ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Հստակ տեղեկություններ կան, թե հնարավոր է, որ առաջիկայում ի հայտ գա քաղաքական ուժերի մի նոր միավորում՝ ի դեմս ՀԺԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ԱԺԿ-ի եւ Կոմկուսի, չի բացառվում, նաեւ Ճակատի։ Վերջիններս, բացի Ճակատից, առայժմ առանձին բանակցություններ են վարում՝ սկզբունքային մի քանի խնդիրների շուրջ։ «Հանրապետություն» կուսակցության տեսանկյունից՝ դրանք են «Հոկտեմբերի 27»-ի ամբողջական բացահայտման պահանջը, Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, պետական կառավարման համակարգի փոփոխությունն ու ընտրական համակարգի բարեփոխումը։ Առայժմ սերտորեն համագործակցում են միայն ՀԺԿ-ն եւ «Հանրապետությունը», որոնք շատ ընդհանրություններ ունեն։ Նրանք առաջնորդվում են «Միասնության» ծրագրով, հետամուտ են «27»-ի բացահայտմանը, նաեւ համակարծիք են պետական կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության հարցում։ Համենայն դեպս, ՀԺԿ համագումարում կուսակցությունը հստակ հասկացնել տվեց, որ կողմ է խորհրդարանական կառավարման տարբերակին։ Ա.Բազեյանն էլ նկատեց. «Բնականաբար, կառավարման համակարգը փոխելն անհրաժեշտ է։ Արժե Հայաստանում ձեւավորել խորհրդարանական համակարգ»։ Դրա անհրաժեշտության եւ առաջնայնության մասին ասել էր նաեւ ԱԺԿ կուսակցության նախագահ Շ.Քոչարյանը. «Մենք խնդիր ունենք այդ հարցում հենվել քաղաքական մյուս ուժերի եւ հասարակության վրա»։ Պարոն Քոչարյանն այս հարցի շուրջ համագործակցությունը չսահմանափակեց միայն վերոհիշյալ 4 ուժերի շրջանակով։ Ըստ նրա՝ կարելի է բանակցել եւ համագործակցել նաեւ խորհրդարանական կառավարման համակարգին հետեւողականորեն կողմ արտահայտված մյուս ուժերի՝ ԱԺՄ-ի, ՍԻՄ-ի, ինչու չէ, նաեւ ՀՅԴ-ի եւ, թերեւս, «Ազգային միաբանության» հետ։ Ահա այս հարցում տարբեր են պարոնայք Քոչարյանի եւ Բազեյանի դիրքորոշումները։ Վերջինս պնդեց. «Մենք գտնում ենք, որ որեւէ համագործակցության եզրեր չեն կարող լինել այն ուժերի հետ, որոնք այս իշխանությունների կցորդն են եւ սպասարկում են նրանց»։ Ինչ վերաբերում է «27»-ին, ապա, ՀԺԿ-ն, «Հանրապետությունն» ու Կոմկուսն արդեն իսկ սերտորեն համագործակցում են։ Ղարաբաղի հարցում, դարձյալ, փոխըմբռնումը կատարյալ է։ ՀԺԿ քաղաքական խորհրդի քարտուղար եւ ԱԺ փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը նկատեց նաեւ, թե այդ հարցում միանշանակ էր խորհրդարանական բոլոր ուժերի դիրքորոշումը։ Միաժամանակ անդրադառնալով հիշյալ 4 կուսակցություններից կազմված քաղաքական ընդհանուր միավորման հնարավորությանը, ՀԺԿ մեկ այլ գործիչ, ի տարբերություն պարոն Բազեյանի, որն ասում էր, թե՝ «Ցանկալի կլիներ քաղաքական եւ իշխանությունների կողմից չվերահսկվող ուժերի հետ միությունը», նկատեց, թե ճիշտ կլինի, եթե կուսակցությունն առայժմ ձեռնպահ մնա քաղաքական, առավել եւս՝ ընդդիմադիր ուժի հետ նոր ալյանս ձեւավորելուց։ Փաստարկն այն էր, թե ՀԺԿ-ն շարունակում է մնալ «Միասնություն» դաշինքի անդամ եւ մտադիր չէ դրա լուծարման հիմք դառնալ։ Իսկ համագործակցել որեւէ կոնկրետ խնդրի շուրջ՝ ՀԺԿ-ն պատրաստ է ցանկացած ուժի հետ։ ԱԺԿ-ի նախագահն էլ, անդրադառնալով քաղաքական նոր միավորման կամ դաշինքի ստեղծման հնարավորությանն, ասաց. «Դաշինք ձեւավորելու համար մենք չենք բանակցում եւ մտադիր էլ չենք։ Մի հարցում՝ կառավարման համակարգի փոփոխություններ, պատրաստ ենք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ։ Ունենք Սահմանադրության մեր նախագիծը եւ պետք է սկսենք բանակցությունները քաղաքական ուժերի հետ՝ ճշտելու, թե որքանով են նրանք պատրաստ դրան»։ Իսկ ընդհանրապես, պարոն Քոչարյանը նկատեց. «Միտում կա «միավորում», «դաշինք» բառերը հասկանալ որպես որոշակի բեւեռացում, որն անպայման ուղղված է նախագահի դեմ։ Նախագահներ փոխելով երկրի վիճակը չի բարելավվի։ Դրա միակ ճանապարհը կառավարման համակարգի փոփոխությունն է»։ ՀԺԿ-ն, ի դեպ, եւս հակված է լինել ոչ թե ընդդիմություն, այլ՝ կառուցողական քաղաքական ուժ։ Մինչդեռ, պարոն Բազեյանը քաղաքական ուժերի հետ համագործակցության եւ, առավել եւս, դրանց հնարավոր միավորման հիմք է համարում նախեւառաջ իշխանությունների հանդեպ նրանց ունեցած դիրքորոշումը։ Ժամանակը ցույց կտա՝ հիշյալ 4 կուսակցությունները ի՞նչ ֆորմատով կհամագործակցեն եւ արդյո՞ք նրանց կհաջողվի, այնուամենայնիվ, քաղաքական հզոր միավորում ձեւավորել։ Բայց քաղաքական զարգացումների տրամաբանությունը հանգում է նրան, որ, վաղ թե ուշ, կհասունանա նման միավորման անհրաժեշտությունը։ Միայն հզոր եւ հավատ ներշնչող ընդդիմությունը կարող է բեկում առաջացնել ճահճացած քաղաքական դաշտում եւ աշխուժացնել հիասթափված հասարակությանը, նաեւ հակակշիռ լինել իշխանություններին եւ իմիտացիոն ընդդիմությանը։ Եվ որքան շուտ հասունանա այդ գաղափարը, այնքան արագ հասարակությունը կկարողանա ազդել քաղաքական պրոցեսների եւ երկրում վարվող քաղաքականության վրա։ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ