Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանի հայացքով ներկայացնում ենք կալանավոր-հասարակություն փոխհարաբերությունները

Հունիս 07,2001 00:00

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՈՑԵԼԻ Է Փաստաբանի հայացքով ներկայացնում ենք կալանավոր-հասարակություն փոխհարաբերությունները «Նուբարաշենի կարանտինում գտնվել եմ երեք օր: Փոքր ու մութ սենյակում երեք օրվա ընթացքում, գիշեր-ցերեկ, մի քանի հարյուր ձերբակալված տարան-բերեցին: Պահեր կային, երբ սենյակում միաժամանակ գտնվում էր 60-ից ավելի կալանավոր: Դատվածներն, 18 տարեկան զինապարտներն եւ յոթանասունն անց ռեցիդիվիստները պահվում էին միեւնույն խցում: Գիշերները նույնպես կանգնած էինք անցկացնում (ընդամենը 12 նար կար): Պայմանները դժոխային էին: Լավ է երեք տարի նստել, քան երեք օր այդտեղ անցկացնել: Էտապները գալիս-գնում էին: Այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի կեսը կալանավորված է»: Նախկին կալանավոր «Հիշում եմ, երբ Բլեյանը մի անգամ հոդված գրեց կալանավորների իրավունքների մասին, դրանից հետո ադմինիստրացիան սկսեց բոլոր կամերաների կալանավորներին հերթով ծեծել: Մեր կամերայում ինձ հետ նստած էին երկու ադրբեջանցի եւ մեկ կանադահայ: Երբ հերթը մեզ հասավ, դրանք տեսան էս ադրբեջանցիներին ու կանադահային, վախեցան, ասին՝ գործ չունենք, դրանք ջարմա են: Բախտներս բերեց. էտ օրը մեզ չծեծեցին…» Նախկին կալանավոր Անհնար է առողջ հասարակություն կառուցել մարդատյաց ու անօրեն եղանակներով գործող ինստիտուտների առկայության պայմաններում, կամ, ասենք, հրատապ խնդիրներ լուծել, որոնք այսօր ծառայել են հասարակության առջեւ՝ արտագաղթ, սոցիալական անկում, օրավուր ուժգնացող բարոյահոգեբանական ապատիա, պետական ինստիտուտների նկատմամբ ձեւավորված անվստահության մթնոլորտ: Վերոհիշյալները հիմնականում պայմանավորված են օրենքների անկատարությամբ ու իրավապահ մարմինների նկատմամբ մարդկանց անվստահությամբ: Հայաստանում չեն գործում իրավապահ համակարգի տարրական նորմերն անգամ ու մինչ փորձենք ելքեր որոնել, հասարակական հնչեղության հարցեր արծարծել, նախ պետք է հասարակությանը հնարավորինս անշպար ներկայացնել կալանավայրերում տիրող իրավիճակը ու մոլորյալներին հնարավորություն տալ «տուն»՝ հասարակություն վերադառնալ: Կալանավայրերում բարոյապես խեղված մարդիկ հաճախ, ազատության մեջ եւս, հոգեբանորեն ճնշվում են, հատկապես, երբ չեն կարողանում աշխատանք գտնել, մերվել հասարակությանը: Այդ ժամանակ է, որ նրանք սկսում են կարոտով հիշել գաղութը, որտեղ իրենց «մաստի» ու իրենց «հասկացողության» տեր մարդիկ են, որտեղ գործում են ավելի հստակ, բոլոր բանտարկյալների կողմից ընդունված կենցաղային, հիգիենային, «մաստերի» եւ մարդկանց փոխհարաբերություններին վերաբերվող չգրված օրենքներ: Տեղեկանք – Ըստ ոչ պաշտոնական տվյալների Հայաստանում կա մոտ 6500 կալանավոր, որոնք իրենց պատիժը կրում են տարբեր ռեժիմի գաղութներում եւ բանտում: Հայաստանում կա մեկ բանտ, որը գտնվում է Գորիսում: Կան նաեւ ընդհանուր, ուժեղացված եւ խիստ ռեժիմի գաղութներ, որոնք համապատասխանաբար գործում են Արագածոտնի մարզի Կոշ գյուղում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի մոտակայքում, Նուբարաշենում /Սովետաշեն/: Բացի այդ, Նուբարաշենում է գտնվում թիվ մեկ քննչական մեկուսարանը, որտեղ, մինչեւ դատարանի կողմից դատավճիռ կայացնելը, իրենց նախնական պատիժն են կրում այն անձինք, որոնց նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը: Գաղութի եւ բանտի տարբերությունը հետեւյալն է. տեսակցության, հանձնուքի /պերեդաչի/ հարցերում բանտերն ավելի խստակենցաղ են, նամակագրության հարցում, նույնպես: Բանտերում սահմանափակ է դատապարտյալների ազատ տեղաշարժը, քանի որ նրանք գտնվում են խցերում: Գաղութներում՝ հակառակն է: Ազատության մեջ «Ազատ արձակվելուց հետո աշխատանք չեմ գտնում, չնայած ունեմ 6-րդ կարգի սլեսարի որակավորում: Չգիտեմ ինչ անեմ: Ուզում եմ աշխատանք գտնել: Ալրաղացում աշխատանքի տեղավորվելու խոսք են տվել, տեսնենք»: Նախկին կալանավոր Ատոմ Սարգսյանը՝ «ԲԿԱՄ» հասարակական կազմակերպության նախագահը, այն հարցին, թե՝ արդյո՞ք կընդուներ աշխատանքի կալանավորի, պատասխանեց. «Առաջին պայմանը մարդու ազնվությունը պետք է լինի, նա պետք է ասի, թե որ հոդվածով է դատվել, ինչի համար, կարեւոր է նաեւ այն որ ես իրեն նախկինում ճանաչել եմ, թե ոչ, բացի դա կարեւոր է նաեւ թե ինչ հոդվածով է նստել եւ արդյո՞ք ընդունել է իր արարքի հանցավորությունը: Դա կարեւոր է այն առումով, որ այսօր շատ հանցագործությունների կատարման մեջ մեղադրում են այն մարդուն, որը կապ չունի կատարվածի հետ, իսկ այդ ամենը հնարավոր է պարզել միայն անձնական զրույցից հետո: Իսկ կալանավորին աշխատանքի ընդգրկելու մեջ խնդիր չեմ տեսնում: Ըստ իս կալանավորին աշխատանքով վերադաստիարակել հնարավոր չէ, ուղղակի աշխատանքը դա անգործության հաճելի մոռացություն է, իսկ կալանավորների ադապտացիոն ծրագիրը կարելի է իրականացնել միայն հասարակական այն կազմակերպությունների միջոցով, որոնք զբաղվում են կալանավորների շահերի պաշտպանությամբ»: Մյուս զրուցակիցս չցանկացավ ներկայանալ, միայն ասաց, որ աշխատում է մասնավոր սեկտորում, առողջապահության բնագավառում: «Եթե նախկին կալանավորը մասնագետ է եւ ունի անհրաժեշտ որակավորում, նրան աշխատանքի ընդունելու առումով պրոբլեմ չեմ տեսնում, այնուհանդերձ հարկ է իմանալ, թե ինչի համար է դատվել, եթե դա լինի, ասենք սպանություն կամ բանդիտիզմ, մոտեցումը ավելի խիստ կլինի, իսկ եթե վերջինս տնտեսական հանցագործություն է կատարել, ավելի մեղմ կվերաբերվեի, քանի որ մեր հարկային դաշտը անկատար է եւ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պոտենցիալ հանցագործներ են»: Մասնավոր միջնորդական ծառայությունների եւ գնահատման բնագավառում ֆիրմայի աշխատակից. «Մեր բնագավառում շատ դժվար է կալանավորին աշխատանքի ընդունելու հարցը, քանի որ նրա հոգեբանությունը հիմնովին պետք է վերափոխել: Նրա ամեն մի բառը մեծ հետեւանքների կարող է հանգեցնել եւ ամեն մի վրիպակի համար ֆիրման իր պարտնյորներին կարող է կորցնել, որը կվնասի նրա հեղինակությանը: Գնահատման ոլորտում շատ հարաբերական է չափանիշը եւ շատ գայթակղիչ է վրիպում կատարելը: Կամ շատ մոտ մարդ պետք է լինի, որին, միեւնույն է, պետք է վերահսկել, կամ ընդհանրապես նրան աշխատանքի ընդունելը բացառվում է: Կարելի է նրան ընդունել ոչ պատասխանատու աշխատանքների, ասենք՝ ցրիչ կամ վարորդ»: «Եթե իմանան, որ ազատազրկված եմ եղել, ավելի լավ, կվստահեն ինձ, որովհետեւ, եթե մեկնումեկը հիմնարկում գողություն փորձի կատարել, առաջին հերթին ես գողի ձեռքը կբռնեմ, որովհետեւ նախ իմ բաժնից էլ են գողանում, երկրորդ՝ հերթին ինձ են կասկածելու: Հմուտ տնօրենն ինձ ավելի շատ կվստահի: Թեպետ կալանավորը ազատության մեջ ավելի խոցելի է»: Նախկին կալանավոր ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ Փաստաբան Հ.Գ. Գաղութներում տիրող վիճակը ունի բազմաթիվ պատճառներ. օրինակ՝ ազատազրկման վայրերը հանդիսանում են ստվերային ֆինանսական շրջանառության մի յուրահատուկ վայր, որին «դիպչելը» վտանգավոր է առողջության համար, կան նաեւ «քաղաքական» պատճառներ. հայտնի է, որ ավտորիտար համակարգերի իշխանությունները շատ նրբազգաց են դառնում, երբ որեւէ մեկը հանդգնում է «մոտենալ» նմանատիպ հիմնարկներին: Սակայն մեր կարծիքով հիմնական պատճառը հասարակության գիտակցության չհաղթահարվող խեղումներն են: Մեր հասարակությունը դեռեւս չի ձերբազատվել սովետական հոգեբանությունից. «նստած մարդու» կարգավիճակը, ինչպես խարան, մնում է մինչեւ կյանքի վերջ: Այդ ոլորտը փակ է նաեւ լրագրողական «հետաքննությունից» եւ սոցիալական հետազոտություններից , որտեղ մուտք գործելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան «անցագիր»: Հասարակությունը չի վստահում իրավապահ համակարգին եւ չի փորձում այն դարձնել հասարակական քննարկման առարկա, ինչպես հայտնի ասացվածքում. խեղդվողների փրկության գործը խեղդվողների գործն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել