ԿՐԿԻՆ ՏՈՒԺՈՒՄ Է ՍՊԱՌՈՂԸ Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ կառավարությունն ընդունել է սիգարետի համար սահմանված հաստատագրված վճարների փոփոխման օրինագիծ՝ նպատակ ունենալով եւս $ 20-ով բարձրացնել ներմուծվող սիգարետների հարկերը։ Երեկ էլ ճշտեցինք, որ առաջիկա ուրբաթ հարցը կքննարկի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովը, որպեսզի գալիք նիստի ընթացքում իր կարծիքը ներկայացնի։ Բոլորովին չանձնավորելով խնդիրն ու մի կողմ թողնելով ներմուծող-արտադրող անհեթեթ հակադրությունը, պետք է նկատել, որ այս օրինագծով, փաստորեն, մենք կասկածի տակ ենք դնում ազատ շուկայի գոյության փաստն առհասարակ։ Այն էլ սիգարետի պարագայում, որի համար առանց այդ էլ 20% հարկային արտոնություն է սահմանված, իսկ մյուսներն աշխատում են կամ 10%, կամ զրոյական տարբերության դաշտում։ Այնուամենայնիվ, ի՞նչ կոնկրետ բացասական երեւույթներ ի հայտ կգան, եթե ԱԺ-ն ընդունի $$ 120 եւ 80 հարկային համամասնությունը։ Առաջին հերթին տուժելու է սպառողը, նրա ազատ ընտրության հնարավորությունը, քանի որ ներմուծումը կրճատվելու է, սիգարետը կրկին թանկանալու է, իսկ տեղական արտադրողը շուկան մոնոպոլիզացնելով շատ քիչ տարբերությամբ գներ է սահմանելու՝ գերշահույթներ ապահովելով, որակի եւ նոր տեխնոլոգիաների մասին չմտածելով։ Երկրորդ. ավելանալու է մաքսանենգությունը, քանի որ բարձր հարկը կոմպենսացնում է դրա ռիսկը։ Սրանից անպայման տուժելու է բյուջեն, ինչի փորձը 1999թ. ունեցանք, ենթարկվելու ենք տարատեսակ ճնշումների միջազգային կառույցների կողմից, ինչի օրինակն էլ օրերս Արժույթի միջազգային հիմնադրամի՝ կառավարությանն ուղղված բողոք-նամակն է՝ սիգարետի առնչությամբ։ Չենք կարող այլեւս անդամակցել ԱՀԿ-ին, որը, մեղմ ասած, չի սիրում հովանավորչություն կոչվող երեւույթը։ Խախտում ենք կառավարության գործունեության ծրագիրը, «Հարկերի մասին» օրենքը, որը ֆիքսում է, թե տարվա կեսից բացառվում է հարկային փոփոխություններ կատարելը։ Մի խոսքով, ակնհայտ է այս նախագծի հակաշուկայական բնույթը, իսկ որ ամենակարեւորն է՝ մենք կրկին տարվում ենք տնտեսությունը պլանավորելով եւ սպառողին ազատ ընտրության հնարավորությունից զրկելով։ Գ. Ս.