Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» խմբագրություն զանգահարած մի քանի ծնողներ, որոնց երեխաները այս տարի պետք է հաճախեն դպրոց, դ

Հունիս 05,2001 00:00

Չստեղծել սոցիալական լարվածություն «Առավոտի» խմբագրություն զանգահարած մի քանի ծնողներ, որոնց երեխաները այս տարի պետք է հաճախեն դպրոց, դժգոհում էին, թե տեղամասային մանկական պոլիկլինիկաներում երեխայի առողջության մասին տեղեկանք տալու համար որոշակի գումար են պահանջում։ Նրանց կարծիքով, այդ «իբրեւ թե օրենքով» մուծումներն այնքան էլ օրինական չեն։ Ծնողների դժգոհությունը նրանից է, որ այսօր, բազմաթիվ խնդիրներից բացի (դպրոցի համար անհրաժեշտ իրեր եւ պարագաներ գնելը չհաշված), իրենց ուսերին ծանրացել է մի բեռ եւս։ Այն է՝ ինչպես գումար հայթայթել, որպեսզի երեխային դպրոց ընդունելիս կարողանան պահանջվող փաստաթղթերը ձեռք բերել։ Պահանջվող փաստաթղթերից մեկը, ինչպես նշեցինք, վերոնշյալ տեղեկանքն է, որն ունենալու համար, ըստ որոշ ծնողների, պարտավոր են վճարել 5500-6000 դրամ (նայած թե քանի կաբինետում է երեխան «հետազոտվում»)։ Ծնողներից մեկը շատ վրդովվել էր տեղամասային բժշկուհու (որի անունը չուզեց նշել) արտահայտությունից։ Նա ցանկացել էր պարզել բժշկուհուց՝ եթե չկարողանա պահանջվող գումարը մուծել եւ ստանալ այդ տեղեկանքը, հնարավո՞ր է արդյոք այդ մի թղթի համար երեխային դպրոց չընդունեն, բժշկուհին շատ կոպիտ պատասխանել է՝ «կարող է եւ չընդունեն»։ «Ամենուրեք կաշառակերություն է տիրում, գոնե երեխաների հարցում զիջող լինեն»,- պատմում էր մի կին։ Մյուսն էլ, թե. «Չգիտենք, հագուստի՞ մասին մտածենք, գրենական պիտույքների՞, գրքերի՞, թե՞ ինչ-որ թղթերի մասին, որոնք փողի հետ են կապված»։ «Ես էլ երկու երեխա ունեմ։ Երկուսն էլ դպրոցական տարիքի։ Ոչ ես եմ աշխատում, ոչ ամուսինս,- ասաց մի կին, գանգատվելով, որ իրեն պարտադրում են երեխայի ստուգման համար բոլոր կաբինետները մտնել։ -Իմ երեխան ոչնչից չի գանգատվում։ Ինչո՞ւ են ավելորդ ստուգում։ Այս ծանր պայմաններում ո՞վ փող ունի նրանց տալու»,- նեղսրտեց նա։ Որոշ հարցեր պարզաբանելու նպատակով այցելեցինք Երեւանի մանկական պոլիկլինիկաներից մեկը։ «Հայք» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ վճարումները կատարվում են օրենքով սահմանված կարգով։ Ըստ նրա, մինչեւ 7 տարեկան երեխայի հետազոտումն անվճար է, 7-ից բարձր տարիք ունեցողինը՝ վճարովի։ Հ. Պետրոսյանի տվյալներով, ընդհանրապես անվճար է սոցիալապես հատուկ խմբերում ընդգրկված երեխաների եւ հաշմանդամ երեխաների սպասարկումը։ Երեխան հետազոտվում է տեղամասային բժշկի ցուցումով, այսինքն, վերջինս է որոշում, թե որ կաբինետ պետք է մտնի նա։ «Ամեն ինչ արվում է օրենքով,- ասաց պրն Պետրոսյանը,- կոպիտ խախտումներ, այն էլ մանկական առողջապահական համակարգում, երբեք չեն լինում»։ Թեեւ, ըստ բժշկի, «երբեմն առողջապահական համակարգում այդպիսի բաներ ստացվում են, որովհետեւ պայմանները սուղ են այսօր եւ առողջապահական համակարգը ծանր վիճակում է»։ Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ իր հերթին գրեթե նույն տվյալները հաղորդեց, ավելացնելով հետեւյալը. «Սակայն եթե յոթը լրացել է, բայց սոցիալապես անապահով խմբին է պատկանում եւ պետպատվերի մեջ չի մտնում, դարձյալ անվճար է։ Մանկաբուժությունը բոլոր դեպքերում է անվճար։ Եթե ծնողը հնարավորություն չունի վճարելու, նա կարող է ազատվել այդ մուծումներից»։ Ըստ նրա, եթե ծնողն ի վիճակի չէ բժշկի թուղթ ձեռք բերել, նա կարող է մոտենալ դպրոցի տնօրենին, քանի որ այդ հարցում տնօրենները 3% բացառություն անելու իրավունք ունեն. «Եթե մարդն անվճարունակ է, տնօրենները պետք է գիտակցաբար մոտենան եւ չստեղծեն սոցիալական լարվածություն»,- եզրափակեց նա։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել