկին նախարարից եւ կամ նկատողություն արե՞լ է տիկին Վիչորեկ-Ցոյլին ուղեկցած ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանին։ Թեեւ պակաս մեղավոր չէ նաեւ պետական արարողակարգի ծառայությունը, որ կարգին հոգ չէր տարել բարձրաստիճան հյուրի այցը պատշաճ մակարդակով կազմակերպելու մասին։ Ի դեպ, հետաքրքիր է, որ Գերմանիայի դաշնային նախարարության արձագանքում ոչինչ ասված չէ «Առավոտի» հրապարակման այն պնդման առնչությամբ, որ «միջադեպից հետո գերմանական մամուլում տեղեկություն է եղել, որ Անդրկովկասի երկրներին Գերմանիայի աջակցության հարցը կասկածի տակ է»։ Ն. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել