Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի»

Հունիս 07,2001 00:00

Հանձնաժողովի լույսն ու ստվերը «Առավոտի» հարցերին պատասխանում է պատգամավոր Կիմ Բալայանը ՀՅԴ խմբակցության անդամ Կիմ Բալայանն առաջարկեց, որ «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովը հանդես գա հայտարարությամբ, դիմի քաղաքացիներին, պաշտոնատար անձանց, որ ովքեր տեղյակ են «27»-ի գործով ինչ-ինչ օրինախախտումների՝ դրանց մասին տեղյակ պահեն հանձնաժողովին։ Հանձնաժողովի երեկվա նիստը կարճ տեւեց։ Սպասվում էր, որ նիստին կմասնակցեն ՆԳ եւ ԱԱ նախարարները, բայց վերջիններս, ինչ-որ աշխատանքային պատճառաբանությամբ, չէին կարողացել գալ։ Հանձնաժողովը հաստատեց իր կանոնակարգը։ Բոլորը կողմ էին նման կանոնակարգի, բացի Կիմ Բալայանից։ Պրն Բալայանն իր դեմ լինելը բացատրեց այսպես. «Ես «դեմ» քվեարկեցի կանոնակարգի ամբողջական ընդունմանը, քանի որ սույն կանոնակարգը հակասում է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքին, որի 39 հոդվածում հստակ ասվում է, որ նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին եւ հաջորդը՝ որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։ Եվ չի կարող հանձնաժողովի կանոնակարգը հակասել ԱԺ-ի օրենք-կանոնակարգին»։ Ի սկզբանե պրն Բալայանն առանձնապես հակված չէր լուրջ սպասելիքներ ունենալ հանձնաժողովից։ Մի քանի աշխատանքային հանդիպումներից հետո շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին եւ ի՞նչ սպասելիք ունի, կամ կարելի՞ է ունենալ հանձնաժողովից. «Ընդհանրապես, եթե հիշում եք, մինչեւ հանձնաժողովի ստեղծումը եւ դրանից հետո էլ ասում եմ, որ ամենաբարդ խնդիրը լինելու է այն, որ հանձնաժողովը պետք է կարողանա զերծ մնալ դատաքննության կամ նախաքննության ֆունկցիա կատարելուց։ Եվ, ի վերջո, չկա հանձնաժողովի առջեւ դրված մի խնդիր, որ հնարավոր չէ դատավարության ընթացքում լուծել։ Եվ կողմերը կարող են միջնորդությամբ նման հարց առաջ քաշել։ Մենք պետք է կարողանանք սահմանագիծը պահել, որպեսզի օրենք չխախտենք, որովհետեւ ե՛ւ մեր Սահմանադրության մեջ, ե՛ւ բոլոր ժողովրդավարական երկրների Սահմանադրությունների մեջ նշված է, որ անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները չեն կարող օրինական լինել եւ որպես ապացույց օգտագործվել»։ Բայց մի՞թե հանձնաժողովը պատրաստվում է անօրինականության ճանապարհով ապացույցներ ձեռք բերել. «Իհարկե ոչ, հանձնաժողովը պետք է զերծ մնա նման բաներից։ Բայց ամբողջ խնդիրը նա է, որ պետք չէ նախադեպ ստեղծել՝ ընդունելով կանոնակարգ, որը օրենքին հակասում է։ Սա նաեւ կարող է ծնել անվստահություն հանձնաժողովի նկատմամբ»։ Հանձնաժողովի անդամները հնարավորություն են ունենալու այցելել ոչ միայն համապատասխան գերատեսչություններ, դատարանի թույլտվությամբ՝ նաեւ ամբաստանյալներին։ Մենք մասնագետ չենք նման գործերի, բայց հայտնի է, որ դրսից որեւէ մեկը՝ մտնելով նման անկյուններ, հնարավոր է (նաեւ՝ ոչ միտումնավոր)՝ ինչ-որ ինֆորմացիա տանի ամբաստանյալներին։ Նկատի ունենք հայտնի «քսիֆ»-ի մեթոդը։ Հանձնաժողովի անդամներն ինչպե՞ս են ապահովագրվելու նման վտանգից։ Կիմ Բալայանին հարցը շատ հետաքրքրեց. «Կարծում եմ, շատ լուրջ հարցադրում եք անում, որ այնուամենայնիվ, հնարավոր է՝ նման փաստեր տեսականորեն լինեն։ Բայց ես հուսով եմ, որ ԱԺ-ի հանձնաժողովի անդամները բարձր գիտակցությամբ օժտված մարդիկ պետք է լինեն, եւ համոզված եմ, որ այդպես էլ կա, եւ որեւէ քայլով թույլ չեն տա, որ նման հերյուրանքներ տարածվեն։ Իհարկե, արդեն աշխատանքային նիստերում այդ հարցերը մենք կբարձրացնենք, թե ինչպիսի միջոցառումներ ենք ձեռնարկելու, որպեսզի նման կասկածանք անգամ չառաջանա։ Պատճառներից մեկն էլ դա էր, երբ մենք որոշեցինք, որ անդամներն առանձին չպետք է գնան, այլ՝ 2-3 հոգով»։ Հանձնաժողովի անդամներից մեկը նախորդ օրվա նիստում հայտարարեց, թե հանձնաժողովում է մի անդամ, որին ինքը չի վստահում։ Իսկ Կիմ Բալայանը բոլոր անդամներին վստահո՞ւմ է։ Այո, պրն Բալայանը վստահում է, բայց եւ ընդունում է, որ հնարավոր է՝ ինչ-որ մեկը հայտնվի «բարեխիղճ մոլորյալի կարգավիճակում»։ Կարող են մարդիկ, նաեւ՝ օրենքի չիմացության տեսանկյունից, այդ կարգավիճակում հայտնվել։ Հարցազրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել