ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է Երեկ տեղեկացանք, որ Մեղրիի եւ Ագարակի քաղաքապետերը, բոլոր գյուղապետերն ու ավագանու անդամները, ինչպես նաեւ՝ «Հանրապետություն» կուսակցության, ՀԺԿ, ՀՀԿ, ՀԿԿ Մեղրիի տարածքային կազմակերպությունների ղեկավարներն ու նախկին պատգամավոր Դավիթ Մաթեւոսյանը համատեղ հայտարարություն են արել, ուր մասնավորապես ասված է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ամենատարբեր ատյաններով տարածվող տեղեկատվությունից ենթադրվում է, որ, որպես փոխզիջում, Լաչին միջանցքի, կոմունիկացիաների գործարկման պատրվակով նախատեսվում է Մեղրիի տարածքով միջանցքի տրամադրում Ադրբեջանի Հանրապետությանը»։ Հայտարարության հեղինակները կողմ լինելով հակամարտության խաղաղ եւ փոխզիջումային հրատապ կարգավորմանը, հիշեցրել են նաեւ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների նույնիսկ ծայրահեղ լարված ժամանակահատվածում՝ 1991- 92թթ., առանց կողմնակի ուժի աջակցության Մեղրիի տարածքով ապահովվել է երկաթուղու գործունեությունը, ինչը նաեւ տեղի ազգաբնակչության պետական մտածելակերպի դրսեւորում էր։ Նրանք շեշտել են նաեւ, որ հիշյալ կոմունիկացիայի գործունեությունը դադարեցվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ Հայաստանը շրջափակելու նպատակով»։ Ելնելով վերոհիշյալից, վերը թվարկված անձինք եւ քաղաքական ուժերը հայտարարել են՝ «1. Հակամարտության կարգավորման փոխզիջումային փաթեթում Մեղրիով միջանցքի տրամադրումը կամ կոմունիկացիաների վերաբացման նպատակով խաղաղապահ ուժերի տեղակայումը ոչ միայն չի նպաստում հակամարտության կարգավորմանը, այլ՝ ուղղակիորեն սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ ազգային անվտանգությանը։ 2. Բացառելով միջանցքի գոյությունը եւ խաղաղապահ ուժերի առկայությունը, կոմունիկացիաների գործարկումը համարում ենք անհրաժեշտություն եւ մեր չափով պատասխանատվություն ենք ստանձնում նրա անխափան գործունեության համար։ 3. Մեղրիով միջանցքի տրամադրումը կամ կոմունիկացիաների գործարկման պատրվակով խաղաղապահ ուժերի տեղակայումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որի ողջ պատասխանատվությունը կընկնի հարցի նման ընթացք ապահովել ցանկացողների վրա»։