Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստը տեւեց մոտ չորս ժամ։ Հա

Հունիս 06,2001 00:00

ՍՏԵՂԾՎԵԼ Է ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՑՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ-2 «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստը տեւեց մոտ չորս ժամ։ Հանձնաժողովի անդամները նախագահի տեղակալ ընտրեցին Գագիկ Կոստանդյանին։ Մինչ այդ նախագահ Վահագն Գրիգորյանն առաջարկեց Գրիգոր Հարությունյանի թեկնածությունը եւ շատ խնդրեց, որ վերջինս տեղակալ դառնա։ Սակայն պրն Հարությունյանը կրկնեց նախորդ նիստի իր ինքնաբացարկը։ ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանն ասաց, թե պետք է նախագահի տեղակալը պրոֆեսիոնալ լինի, եւ առաջարկեց Կիմ Բալայանի թեկնածությունը։ Վերջինս եւս ինքնաբացարկ հայտարարեց։ Հանգիստ ու սահուն ընտրվեց Գագիկ Կոստանդյանը։ Օրակարգի հաջորդ հարցը կանոնակարգի հաստատումն էր։ Ի դեպ, չգիտես ում կողմից գրված եւ հայտնված կանոնակարգի ստեղծմանը անդամներից ոչ ոք, նաեւ՝ ԱԺ Իրավաբանական վարչությունը, չէին մասնակցել։ Թեպետ, նախորդ նիստից հետո հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ կանոնակարգի ստեղծմանը կմասնակցի նաեւ այդ վարչությունը։ Ինչեւէ, հետաքրքիրն այն է, որ գրված կանոնակարգից, բուռն քննարկումների արդյունքում, գրեթե ոչինչ չմնաց, կամ այն, ինչ մնաց, ուրիշ կանոնակարգից էր։ Բոլորովին անսպասելի չէր, որ ՀԺԿ-ի կողմից արված բոլոր փոփոխություններն ընդունվեցին։ Թերեւս հարմար պահի կարելի է ասել նաեւ՝ ձեր ուզած կանոնակարգն է, աշխատե՛ք, ՀԺԿ ջան։ Մասնագիտական մանրամասներով ընթերցողի ուշադրությունը չծանրաբեռնենք, պարզապես մի քանի կարեւոր մանրամասներ նշենք։ Ութ «կողմ»-ով ընդունվեց առաջարկն այն մասին, որ կանոնակարգից դուրս գա «Հանձնաժողովի աշխատանքային ենթախմբեր» բաժինը։ Անդամները չեն աշխատի ըստ ենթախմբերի, այլ՝ ով ուր կուզի եւ երբ կուզի՝ կգնա։ Խոսքը, հասկանալի է, մեկուսարանի մասին է։ Ի դեպ, Նապոլեոն Ազիզյանը շատ տեղին առաջարկ արեց այն մասին, որ որեւէ անդամ միայնակ իրավունք չունենա այցելել մեկուսարան, ճիշտը 2-3 անդամով այցելելն է։ Հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ ինքնադրսեւորման։ Ամեն մեկը՝ յուրովի։ Նախ մեկուկես ժամից ավելի ուշացած ներկայացան Ֆիլարետ Բերիկյանը, Գեղամ Գասպարյանը եւ Նապոլեոն Ազիզյանը։ Սուքիաս Ավետիսյանը նիստի ընթացքում բազմաթիվ անգամ խոսեց բջջային հեռախոսով։ Ստեփան Զաքարյանն ու Գրիգոր Հարությունյանն իրենց առաքելությունը պարտաճանաչ կատարեցին՝ ներկայացնելով մոտ ինը կետից բաղկացած իրենց առաջարկները։ Խորեն Սարգսյանը գրեթե չէր միջամտում, բացի մեկ-երկու դեպքից. մեկն այն էր, որ ինքը առաջարկեց տեղակալի պաշտոնի համար Գագիկ Կոստանդյանին։ Կիմ Բալայանն արձագանքում էր ամեն ինչին, նույնիսկ երկու անգամ նախագահին դիտողության պես մի կոչ ուղղեց. «Նիստը վարեք»։ Թեպետ նիստն ընթանում էր խիստ արդյունավետ եւ աշխատանքային մթնոլորտում։ Զարմացրեց Հակոբ Հակոբյանը, որն իր օրիգինալ առաջարկներով պարզապես զվարճացնում էր։ Օրինակ՝ բացատրեց մեկուսարանում գտնվողների հոգեբանության առանձնահատկությունները, ասելով, թե այլ բանտարկյալներ, եթե իմանան, որ իրենց արդար ինֆորմացիայի համար կվճարեն կամ համաներում կստանան, շատ բաներ կպատմեն։ Հասկանալի է, թե ինչպիսի արձագանք ունեցավ այս առաջարկը։ Այժմ անդրադառնանք հանձնաժողովի եւ լրատվամիջոցների աշխատանքին։ Մեր մասնակցությունն առաջին պահից Կիմ Բալայանի սրտով չէր, վերջինս առաջարկեց, որ լրագրողները դուրս գան։ Գրիգոր Հարությունյանը պնդեց՝ քանի որ մասնակցությունն արգելելու որոշում չեն կայացրել, ուրեմն լրագրողները թող մնան։ Ավելի ուշ ընկեր Բալայանն առաջարկեց՝ արգելել այն լրագրողների մասնակցությունը, ովքեր վատ կլուսաբանեն հանձնաժողովի աշխատանքները։ Այս ամենի պսակը ԱԺՄ ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանն էր՝ իր խիստ բորբոքված տոնով, երբ «Առավոտի» լրագրողի բացակայությամբ՝ նրա հասցեին մի քանի անպարկեշտ արտահայտություններ թույլ տվեց։ Պրն Բերիկյանը որպես անձնական վիրավորանք էր ընդունել մեր այն կասկածը, թե հանձնաժողովը չի կարող լիարժեք աշխատել եւ դառնալու է խամաճիկների հանձնաժողով։ Պրն Բերիկյանն ավելի լավ ձեւ չգտավ մեր վերոհիշյալ կասկածը ցրելու, քան այն, որ ասաց, թե «այդ տողերը գրողներն են էժան խամաճիկներ»։ Մեր նպատակը չէ հեռակա բանավեճի մեջ մտնել ազգային երեսփոխանի հետ, բայց գտնում ենք, որ նման պատասխանատու հանձնաժողովում աշխատելու համար պատգամավորին ավելի ուժեղ նյարդեր են հարկավոր։ Ավելի ուշ «Առավոտը» փորձեց պարզել, թե հանձնաժողովի անդամներից ուրիշ ովքե՞ր են վիրավորված։ Ստացվեց, որ միակ խորապես խոցվածը վերոհիշյալ պատգամավորն է։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Գրիգորյանը տուրք չտվեց նման ճաշակին եւ առաջարկեց լրագրողների հետ հանգիստ աշխատել, ասաց նաեւ, թե լրատվամիջոցները միայն կարող են օգնել իրենց. «Որեւէ մեկն իրավունք չունի որեւէ մեկին վիրավորել, մանավանդ, լրագրողն իր տեսակետն է արտահայտել։ Ես ուղղակի չեմ ուզում, որ այդ բանն առաջանա լրագրողի եւ մեր հանձնաժողովի մեջ։ Ես կյանքում լավատես եմ եւ վիրավորված չէի, պարզապես վրդովված էի, որ ճիշտը չէիք գրել։ Ես, իրոք, ձեր մասնագիտության նկատմամբ շատ մեծ հարգանք ունեմ։ Պետք է ճիշտ հարաբերություններ լինեն»։ Գագիկ Կոստանդյանի կարծիքը լրագրող-հանձնաժողով հարաբերությունների մասին հետեւյալն էր. «Ով ինձ ճանաչում է, դժվար այդպիսի կարծիք ունենա, թե ես կամակատար կլինեմ։ Կյանքը ցույց կտա, աշխատանքը ցույց կտա։ Բայց այսօր հանձնաժողովին վարկաբեկելը ես կարծում եմ, սխալ է եւ անպարկեշտ»։ Ստեփան Զաքարյանի կարծիքը հետեւյալն էր. «Ցանկալի կլիներ, որ որակումներ չլինեին՝ կապված մամուլի եւ լրագրողների վերաբերյալ։ Ես չեմ համարում, որ մամուլի հրապարակումներին որակումներ տալը հանձնաժողովի աշխատանքն է։ Հանձնաժողովը պետք է կոնկրետ գործով զբաղվի։ Ձեր դիտարկումից ես բոլորովին չեմ վիրավորվել, որովհետեւ ամեն մեկն իր համար է պատասխանատու։ Ես նման վախ չունեմ, թե կդառնամ մի ուրիշ բան, քան այն, ինչ որ կամ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել