Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 3-ին Կամերային երաժշտության տանը կայացավ վարսահարդարման արվեստի Հայաստանի 3-րդ բաց առաջնությ

Հունիս 05,2001 00:00

Սանրվածքների սթրիփթիզ-շոու Հունիսի 3-ին Կամերային երաժշտության տանը կայացավ վարսահարդարման արվեստի Հայաստանի 3-րդ բաց առաջնությունը։ 25 մասնակիցներից 8-ը դարձան դիպլոմակիրներ։ Երեք ժանրերում (դիմահարդար, կանանց եւ տղամարդկանց վարսահարդար) 1-3 տեղերը գրաված վարսահարդարներին դիպլոմներից ու նվերներից բացի հանձնեցին մրցանակային գավաթներ։ Կանացի երեկոյան սանրվածքներում գերիշխում էր կարմիր գույնը։ Տղամարդկանց վարսահարդարները մրցում էին «Ժամանակակից կարճ սանրվածք» եւ «Երկար մազերի սալոնային սանրվածք» կարգերում։ Ժամանակակից կարճ սանրվածքի խնդիրը կարծես լուծված էր. հիմնականում կարճ բիզ-բիզ կամ անփութորեն ճակատին թափված մազերը տպավորություն էին ստեղծում, թե մոդելները դիմադրել են ուժգին քամուն։ Այսպիսի սանրվածքով տղաների Երեւանում, շատ չէ, բայց հանդիպում ենք։ Ու թեեւ երկար մազերով տղամարդիկ էլ հազվագյուտ չեն մեզ մոտ, բայց մրցույթի ժամանակ կարծես չերեւացին։ Մեր տպավորությամբ, լավագույնը դեկորատիվ կոսմետիկայի վարպետներն էին։ Առաջնությանը մասնակցող դիմահարդարների թիվը թեեւ շատ փոքր էր՝ ընդամենը երեք հոգի, բայց նրանց աշխատանքի արդյունքում մոդելները հեքիաթային հիասքանչ էակների կերպարանք էին ստացել։ Երեք մասնակիցներն իրար մեջ բաժանեցին 1-3-րդ տեղերը (Լիլիթ Առաքելյան 3-րդ տեղ, Լիլիթ Բադալյան-2-րդ տեղ եւ Գոհար Այվազյան-1-ին տեղ)։ Տղամարդկանց վարսահարդարների մրցույթում 1-3-րդ տեղերը գրավեցին Համբարձում Ավետիսյանը (3-րդ տեղ), Էդուարդ Պողոսյանը (2-րդ տեղ) եւ Հաբեթ Ավետիսյանը (1-ին տեղ)։ Կանանց վարսահարդարներից առանձնացավ հետեւյալ եռյակը. Ռաֆայել Սահակյան (3-րդ տեղ), Վահրամ Ասոյան (2-րդ տեղ) եւ Մերի Քոչարյան (1-ին տեղ)։ Ի դեպ, կանանց վարսահարդարներից նրանք, ովքեր չգրավեցին մրցանակային տեղերը, բավականին հուզվել էին ու գտնում էին, թե ժյուրին անարդար է գնահատել։ Ժյուրիի անաչառությանը կասկածելու որեւէ պատճառ չունենք, սակայն հանդիսականներից շատերի կարծիքով առաջին տեղը գրաված մասնակցի աշխատանքի արդյունքը ոչնչով աչքի չէր ընկնում, դեռ ավելին, ինչպես նկատեց դահլիճում բավական մեծ թիվ կազմող տղամարդկանցից մեկը. «Էս «պրիչոսկից» մեր գարաժի ճոռո Սաքոն էլ կարար սարքեր»։ Մրցանակաբաշխությունից անմիջապես հետո պիտի սկսվեր Աշխարհի եւ Եվրոպայի բացարձակ չեմպիոն Սերգեյ Զվերեւի շոուն։ Բայց այնքան ուշացավ, որ հանդիսականների մի մասը երկար սպասելուց հոգնեց ու դժգոհ հեռացավ, իսկ մյուս՝ ավելի համբերատար, մասը 20 րոպեն մեկ ծափահարում էր՝ հուսալով, որ Զվերեւը կլսի ու բեմ դուրս կգա։ Վերջապես երկար սպասված աստղը բեմ դուրս եկավ՝ շրջապատված կիսամերկ պարող տղամարդկանցով, որոնց ամբողջ գործը շոուի ընթացքում իրենց մերկ հետույքները ցուցադրելն էր։ Այդպես էլ չհասկացանք՝ ի՞նչ կապ ունեին սանրվածքները հետույքների հետ։ Երաժշտությանը համահունչ, ձեռքի վարժ շարժումներով, մոդելին չնայելով, Զվերեւը սկսեց ստեղծագործել։ Նա առիթը չկորցրեց մեկ անգամ եւս խայթելու իրենց բարձր գնահատող վարսահարդարներին, որոնք նախընտրում են «աստղ» մնալ իրենց փողոցում, բայց ոչինչ չգիտեն անել։ Ապա խնդրեց հանդիսատեսին՝ ծափերով աջակցել հայ մոդելներին՝ սայթաքելու, սխալ քայլելու եւ անգամ բեմից ցած ընկնելու դեպքում, քանի որ նրանք շատ են հուզվում, չէ՞ որ իրենց հետ «աստղ» է աշխատում։ Դե, մեր հանդիսատեսն էլ չխնայեց ծափերը ոչ Զվերեւի, ոչ սխալ քայլող մոդելների եւ ոչ էլ մերկ տղաների համար։ Զվերեւն իր պահվածքով մեկ անգամ եւս ապացուցեց իր «աստղ» լինելը։ Նրա արտիստիզմը, մոդելների վարսերի հետ խաղ-աշխատանքի զուգակցումը երաժշտությանը, միմիկան ստիպում էին մտածել, թե բեմում մի տաղանդավոր դերասան է։ Իսկ նրա ստեղծած ֆանտաստիկ գունեղ սանրվածքները կարծես արվեստի նմուշ լինեին։ Թեեւ մեր հանդիսատեսին այդ սանրվածքներից ավելի հուզում էին Զվերեւի արտաքինը, հագուկապը, փետուրները եւ մազերը։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել