Փողոցային առեւտուրն անմահ է… 2000թ. փետրվարի 18-ին Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանը ընդունեց քաղաքում բացօթյա մանրածախ առեւտրի կանոնակարգման մասին որոշումը, որով թույլատրվում էր առեւտուրը կենտրոնական փողոցների մայթերին, շուկաներից դուրս՝ այն պատճառաբանությամբ, որ այդ դեպքում առեւտրականները չեն վճարի տարածքի համար եւ փոքր-ինչ կբարելավեն իրենց նյութական վիճակը։ Այս որոշումից վաճառականներն այնքան ոգեւորվեցին, որ իրենց արկղերով ու սեղաններով գրավեցին հետիոտնի համար նախատեսված գրեթե բոլոր մայթերը։ Բանն այնտեղ հասավ, որ Հանրապետության պողոտայի երկայնքով ձգվող մայթերի ազատ մնացած նեղ արահետով նույնիսկ 2 հոգի չէր կարողանում կողք կողքի անցնել, ինչի պատճառով ստեղծվում էին խցանումներ։ Իսկ մթերային շուկաներում ամայություն էր տիրում… Իրավիճակին ծանոթանալով եւ համոզվելով, որ նման տարերային առեւտրի պատճառով շրջապատում ստեղծվում է հակասանիտարական վիճակ, որը ամռանը կհանգեցնի համաճարակի, եւ «հաշվի առնելով, որ քաղաքում գործող շուկաների եւ տոնավաճառների տերերը համաձայնել են վարձավճարների չափը գանձել օրենքով սահմանված եւ ավագանու կողմից հաստատված տուրքի սահմաններում», քաղաքապետը չեղյալ համարեց վերոհիշյալ որոշումը։ Համաձայն 2001թ. մայիսի 16-ին ընդունված որոշման՝ մայիսի 20-ից արգելվում է բացօթյա առեւտուրը փողոցներում եւ թույլատրվում միայն քաղաքապետարանի կողմից առանձնացված տարածքներում եւ գյուղմթերքների շուկաներում, որտեղ վարձավճարների չափը սահմանվել է 300 դրամ։ Տնտեսվարող սուբյեկտներին թույլատրվել է կախովի ցուցափեղկեր չունեցող կրպակներում մթերքների ցուցադրումը կազմակերպել դրանց կից տարածքում՝ 60-120 քառ սմ մակերեսի վրա։ Կոտայքի ՆԳ բաժնին եւ Կոտայքի մարզի տարածքային հիգիենիկ եւ հակասանիտարական հսկողության կենտրոնից խնդրվել էր աջակցություն՝ որոշման իրականացման համար։ Փողոցային առեւտրի արգելման առաջին օրերին փոփոխությունն անմիջապես երեւաց. մայթերը ազատ էին, անսովոր մաքուր, դրանց եռուզեռը շարունակվում էր շուկաներում։ Սակայն, մի քանի օրից, առեւտրականները բողոքելով, որ շուկայում չեն կարողանում իրացնել իրենց ապրանքը, գողեգող հայտնվեցին ու զբաղեցրին իրենց նախկին տեղերը մայթերին ու շենքի բակերում։ Եվ զարմանալի կլիներ, եթե ողջ հանրապետությունում մեկ օրում վերանար փողոցային առեւտուրը, որովհետեւ ոչ մի քաղաքապետ ի զորու չէ իր որոշումներով 10 օրում կամ 10 ամսում վերացնել սննդամթերքի բացօթյա վաճառքը, ինչով վաճառականները զբաղվում են 10 եւ ավելի տարիներ։ ԼԻԱՆԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ