Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Հունիս 05,2001 00:00

ՆՈՐԻՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Հայկ Բոյաջյանը մեր նշանավոր սփյուռքահայ կոմպոզիտորներից է, որն իր կայուն տեղն է վաստակել երաժշտասերների սրտերում։ Ծնվել է Ֆրանսիայում, ուսանել՝ Արգենտինայում, մասնագիտական կրթություն ստացել ԱՄՆ-ում։ Երիտասարդ տարիներից իր գործերը հաճախ հնչել են համերգներում, ճանաչում բերելով վերացական ոճին հանգող հեղինակին։ Շրջադարձային էր Բոյաջյանի համար իր առաջին այցը Հայաստան 1983-ին։ Բոյաջյանին հրավիրել էր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր Ցիցիլիա Բրուտյանը, որը ջանասիրությամբ հավաքում էր սփյուռքահայ կոմպոզիտորների անուններն ու երկերը, որ հայրենիքը եւ իր՝ աշխարհով մեկ սփռված զավակները չկորցնեն միմյանց։ Կոմպոզիտորների միությունը գեղեցիկ անակնկալ նվիրեց Հայկին, կազմակերպելով նրա երկերից բաղկացած համերգ՝ Երեւանի երաժիշտների կատարմամբ։ Հայկի ստեղծագործության մեջ մի նոր էջ բացվեց, նա գրեց «Լռության պահը» օրատորիան` ի հիշատակ Մեծ եղեռնի, ծավալուն մի գործ, որ ցնցում է ունկնդրին։ Օրատորիան առաջին անգամ հնչեց 1986թ. ապրիլի 21-ին։ Սանդերս թատրոնի «Հիշատակ» դահլիճում, Բոստոն քաղաքում, ուր հայ գաղութի միահամուռ ջանքերով հավաքվեց անհրաժեշտ գումարը, իրագործվեցին մտահղացումները։ «Լռության պահը» օրատորիայի համերգային երեկոն իրադարձություն էր, հուսով եմ, որ այն կհնչի Երեւանում նույնպես։ Բոյաջյանը մշակել է մի քանի հայկական երգ, գրել է «Քաջն Արա» վարիացիաներ եւ Հայաստանի անկախությանն արձագանքել է «Ազատ» խորագրով գեղեցիկ կվարտետ հորինելով։ Բոյաջյանը այժմ ներգրավված է ու ջանասիրությամբ մասնակցում է հայրենիք-սփյուռք փոխադարձ կապերի ամրապնդմանը, անդամ է Հայաստանի Կոմպոզիտորների միության, նախագահության կազմում է «Քեմբրիջ-Երեւան քույր քաղաքներ» եւ «Հայ արուեստաց միություն» ընկերությունների։ Հայկը անդամ է նաեւ մի քանի ստեղծագործական միությունների, օրինակ՝ «Ամերիկյան երաժշտական կենտրոն», «Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների, հրատարակիչների ընկերություն»։ Հայկի երկերը հնչում են Լեհաստանում, Արգենտինայում, Բրազիլիայում, Կենտրոնական Եվրոպայում եւ այլուր։ Հայկի ժպտասեր բնավորության արգասիքն են նրա կատակային պիեսները. «Գուգլի-գուուն» մի բառ է, որ իմաստ չունի, բայց արտահայտում է անհոգ, թեթեւ վիճակ, իսկ «Դոնկին դոնաթ» ֆանտազիան կատակային տեսարան-երկխոսություն է երգչուհու եւ պոետի միջեւ։ Լինելով ԱՄՆ քաղաքացի, Բոյաջյանը անդրադարձել է տեղի բնիկ հնդիկների թեմային՝ հորինելով սիմֆոնիա «Ասք հնդիկների» խորագրով, որտեղ արտահայտել է հավատքը դեպի այդ ժողովրդի վերածնունդը։ Բոյաջյանը բեղմնավոր հեղինակ է, գրում է տարբեր գործիքների, համույթների եւ սիմֆոնիկ նվագախմբի համար։ Հաճախ դիմում է գործիքների ոչ սովորական խմբավորմանը։ Ունի մենանվագներ հոբոյի, մանդոլինի, սրնգի, տավղի, ջութակի համար, արտակարգ գեղեցիկ են թավջութակի նոկտյուրնները։ Հայկի գալիք այցը Հայաստան եւ համերգը նվեր է երաժշտասերներին։ Հայկ Բոյաջյանի համերգը տեղի է ունենալու Երեւանի Կամերային երաժշտության տանը, հունիսի 18-ին: ՆԵԼԼԻ ՍԱԴՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել