Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բոլոր

Հունիս 07,2001 00:00

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ` ՈՐՊԵՍ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Բոլոր երկրներում` լինեն դրանք ձեւավորված ժողովրդավարական թե, այսպես կոչված, անցումային, երկրի ղեկավարների խորհդականների ընտրությունը չի կարգավորվում օրենքներով: Սակայն խորհրդականների նշանակությունը եւ դերը երկրի կառավարման մեջ տարբեր երկրներում սկզբունքորեն տարբեր են: Արեւմուտքում խորհրդականը խորհրդանշում է երկրի այս կամ այն բնագավառի ուղղվածությունը: Հաճախ, նույնիսկ խորհրդականը ավելի լուրջ դեր է խաղում տվյալ բնագավառում, քան նախագահի կաբինետի համապատասխան անդամը, ինչպես ԱՄՆ նախագահ Ջիմի Քարտերի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Զբիգնեւ Բզեժինսկին ավելի մեծ ազդեցություն ուներ երկրի արտաքին քաղաքականության մեջ, քան պետքարտուղար Ս. Վենսը: Նախկին խորհրդային տարածքի երկրներում խորհրդականները հաճախ պաշտոնից ազատված համախոհ, ընկեր կամ կառավարման ոլորտում հարգված նախարարներն են, որոնց խորհրդական նշանակում են ոչ այնքան նրանցից խորհուրդներ ստանալու, որքան չնեղացնելու համար: Դրա լավագույն օրինակն է, երբ վերջերս Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեց Իգոր Սերգեեւին եւ, որպես նրա նկատմամբ հարգանքի դրսեւորում՝ նշանակեց իր խորհրդական: Նույն գործելաոճով են առաջնորդվում նաեւ Հայաստանի ղեկավարները: Առայժմ՝ վարչապետի խորհրդականների մասին. Հայաստանի Հանրապետության վարչապետները, բոլորը միասին, ունեցել են 42 խորհրդական: Առաջին երեք վարչապետները` Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը երեքական խորհրդական են ունեցել: Ընդ որում, վերջին երկուսի խորհրդականները նույն անձինք են: Այս պաշտոնյաները իրենց դերը կատարել են խորհրդական բառի դասական իմաստով` խորհուրդներ են տվել: Նրանք չեն ներկայացնում ոչ պաշտոնից հեռացվածների, ոչ էլ քաղաքական որեւէ հոսանքի ներկայացուցիչների: Վարչապետ Հրանտ Բագրատյանը խորհրդականների թիվը ավելացնում է եւս մեկով: Սակայն իր խորհրդականների պաշտոններում նրա կառավարման ընթացքում նշանակվում են ինը հոգի: Նշենք, որ այդ անուններն էլ հասարակությանը քիչ հայտնի են եւ ոչ նախկինում, ոչ էլ հետագայում բարձր` նախարարական աթոռներ չեն ստացել: Պետք է եզրակացնել, որ այս պաշտոնյաներն էլ հիմնականում խորհրդականի դեր են խաղացել: Ի դեպ, Հրանտ Բագրատյանը միակ վարչապետն է, որ իր խորհրդականների նշանակման հրամաններում նշել է խորհրդականի աշխատանքի բնագավառը: Վարչապետ Արմեն Սարգսյանը իր խորհրդականների թիվը հասցնում է յոթի: Եվ արդեն նրա խորհրդականների կազմում նկատվում են նախկին պաշտոնյաներ, մասնավորապես Խոսրով Հարությունյանը: Հետագայում արդեն վարչապետների խորհրդականների մեջ հաճախ են հանդիպում նախարարի կամ այլ բարձր պաշտոններից ազատված անձինք` Գագիկ Մարտիրոսյան, Վլադիմիր Մովսիսյան, Գագիկ Շահբազյան, Լեւոն Մկրտչյան, Ֆիրդուս Զաքարյան եւ այլն: Նրանք հիմնականում խորհրդական են դարձել անմիջապես նախորդ պաշտոնից ազատվելուց հետո: Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը խորհրդականների քանակը հասցնում է ութի: Ընդհանրապես խորհրդականների քանակի աճը որոշ վերլուծաբաններ համարում են երկրի նախագահին՝ վարչապետի ընդդիմանալու փորձ: Երբ վարչապետը չի կարողանում տվյալ նախարարի պաշտոնում նշանակել իր թեկնածուին, ապա, որպես իր կամքի արտահայտություն, նրան դարձնում է խորհրդական: Արմեն Դարբինյանի եւ Վազգեն Սարգսյանի խորհրդականները յոթն են եղել, Արամ Սարգսյանինը` ութը: Ներկայիս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը յոթ խորհրդական ունի: Ընդհանուր առմամբ, իր կառավարման շրջանում, նրանք տասն են եղել: Սակայն այդ յոթ խորհրդականներից միայն երկուսը` գլխավոր խորհրդական Գագիկ Պողոսյանը եւ Ղարաբաղի գծով` Սլավա Ավանեսյանն են «մաքուր» խորհրդական, այսինքն՝ այլ պաշտոն չեն զբաղեցնում: «Խորհրդակցություններից առաջ հանդիպում ենք վարչապետի հետ եւ ես իմ կարծիքներն եմ հայտնում տվյալ բնագավառի վերաբերյալ, Ավանեսյանը՝ Ղարաբաղի վերաբերյալ: Բացի այդ, գրավոր զեկուցագրեր եւ վերլուծություններ եմ ներկայացնում այս կամ այն հարցի վերաբերյալ,- ասում է Գագիկ Պողոսյանը:- Ես կարծում եմ, որ իմ խորհուրդները դեր են խաղում: Այնպիսի մարդ չկա, որ միայնակ պատկերացնի երկրի վիճակը»: Հիշեցնենք, որ Գագիկ Պողոսյանը խորհրդականի պաշտոնին նշանակվեց պետական եկամուտների նախարարի պաշտոնից ազատվելուց հետո: Պարոն Պողոսյանի նոր նշանակումը դիտվում է որպես նախարարի պաշտոնից անակնկալ ազատման փոխհատուցում: Մյուս խորհրդականները տարբեր պաշտոններ են զբաղեցնում եւ խորհրդականի պաշտոնը առավելապես բարձր կարգավիճակի արտահայտություն է: Մի պաշտոնյա ասաց, որ օրինակ, մարդասիրական օգնության հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մարտիրոսյանը եւ ներկա նախագահ Վլադիմիր Մովսիսյանը վարչապետի խորհրդականի աստիճան պետք է ունենան. «Հանձնաժողովի անդամները նախարարներ եւ նախարարի տեղակալներ են եւ բնական է, որ նրանց պետք է խորհրդականի ստատուս ունեցողը նախագահի»: ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել