Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում պաշտպանական ջոկատ կազմավորվեց 88-ին՝ տեղի բնակիչ Հրաչ Աթոյանի գլխավորությամբ։

Հունիս 06,2001 00:00

Աչքները թանգարանին է Տավուշի մարզում պաշտպանական ջոկատ կազմավորվեց 88-ին՝ տեղի բնակիչ Հրաչ Աթոյանի գլխավորությամբ։ Բանակը, որ կոչված էր մեզ պաշտպանելու ադրբեջանցիների ոտնձգություններից, ընդհակառակը, օգնում էր նրանց, մեզ էլ մեղադրում իբր անօրենների, ջոկատի տղաներին որսալով՝ «մաղարիչով» հանձնում ադրբեջանցիներին, որ նրանց մշակեն, հասկացնեն, դաստիարակեն։ «Մշակված» տղաները ծեծված, ջարդված, կիսահաշմանդամ վերադառնում էին, դարձյալ պատրաստ՝ կյանքը նվիրելու իրենց հող ու ջրին։ Ես էլ եմ առաջին օրերից դարձել ջոկատի մարտիկներից մեկը։ Երբ 1992 թվականին ստեղծվեց անկախ հանրապետության բանակը, մեր շրջանում կազմավորվող գնդի կորիզը դարձավ մեր ջոկատը, որին արդեն վաշտ էինք անվանում։ Մի տարի հետո, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի պաշտպանության մարտերում վիրավորվեցի, բայց չդիմեցի բժշկի, ոտքի վրա իբր բուժվեցի։ Սակայն վիճակս վատթարացավ, անընդունակ դարձա ծառայությունս շարունակել եւ 1995-ին թողեցի ծառայությունս։ Հետո էլ եղան վիրահատումներ, թարախակալումներ եւ կորցրի ոտքերս։ Միայն 2000 թվականին համոզեցին, որ դիմեմ բուժվերականգնման կենտրոն՝ պրոթեզավորվելու։ Այնտեղից պատասխանեցին, որ դեռ միջոցներ չկան, երբ կլինի՝ կկանչեն եւ կանչեցին։ Այս տարվա ապրիլին եկա, մտածելով, որ արժե պրոթեզավորվել, կարող եմ քայլել, հաշտվել։ Դեռ նոր էի տեղավորվել հիվանդասենյակում, երբ ներս մտավ ժպտերես, փոքրիկ-մոքրիկ կազմվածքով մի հայուհի ու ներկայացավ (Սեդա Հարությունյան)։ Նա բուժվերականգնողական կենտրոնի աշխատակցուհի է (սոցիոլոգ)։ Պարզվեց, որ նա անխտիր ծանոթանում է բուժվողների հետ, զրուցում, նրանց հոգեպես կյանքի կոչում։ Այդպես եղավ նաեւ ինձ հետ։ Ինձ վրա մեծ ներգործություն թողեց նաեւ վերականգնողական կենտրոնի համալիրում գործող, նրա հիմնադրած «Ոգեղեն ուժ» սոցիալական կենտրոն Վարուժան Կարապետյանի թանգարանը։ Թանգարանը հարուստ է ինչպես արցախյան շարժման, այնպես էլ Մեծ հայրենականի, մեր պատմության, մշակույթի ցուցանմուշներով (լուսանկարներ, թերթեր, բրոշյուրներ, գրքեր, մենագրություններ)։ Ինձ ավելի հպարտ զգացի, երբ թանգարանում տեսա Վարուժան Կարապետյանի վրձնանկարները։ Ուրախացա նաեւ, երբ իմացա, որ թանգարանը ի պաշտպանություն Վարուժանի հավաքել էր մոտ 1,5 մլն ստորագրություն։ Երբ իմացա, որ Վարուժան Կարապետյանը արդեն Երեւանում է, ուրախությանս չափ չկար, բուժվող ազատամարտիկներս օր ու ժամեր հաշվեցինք, որ Վարուժան Կարապետյանը իր հաճախման առաջին օջախներից մեկը կդարձնի թանգարանը եւ մենք էլ կհանդիպենք, ձեռքը կսեղմենք, բայց… մենք դեռ սպասում ենք։ Ես չեմ կարող չնշել հարեւան հիվանդասենյակիս զինհաշմանդամ, անդամահատված ոտքով Վարուժան Խաչատրյանի գրառումը թանգարանի հուշամատյանում։ Մեջբերում եմ առանց խմբագրման։ «Սեդա ջան, եթե լինի պահ, որ այդ պահին զգաս մեր կարիքը, դու իմացիր, որ միայնակ չես, քո կողքին կանգնած ենք բոլորովս, քո եւ թանգարանի պահապաններս…»։ Թանգարանի տարածքին աչք դրած պարոնները թող հասկանան, որ թանգարանի հիմնադիրը մենակ չէ։ Հավանաբար, այդ պարոնների կրկին աշխուժացման պատճառն այն է, որ թանգարանը պետականորեն դեռ չի ճանաչվել, թեեւ այդ մասին գրավոր դիմել են վարչապետին մի տարի առաջ։ Սակայն ով՝ ով, բայց ազատամարտիկներս թույլ չենք տա մեր հոգեհարազատ օջախը փոխել այլ տարածքով։ ՀՐԱՆՏ ՄԱՅԻԼՅԱՆ 1-ին կարգի զինհաշմանդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել