Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները ստիպված են դատակ

Հունիս 05,2001 00:00

Ուսանողները դիմել են դատարան Ավանդական բժշկության ինստիտուտից Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողները ստիպված են դատական կարգով լուծել նախկին բուհի հետ՝ մոտ մեկ տարի ձգվող վեճը։ Ավանդական բժշկության ինստիտուտը մինչ օրս հրաժարվում է բուհից հեռացած ուսանողներին վերադարձնել նրանց անձնական փաստաթղթերը եւ տալ ակադեմիական տեղեկանք։ Այդ փաստաթղթերը երեխաներին անհրաժեշտ են՝ իրենց նախընտրած Հայկական բժշկական ինստիտուտում ուսումը շարունակելու համար։ Հիշեցնենք, որ այս վեճին նաեւ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությունն էր խառնվել, իսկ ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը շեշտել էր, որ առաջնայինը ուսանողների շահերն են։ Այժմ այդ շահերը պաշտպանելու միակ ուղին դատարանն է, քանի որ թե ծառայության միջամտությունը, թե երկու բուհերի ղեկավարների բանակցությունները անարդյունավետ էին։ Հայկական բժշկական ինստիտուտ տեղափոխված ուսանողներից տասնմեկը իրենց նախկին բուհից ակադեմիական տեղեկանքը եւ անձնական փաստաթղթերը ստանալու պահանջի մասին հայցով դիմել են Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարան (դատավոր՝ Աիդա Դավթյան)։ Արդեն երկու անգամ, երկուսն էլ՝ Ավանդական բժշկության ինստիտուտի խնդրանքով դատական նիստը հետաձգվել է։ Բուհի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը, նյութերին ծանոթանալու պատճառաբանությամբ, առաջին անգամ ժամանակ է խնդրել իր, երկրորդ անգամ՝ իր շահերի ներկայացուցչի համար։ Այսինքն՝ դատական նիստերը հետաձգելու միտում է նկատվում։ Այդ կարծիքին է ուսանողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արտավազդ Պետրոսյանը՝ թեեւ նշում է, որ օրենքի խախտում այստեղ չկա եւ դատական նիստերը հետաձգելու մյուս կողմի պահանջն օրինական է։ Այլ հարց է, թե որքանով է հավաստի այն պատճառաբանությունը, որ Ավանդական բժշկության ինստիտուտը ծանոթ չէր գործի նյութերին։ Սա, ինչպես հայտնի է, դատական նիստերը հետաձգելու ամենամոդայիկ պատճառաբանությունն է այսօր։ Արտավազդ Պետրոսյանի պնդմամբ՝ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտորի պատճառաբանությունները՝ ակադեմիական տեղեկանքը եւ մյուս փաստաթղթերը ուսանողներին չվերադարձնելու առնչությամբ, անհիմն են եւ օրինական հիմք չունեն։ նախ, ուսանողների հետ կնքված պայմանագրերը «ստորագրման պահից առոչինչ են», քանի որ այն ստորագրած ուսանողները այդ պահին անչափահաս են եղել։ Այս դեպքում պետք է լիներ նաեւ նրանց օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությունը, ինչը չկա։ Բացի այդ, բուհից բուհ տեղափոխման կարգը հաստատում է տվյալ բուհի ռեկտորը, մինչդեռ Ն. Սարիբեկյանը հղում է անում դեռեւս 1936թ. հաստատված խորհրդային կանոնակարգին, որը հակասում է անկախ Հայաստանի օրենսդրությանը, մասնավորապես «Կրթության մասին» ՀՀ օրենքին, ըստ որի «տվյալ մակարդակի կրթությունը չավարտած անձանց տրվում է համապատասխան տեղեկանք»։ Արտավազդ Պետրոսյանի գնահատմամբ՝ Նորիկ Սարիբեկյանը, խոչընդոտելով ուսանողների՝ այլ բուհում կրթությունը շարունակելուն, խախտում է կրթություն ստանալու նրանց սահմանադրական իրավունքը։ Ուսանողների ներկայացուցիչը նամակներ է հղել նաեւ ԱԺ նախագահին, ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին, ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Պարույր Հայրիկյանին եւ ԿԳ նախարար Էդուարդ Ղազարյանին՝ հարցի օրինական լուծմանն աջակցելու եւ Ավանդական բժշկության ինստիտուտի հավատարմագրման օրինականության մասին տեղեկանք ստանալու խնդրանքով։ Ուսանողները մտադիր են դիմել նաեւ միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Ավանդական բժշկության ինստիտուտի ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը «կեղծիք, շանտաժ ու անօրինական» որակեց ուսանողների պահանջը։ Պրն Սարիբեկյանը պնդում է, որ ոչ մի ուսանող ու ծնող գրավոր չի դիմել իրեն՝ ակադեմիական տեղեկանք եւ փաստաթղթեր ստանալու համար։ Թեեւ ուսանողներն էլ պնդում են, որ իրենց դիմումները ռեկտորը չի ընդունել։ Ն. Սարիբեկյանը վճռական է տրամադրված եւ պնդում է, որ «մեղավորները պիտի պատասխան տան»։ Դատարանը կորոշի, թե որ կողմի պահանջն է օրինական։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել