Լրահոս
Օրվա լրահոսը

1998-ի հունվարին դեռեւս ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին, ուր

Հունիս 07,2001 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՂՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵ՞ԿԸ 1998-ի հունվարին դեռեւս ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանը մասնակցում էր Անվտանգության խորհրդի նիստին, ուր եւ ներկայացվել էր Ղարաբաղի հիմնահարցի լուծման «հաղթողական ծրագիրը», որ մինչ այժմ չի հրապարակվել։ – Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը որպես «լավ հունցված եւ խառնված խմոր» եւ «գլխիվայր ներկայացված» բնորոշեց այն իրողությունները, որ առնչվում են այդ «հաղթողական ծրագրին»։ Որպես իրադարձությունների անմիջական մասնակից ներկայացրեք, թե ի՞նչ է եղել իրականում։ – Պրն Գաբրիելյանին անշուշտ շատ կխանգարի իր անիրազեկությունն այնպիսի կարեւոր նյութի առումով, ինչպիսին այս փաստաթուղթն է։ Վստահ եմ, եթե նա դիմի իր անմիջական ղեկավարին՝ կստանա այդ փաստաթուղթը։ Հետեւաբար, կարծում եմ, միայն բանավոր խոսքի թերություններին պետք է վերագրել խոսնակի «իբր ներկայացված ինչ-որ ծրագիր» եւ «եթե նման թուղթ եղել է» արտահայտությունները։ Իրականում գոյություն ունի փաստաթուղթ, որը ներկայացրել է Ղարաբաղի ղեկավարությունը։ Անվտանգության խորհրդում Ղարաբաղը բավական ներկայացուցչական կազմ ուներ՝ Արկադի Ղուկասյան, Լեոնարդ Պետրոսյան, Օլեգ Եսայան, Սամվել Բաբայան։ Նրանք փաստաթուղթը ներկայացրել են Անվտանգության խորհրդի նիստից մի քանի օր անց, իբրեւ պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հարցադրմանը, թե հակամարտության կարգավորման ի՞նչ տարբերակ են պատկերացնում անհամաձայնություն հայտնողները։ Փաստաթուղթը կոչվում է «Պայմանագիր Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին»։ Այս տարբերակով ԼՂՀ-ն հռչակվում էր մշտապես չեզոք պետություն-միջազգային իրավունքի սուբյեկտ։ Տարածքը (ի դեպ, փաստաթղթին կից ներկայացված է նաեւ քարտեզ) ընդգրկում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, դրան հավելած՝ «Լաչինի եւ Քելբաջարի շրջանները պետք է մտնեն ԼՂՀ կազմի մեջ՝ Շահումյանի շրջանը եւ այլ տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու փոխարեն»։ Պետության բացառիկ լիազորությունների մեջ է մտնում պետական իշխանության ձեւավորումը, քաղաքացիությունը, անվտանգությունը, բնական ռեսուրսների տնօրինումը, ֆինանսավարկային քաղաքականությունը։ Հետաքրքրաշարժ են ադրբեջանաղարաբաղյան համագործակցությանը վերաբերող նորմերը. նախատեսվում է կնքել գործակցության պայմանագիր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ մշտական խորհրդով, միմյանց մայրաքաղաքներում ներկայացուցչությամբ։ Ի վերջո, ըստ այդ «հաղթողական ծրագրի»՝ ԼՂՀ-ն ստանում է բացառիկ միջազգային երաշխիքներ, որոնց մասին կարող է երազել ցանկացած անկախ պետություն։ Երաշխավորներ են հանդես գալիս ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՆ-ն, Ռուսաստանի Դաշնությունը, Ֆրանսիան, ինչպես նաեւ Հայաստանը եւ Ադրբեջանը։ Հատկապես Հայաստանը ՄԱԿ-ից ստանում էր լիազորություն՝ անմիջական ռազմական օգնություն ցուցաբերել Ղարաբաղին սպառնացող ռազմական ագրեսիայի դեպքում։ Փաստաթղթին կից ներկայացված է երկու ծանոթագրություն, որից մեկում ինչ-որ բառարանից արտագրված է, թե ինչ է մշտական չեզոքության կարգավիճակը։ Իսկ մյուսը պատմական կարճ ակնարկ է Լեռնային Ղարաբաղի մասին, հակամարտության պատմությունը եւ գրավյալ տարածքներն իրենց քառ. կիլոմետրերով եւ փոխանակման ենթակա հատվածները։ Այս մանրամասները գուցե նորություն են, բայց երեւույթն ինքն անծանոթ չէ ոչ հասարակությանը, ոչ էլ՝ առավել եւս՝ իշխանության վերին մարմիններին։ Հետեւաբար, պետք է ափսոսանք հայտնել, որ պրն Գաբրիելյանն անտեղյակ է ծրագրին կամ ցույց է տալիս, թե անտեղյակ է։ – Հետեւելով անցած երեք տարիներին բանակցային գործընթացի ինչ-ինչ արտահոսքերին՝ կարո՞ղ եք պնդել, թե Հայաստանի ղեկավարությունը փորձում է կյանքի կոչել այս «հաղթողական տարբերակը» կամ դրա տարրերը գոնե։ – Այսօր բանակցվում է բոլորովին այլ կարգավորման ծրագիր, որը սկզբունքորեն որեւէ ընդհանրություն չունի «հաղթողական տարբերակի» հետ։ Ընդ որում, դրանից առաջինը հրաժարվել է հայկական կողմը՝ 98-ի հեղաշրջումից հետո, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները նենգափոխվեցին Քոչարյան-Ալիեւ երկկողմ հանդիպումներով, ԼՂՀ օրինական ընտրված իշխանությունները դուրս մղվեցին բանակցություններից եւ Ղարաբաղը բանակցությունների սուբյեկտից վերածվեց բանակցությունների օբյեկտի։ «Հաղթողական տարբերակը», հետեւաբար, պետք է դիտարկել զուտ ներքաղաքական տեսանկյունից, որպես քարոզչական խայծ՝ այն ժամանակվա իշխանությանը պարտվողականության ու դավաճանության մեջ մեղադրելու եւ հասարակությանը մոլորության մեջ ձգելու նպատակով։ Այդ իմաստով, «հաղթողական տարբերակն» իր պատմական գործառույթը կատարել է՝ «Քոչարյան եւ ընկ.»-ին բերելով իշխանության։ – Իրոք վստա՞հ եք, որ սա մնաց զուտ որպես ներքաղաքական օգտագործման փաստաթուղթ եւ երբեք չդրվեց բանակցությունների սեղանին։ – Քանի որ ե՛ւ 1998-ին, ե՛ւ այսօր իշխանությունները չեն հրապարակել եւ չեն պնդել այդ ծրագիրը՝ նշանակում է, որ այն աղբանոց են նետել հենց փաստաթղթի հեղինակները։ – Իսկ ինչո՞ւ անցած 3 տարիների ընթացքում նախկին իշխանավորները չհրապարակեցին այս ծրագիրը։ Արդյոք նպատակահարմա՞ր չէր արձանագրել բարձրության այն ձողը, որը նվաճելն իրենց խնդիրն էին հռչակել նոր իշխանությունները, որպեսզի հետո պարզ դառնա, թե ինչ ստացվեց այս ամենից։ – Մենք այն ժամանակ էլ գիտեինք, որ սա ընդամենն իշխանության նվաճման նպատակով կատարված քայլ է, որ բանակցությունների մյուս մասնակիցները երբեք լուրջ չեն կարող ընդունել այդպիսի ֆանտաստիկ ծրագիրը։ Դա «միակողմանի երթեւեկություն» էր եւ բանակցությունների ընդհանուր տրամաբանության հետ որեւէ կապ չուներ։ Մենք պահպանել ենք այս փաստաթղթի խորհրդապահական բնույթը եւ դրա մասին սկսեցինք խոսել միայն այն բանից հետո, երբ Բաքվի եւ Երեւանի իշխանությունները մասնակիորեն հրապարակեցին իրենց ձեռքի տակ եղած կարգավորման փաստաթղթերը։ Մենք պատասխանատվություն ենք զգում հասարակության առջեւ եւ անպայման ամբողջապես կհրապարակենք բանակցված բոլոր 4 տարբերակները եւ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ պատասխանները։ Սա ամբողջական պատկերացում կտա կարգավորման շուրջ ընթացող 7-ամյա բանակցությունների մասին։ Իսկ «հաղթողական տարբերակի» բացասական արդյունքը եղավ այն, որ ջնջեց 1997-ի աշնանը ձեռք բերված փուլային լուծումը, որով հաստատվում էր կայուն խաղաղություն, ապաշրջափակվում էին Հայաստանը եւ Ղարաբաղը, տարածաշրջանի երկրները զարգացման հնարավորություն էին ձեռք բերում, իսկ Ղարաբաղը դառնում էր դե ֆակտո անկախ պետություն։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել