Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ

Հունիս 06,2001 00:00

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է Եվ հանձնարարել դպրոցներում պոռնո սայթերի վրա արգելք դնել ԱՄՆ-ի կառավարության՝ Հայաստանի դպրոցներում ինտերնետ կենտրոններ բացելու ծրագիրը սկսվել է երեք տարի առաջ։ Սակայն պոռնո սայթեր մուտքն արգելող ծրագրեր սկսել են տեղադրել միայն երկու շաբաթ առաջ՝ «Առավոտի» ահազանգից հետո, որ երեխաները պոռնո սայթեր են բացում։ Այս առնչությամբ որոշ հարցերի խնդրեցինք պատասխանել Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ջոն Բալյանին։ -Ինչո՞ւ ֆիլտրող ծրագրերի տեղադրումը չի կարեւորվել հենց ծրագրի սկզբում։ – Այդ ժամանակ ես դեռ այստեղ չէի, չգիտեմ, թե ինչու չէին մտածել այդ մասին։ Երեւի չէին սպասում, որ երեխաները կբացեն այդ սայթերը։ Թեեւ սպասելի էր. երեխաները հետաքրքրասեր են ու պիտի փորձեին ամեն ինչ։ Չգիտեմ, այն ժամանակ արգելող ծրագրեր տեղադրելը տեխնիկապես հնարավո՞ր էր, թե՞ ոչ։ Հենց առաջացավ այս հարցը, մենք անմիջապես ասացինք, որ ֆիլտրեր պիտի դնենք։ Բայց դա էլ վերջնական լուծում չէ։ Մարդիկ գտնում են այդ ֆիլտրող ծրագրերը շրջանցելու ձեւը։ Ֆիլտրեր, իհարկե, պետք է դրվեն, որովհետեւ դժվարացնում են այդ գործընթացը, բայց, իմ կարծիքով, այստեղ ամենակարեւորը մարդկային գործոնն է։ Դրա համար, երբ այս ծրագիրը սկսվեց, աշխատանքի հրավիրվեցին մարդիկ, ովքեր պետք է այդ ինտերնետ կենտրոններում հսկեին ողջ գործընթացը։ Իհարկե, եթե մեկ մանկավարժ է, չի կարող հետեւել սենյակում տեղադրված 5 համակարգիչների առջեւ նստած բոլոր երեխաներին։ Բայց նրա գործը դա է եւ պետք է անի։ Ես կարծում եմ, որ մարդկային գործոնը պետք է ուժեղացնել։ Մենք երկու տարի առաջ խնդիր ունեցանք մի դպրոցի հետ (դպրոցի անունը կարեւոր չէ) եւ ասացինք, եթե այդպես շարունակեք, մենք ինտերնետային կապից կզրկենք։ – Այդ ժամանակ արդեն չէի՞ք մտածում ֆիլտրող ծրագրերի անհրաժեշտության մասին։ – Այն ժամանակ դեռ նոր էի եկել եւ ծրագրին այդքան սերտ մասնակցություն չունեի։ Իմ նախորդը եւ տարբեր բաժինների ղեկավարներ հանդիպումներ ունեցան տնօրինուհու հետ, այդ հարցը հարթվեց երեւի մի քիչ։ Բայց երբ ես ստանձնեցի այս պաշտոնը, ասացի, որ շատ խիստ պիտի լինեմ։ Եվ որեւէ դպրոցից ահազանգ չունեինք։ Միշտ էլ հանդիպում էինք դպրոցների հետ, խոսում ծրագրերի մասին, ոչ մի դպրոց չէր ասել, որ նման խնդիր կա։ Եթե մեր ողջ ռեսուրսները դնեինք, որ հետեւեինք այս դպրոցներին, ուրիշ գործ չէինք անի։ Եվ չի կարելի, որ դպրոցում ամեն օր լինենք եւ հսկենք։ – Ծրագիրն իրականացնող «Պրոջեքթ Հարմոնի» կազմակերպության գլխավոր սերվերից հնարավոր է ճշտել, թե որ դպրոցում ինչ սայթեր են բացում։ Այսինքն իրենք գիտեին այդ մասին եւ կարող էին ավելի վաղ տեղյակ պահել։ Մանավանդ որ, «Պրոջեքթ Հարմոնին» այլ երկրներում էլ նման ծրագրեր իրականացրել է եւ գիտեր, որ նման պրոբլեմ կա։ – Հիմա էլ ուշ չէ այդ հարցը լուծելու համար։ Ես պետք է խոսեմ «Պրոջեքթ Հարմոնիի» հետ, որ այնտեղ էլ խստացնեն ռեժիմը։ Եթե իրենք տեսնում են, թե ով որ սայթերն է մտնում, իրենք անմիջապես պիտի քայլեր ձեռնարկեն։ Ի վերջո, «Պրոջեքթ Հարմոնին» է պատասխանատու դրա համար։ Ամերիկայի կառավարությունը դրամաշնորհ է տվել այդ կազմակերպությանը եւ պատվիրել կատարել այդ գործը։ Բայց մենք նաեւ վերահսկում ենք։ Երբ «Առավոտում» հրապարակումը եղավ, դեսպանը շատ զայրացել էր, թե ինչպես կարելի է եւ անմիջապես հանձնարարեց հետեւել, լուծել հարցը եւ զեկուցել, որովհետեւ այդ երեւույթն անհանդուրժելի է։ Այս հարցը հիմնական պիտի լուծենք։ Սա երկսայրի սուր է։ Դուք էլ ձեր հրապարակման մեջ նշել էիք, որ ափսոս է, եթե այս պատճառով դպրոցները ինտերնետային կապից զրկվեն։ Չենք զրկի, բայց եթե գործը հասնի նրան, որ չկարողանանք հսկել, ավելի արմատական միջոցների պիտի դիմենք։ Առաջին հերթին պետք է ուժեղացնել մարդկային վերահսկողությունը, դրան զուգահեռ ֆիլտրող ծրագրերը պիտի տեղադրենք։ Ես արդեն դիմել եմ Վաշինգթոնին, որ միջոցներ տրամադրեն այդ ծրագրերի համար։ – Արդեն որոշ դպրոցներում տեղադրել եք ֆիլտրեր։ – Այո, առաջինը Աբովյանի դպրոցն էր, որտեղ փորձնականորեն այդ ծրագիրը տեղադրել ենք հենց նույն օրը, երբ հոդվածը լույս տեսավ։ Ամեն ինչ պիտի անենք, որ այդ հարցը լուծենք։ – Դեսպանն անձամբ շատ է հետաքրքրված դպրոցներում կենտրոններ բացելու այս ծրագրով։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ – Երբ առաջին 12 դպրոցներում ինտերնետ կենտրոններ բացեցինք, տեսանք, որ խանդավառություն կա եւ մեծ օգուտ է տալիս։ Ինտերնետը հնարավորություն է տալիս, որ Հայաստանի տարբեր շրջանների միջեւ կապ լինի, զգան, որ նույն երկրի մասն են կազմում։ Դա կնպաստի երկրի կայունությանը։ Ինտերնետը նաեւ միջոց է, որ Հայաստանը կապ ունենա աշխարհի հետ։ Դա կնպաստի նոր գաղափարների մուտքին Հայաստան, նաեւ այստեղի գաղափարները դուրս կգնան, մարդկանց մտահորիզոնները կընդլայնվեն եւ դա կնպաստի ժողովրդավարության կայացմանն ու արմատավորմանը։ Այն հասարակությունները, որոնք շատ տեղեկություններ ունեն, բաց հասարակություններ են, այսինքն՝ ավելի ազատ ու ժողովրդավար են։ – Ի՞նչ սկզբունքով եք ընտրել, թե Հայաստանի որ շրջաններում պետք է ինտերնետ կենտրոններ բացվեն։ – Ծրագրի հենց սկզբում որոշեցինք, որ բոլոր շրջաններում էլ պիտի բացենք ու մանավանդ այն շրջաններում, որ դրա կարիքը ունեն, մեկուսացված են, օրինակ, Մեղրին։ Կենտրոններ պիտի բացենք նաեւ Սիսիանում, Գորիսում եւ Քաջարանում։ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել