Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնգյակը» բեկում կմտցնի դատաքննությունում

Հունիս 05,2001 00:00

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը երեկ շարունակվեց Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանի նախորդ նիստի ժամանակ արված միջնորդությունների քննարկմամբ։

Եթե հիշում եք, փաստաբանը միջնորդել էր արդարադատության նախարարությունից «Հորիզոն» տեղեկատու-վերլուծական կենտրոնի հիմնադրմանն ու գործունեությանն առնչվող փաստաթղթերը, «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերը, վերջինիս նամակը՝ Ֆրանսիայի դեսպանատնից, Կենտրոնական բանկից՝ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի առկա շարժը, պետական եկամուտների նախարարությունից էլ՝ վերոնշյալ ՍՊԸ-ի հարկային պարտականությունների կատարման հետ կապված թղթերը։ Ի դեպ, գունավոր տիպեր (6 մլն դրամ արժողությամբ), ըստ գործում առկա տվյալների, պատվիրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում եւ փաստաբանը միջնորդել էր նաեւ, թե «Տիգրան Մեծում» այդպիսի պատվեր եղե՞լ է, թե՞ ոչ։

ՊԵՆ-ից պահանջվել էր նաեւ (ձեւակերպումների) մաքսային հիմքերը։ Բոլոր միջնորդություններն ըստ էության բավարարվեցին։

Մեղադրող կողմը՝ Հակոբ Մարտիրոսյանը միջնորդության բավարարմանը կողմ լինելով շեշտեց. «Ցանկացած միջնորդության, որը կվերաբերի ամբաստանյալի բարոյական կերպարի լուսաբանմանը, մենք դեմ չենք լինի»։ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի հետ կապված առարկությամբ հանդես եկած ամբաստանյալ Ն. Հունանյանն ասաց, որ ՍՊԸ-ն չի աշխատել եւ «ցուցում» տվեց, թե «ռեգիստրից հարցում արեք. գործունեություն ծավալե՞լ է»։

Ընդհանրապես, նա գտնում էր, թե «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերով չարժե ծանրաբեռնել գործը, ավելին՝ «վախեցրեց», թե ինքն էլ՝ «կես տոննա թղթեր կան տանը», կմիջնորդի, դրանք էլ կցել գործին. «Եթե մեր տան բազկաթոռի վրա կալանք է դրվել, ապա կարելի է դրա ծագմանն առնչվող փաստաթղթերն էլ վերցնել»,- շարունակեց նա։ Ի դեպ, երբ Ֆրանսիայի դեսպանատնից միջնորդվեց վերցնել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի նամակը (մասնավորապես ուղղված Ռընե Մելդոնյանին), ամբաստանյալը տեղեկացրեց, որ նամակը ինքը ստորագրել է ոչ որպես գլխավոր խմբագիր, այլ «Ն եւ Ն» ՍՊԸ-ի ծրագրի տնօրեն եւ որ նման բովանդակության նամակներ ուղարկվել են Սիրիայի, Չինաստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներին։

Զարմանալու հերթը գործով դատավոր Սամվել Ուզունյանինն էր։

Նա հարցրեց.
– Մեծ Բրիտանիան ունի՞ դեսպանատուն Հայաստանում։

– Ունի,- պատասխանեց ամբաստանյալը, որն «իմիջիայլոց» ասաց նաեւ, որ իրենց տանը կան դիմումների տեքստեր Հնդկաստանին, Թուրքիային… ուղղված։

Մի միջնորդություն էլ ամբաստանյալն արեց. նա ԱԱՆ-ից եւ թիվ 1 մեկուսարանից պահանջեց քննիչների ելքումուտքերը՝ ապացույցների հավաքման ողջ ընթացքում, կանչերի տվյալները, ինչպես նաեւ Ալիկ Հարությունյանի, Նաիրի Բադալյանի, Մուշեղ Մովսիսյանի, Հարութ Հարությունյանի կանչերի տվյալները՝ կալանքում նրանց գտնված ողջ ժամանակահատվածի համար։

Այս միջնորդությանը կողմ էր տուժողի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սարգսյանը։ Այս միջնորդությունն էլ բավարարվեց։

Հետաքրքիր նախադեպ ստեղծեց ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը (ի դեպ, 5 ամբաստանյալներին դահլիճ բերելը տեսանելիորեն բացել է Նաիրի Հունանյանի տրամադրությունը)։

Նա միջնորդեց ամբաստանյալներին բաժանել Հունանյանի դատաքննական ցուցմունքների պատճենները, մեկ նիստ բաց թողնել, որպեսզի ծանոթանան, քանի որ իրենք «ետ են մնում տեքստից» եւ չեն հասցնում գրառումներ կատարել։

Դատավոր Ս. Ուզունյանը վկայակոչելով քրդատօրի 336 հոդվածի 9-րդ կետը՝ ասաց՝ «մենք մեր գործողություններով շարժվում ենք 9-րդ կետով»։ Մեջբերեմ վերոնշյալ կետը. «Դատական դահլիճ ամբաստանյալի վերադառնալուց հետո նրա համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալի ցուցմունքները եւ նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ եւ հարցեր տալ իր բացակայությամբ հարցաքննված ամբաստանյալին»։ Սակայն դա տեղի չի ունեցել։

Ինչպես դա կիրականանա նույն հոդվածի 2-րդ կետի հակասության դեպքում, երբ նախատեսված էր. «Ամբաստանյալի կողմից ցուցմունքներ տալուց հետո նրան սկզբից հարցաքննում են իր պաշտպանը, մյուս ամբաստանյալները եւ նրա ներկայացուցիչը, իսկ հետո մեղադրողը, տուժողը, քաղհայցվորն ու նրա ներկայացուցիչը»։

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի վերոնշյալ միջնորդությունը այնքան էլ միամիտ չէ եւ չի շոշափում միայն իրենց մասնակցության հավասար սկզբունքների կիրառման հարցը։ Ի դեպ, այս խնդրի քննարկումն էլ ցույց տվեց քրեադատավարական օրենսգրքի փաստաբանների կողմից ցածր իմացությունը։

Դատարանում երեկ արդեն ակնհայտորեն տեղի ունեցավ բաժանում. ամբաստանյալների պաշտպանները կարծես թիմային մարտավարությամբ ավելի ուժեղ են, քան մեղադրողներն ու տուժողների շահերի ներկայացուցիչները։

Չնայած ամբաստանյալ Ն. Հունանյանն այլ կարծիքի էր, երբ հակահարված ստացավ Դ. Բեջանովի պաշտպանից, թե «Դերենիկի անունից կխոսի նրա պաշտպանը», նա ասաց. «Պաշտպանը ամբաստանյալին չի կարող փոխարինել»։

Քարտուղարուհին շարունակեց ընթերցել Ն. Հունանյանի ապրիլի 30-ի, մայիսի 2-ի, 10-ի դատաքննական ցուցմունքները։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930