Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ եվրոպական խմբում հանդես եկող Հայաստանի

Հունիս 05,2001 00:00

Ոչ-ոքի՝ գրեթե հիսուն տոկոսանոց կազմով Ֆուտբոլի աշխարհի 2002թ. առաջնության ընտրական մրցաշարում 5-րդ եվրոպական խմբում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականը շաբաթ օրն ընդունեց խմբի առաջատարներից մեկին՝ Բելառուսի թիմին։ Գրանցված զրոյական ոչ-ոքիի համար մեկ ուրիշ անգամ գուցե թե հանդիմանեինք մեր թիմին սեփական հարկի տակ միավոր կորցնելու համար։ Սակայն նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը սրտի ցավով լրագրողներին տեղեկացրեց, որ տարբեր պատճառներով խաղադաշտ չեն մտնի հիմնական կազմի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ, մասնավորապես, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Ոսկանյանը, Արմեն Շահգելդյանը, Անդրեյ Մովսիսյանը, Ռոման Բերեզովսկին։ Փաստորեն, հանդիպմանը մեր ազգային հավաքականը ներկայանալու էր իր իրական հնարավորությունների մոտ 60 տոկոսով։ Այս պարագայում թիմին մեծ պահանջներ չէին ներկայացվում, առավել եւս, որ բելառուսցիները դաշտ էին մտնելու իրենց մարտական կազմով։ Ինչեւէ, հյուրերն անմիջապես դիմեցին վճռական քայլերի՝ չթաքցնելով իրենց մտադրությունները։ Անչափ կարեւոր էր, որպեսզի ձախողումներ թույլ չտար մեր պաշտպանությունը։ Եվ այդ բանը նրանց ընդհանուր առմամբ, թեեւ դժվարությամբ, հաջողվեց։ Զգացվում էր, որ մեր տղաները մի տեսակ չէին կարողանում հաղթահարել մեկնարկային հուզմունքը։ Եվ անսխալ գործելու չափից ավելի մեծ ձգտումն էր, որ նրանց խանգարում էր արագ կարգավորելու գործողությունները։ Այդուհանդերձ, առաջին վտանգավոր պահը ստեղծեցին մեր ֆուտբոլիստները, երբ 10-րդ րոպեին ձախից մրցակցի տուգանային հրապարակ կատարած փոխանցումից հետո Արման Քարամյանը քիչ էր մնում բաց աներ հաշիվը։ Չանցած 5 րոպե, արդեն հյուրերն անչափ վտանգավոր գրոհ կազմակերպեցին։ Բարեբախտաբար, Ռոման Վասիլյուկը մոտ տարածությունից վրիպեց։ Լարվածությունն ու նյարդայնությունը գնալով սաստկանում էին։ Ու, ցավոք, դա ավելի շատ զգացվում էր մեր տղաների խաղում։ 20-րդ րոպեին դաշտի կենտրոնական հատվածում մեր պաշտպանները կոպիտ սխալ թույլ տվեցին ու հյուրերի հարձակվողը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի առջեւ։ Միանգամայն անկաշկանդ վիճակում հայտնվելով, նա արագության տակ շրջանցեց ընդառաջ դուրս եկած դարպասապահ Հարություն Աբրահամյանին ու հարվածեց ազատ դարպասին։ Գնդակը հրաշքով չհայտնվեց ցանցում, այլ դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Սակայն դա վերջին անցանկալի պահը չէր մեր դարպասի առջեւ։ 45-րդ րոպեին բելառուսցիները աջ եզրից սուր գրոհ ձեռնարկեցին։ Ստեղծված խառնաշփոթում նրանց խաղացողը հարվածեց դարպասին եւ այս անգամ էլ փրկության հասավ հորիզոնական դարպասաձողը։ Երկրորդ խաղակեսը մեր հավաքականն սկսեց ավելի ակտիվ եւ իրար ետեւից երկու վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի առջեւ։ Ընդհանրապես, հենց որ տղաները արագություն էին հաղորդում խաղին, մրցակիցը խեղճանում էր, խամրում։ Հանդիպման մնացած ժամանակն էլ անցավ փոխադարձ վտանգավոր գործողություններով, որտեղ առավելությունը Բելառուսի կողմն էր, սակայն ոչ մեկին չհաջողվեց հասնել հաջողության։ Խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Դիտարժանության տեսակետից Հայաստան-Բելառուս հանդիպումը չստացվեց։ Սակայն արդյունքը պետք է որ գնահատվի բավարար։ Նույն օրը Եվրոպայի 9 խմբերում կայացավ 22 խաղ։ Ահա դրանցում գրանցված արդյունքները եւ մրցաշարային աղյուսակները։ 1-ին խումբ. Ռուսաստան-Հարավսլավիա՝ 1։1, Սլովենիա-Լյուքսեմբուրգ՝ 2։0, Ֆարերներ-Շվեյցարիա՝ 0։1 2-րդ խումբ. Էստոնիա-Հոլանդիա՝ 2։4, Իռլանդիա-Պորտուգալիա՝ 1։1։ 3-րդ խումբ. Իսլանդիա-Մալթա՝ 3։0, Հս. Իռլանդիա-Բուլղարիա՝ 0։1, Դանիա-Չեխիա՝ 2։1։ 4-րդ խումբ. Թուրքիա-Ադրբեջան՝ 3։0, Մակեդոնիա-Մոլդովա՝ 2։2, Շվեդիա-Սլովակիա՝ 2։0։ 5-րդ խումբ. Ուկրաինա-Նորվեգիա՝ 0։0, Ուելս-Լեհաստան՝ 1։2։ 6-րդ խումբ. Խորվաթիա-Սան Մարինո՝ 4։0, Բելգիա-Լատվիա՝ 3։1։ 7-րդ խումբ. Իսպանիա-Բոսնիա՝ 4։1, Լիխտենշտեյն-Իսրայել՝ 0։3։ 8-րդ խումբ. Վրաստան-Իտալիա՝ 1։2, Ռումինիա-Հունգարիա՝ 2։0։ 9-րդ խումբ. Հունաստան-Ալբանիա՝ 1։0, Ֆինլանդիա-Գերմանիա՝ 2։2։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել