Լրահոս
Օրվա լրահոսը

Լվացքի պարանը կտրելը փոքրիկ «չարաճճիություն» է

Հունիս 05,2001 00:00

Լվացքի պարանը կտրելը փոքրիկ «չարաճճիություն» է Հարեւանիս կողմից Կովկասյան 78 հասցեում գտնվող իմ տան լուսավորությունը փակող ապօրինի շինությունների հարցով 2 տարի դիմում եմ թաղային եւ քաղաքային բոլոր հնարավոր ատյաններին։ Հարցին երկու անգամ անդրադարձել է նաեւ Ձեր թերթը։ Չնայած բոլորն էլ հաստատում են, որ կառուցված շինությունները անօրինական են, հողազավթումով ուղեկցվող, եւ այն աստիճան փակել են մեր բնակարանի լուսավորությունը, որ բնակվելու բոլոր նորմերը խախտված են, սակայն ինձ համար անըմբռնելի անհետեւողականությամբ պետական մարմինները հրաժարվում են վերացնել ապօրինությունը։ Իշխանությունների այսպիսի պահվածքը թեւավորում է հարեւանիս։ Անպատժելիությունից ոգեւորված՝ հարեւանս արդեն անցել է ֆիզիկական հաշվեհարդարի։ Ընդհանուր կոյուղին փակելը կամ լվացքի պարանները կտրելը նրա ընդամենը նախնական փոքրիկ «չարաճճիություններն» էին։ Գտնվելով մշտական սպառնալիքի ներքո, ես չգիտեմ ինչ անել, ինչպես ապրել։ Պետական մարմինները զարմանալի ներողամտություն են ցուցաբերում անօրինություն թույլ տված հարեւանիս նկատմամբ։ Դատական մարմինները հրաժարվում են զբաղվել ապօրինի շինարարությամբ՝ պատճառաբանելով, որ դա քաղաքապետի բացառիկ իրավասությունն է։ Քաղաքապետ Ռ. Նազարյանն ինձ ընդունելության ժամանակ առաջարկեց սպասել, մինչեւ ապօրինի շինարարության խնդրի օրենսդրական կարգավորումը։ Պարոն Նազարյանն իհարկե բարձրաստիճան պաշտոնյա է եւ լավ քաղաքապետի համբավ է վայելում, ես նրան հակաճառելու հանդգնությունը չունեմ, սակայն ամեն օր արթնանալով՝ ես իմ պատուհաններից Աստծո արեւի լույսի փոխարեն տեսնում եմ այդ լույսը փակած շինությունները, ամեն մի ելումուտի ժամանակ լսում հարեւանների հոխորտանքը, սպառնալիքներն ու հայհոյանքը։ Ինչո՞ւ ես չունեմ նորմալ եւ առանց ամենօրյա վախի ապրելու իրավունք, ո՞ր հանցանքիս համար։ Եվ ինչո՞ւ ապօրինություն թույլ տալու համար օրենսդրական դաշտը խանգարիչ չէ, իսկ այդ ապօրինությունը կասեցնելու կամ վերացնելու համար այդ օրենսդրական դաշտը իբր թե բավարար չէ։ Ես միայնակ կին եմ եւ ապրում եմ ծեր ու հիվանդ ծնողներիս հետ։ Թախանձագին խնդրում եմ Ձեր օգնությունը այս անելանելի վիճակից դուրս գալու համար։ ԷՄՄԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել