Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ՀՐԱՀԱՆԳ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՆՁԱՄԲ ՆԱԽԱՐԱՐԻ՞Ց

Հունիս 05,2001 00:00

ՍՏՈՒԳՈՂՆԵՐԸ ՀՐԱՀԱՆԳ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ ԱՆՁԱՄԲ ՆԱԽԱՐԱՐԻ՞Ց «Իրավունք» շաբաթաթերթին տված հարցազրույցում պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը պնդել է, թե «Օգոստոս» գործակալությունը խուսափում է պետության հանդեպ իր հարկային պարտավորություններից։ Իրավաբանները, որոնց հետ մենք զրուցեցինք, միանշանակ պնդեցին, թե նախարարի այդ հայտարարությունն օրենսդրության կոպիտ խախտում է։ Բանն այն է, որ գործակալությունում սկսված ստուգումները տակավին ավարտված չեն, եւ համապատասխան եզրակացության չեն հանգել։ Ասել է թե, նման շտապողականությամբ հայտարարություն անելու համար նախարար Ա.Մանուկյանն օրինական հիմքեր գոնե առայժմ չունի։ Եվ ընդհանրապես, պարոն Մանուկյանն, ըստ երեւույթին, կատարյալ անտեղյակ է իր ոլորտին առնչվող օրենքներին։ Մինչդեռ ստուգումների մասին օրենքի հոդված 8-ի առաջին կետի «բ» ենթակետում հստակ գրված է, որ արգելվում է նույնիսկ ստուգումների ընթացքում հայտնի դարձած տնտեսվարող սուբյեկտների գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը՝ առանց տնտեսվարող սուբյեկտի գրավոր համաձայնության։ Ու եթե անգամ ստուգումներն ավարտված լինեին ու դրա արդյունքում էլ հաստատված լիներ այն, ինչի մասին հայտարարել էր Ա.Մանուկյանը, ապա՝ միեւնույն է, նա հիշյալ օրենքով դրա իրավունքը չուներ։ Իրավապաշտպան կազմակերպությունների փորձագետներից մի քանիսը պնդեցին, թե միայն այս երկու փաստերը վկայում են իշխանություններին ընդդիմադիր գործչի հիմնադրած «Օգոստոս» գործակալության, ի վերջո, նաեւ «Չորրորդ իշխանություն» շաբաթաթերթի նկատմամբ քաղաքական հետապնդման ու ակնհայտ ոտնձգությունների մասին։ Նախարար Մանուկյանի այդ հայտարարությունն, ըստ էության, կարելի է գնահատել նաեւ որպես ուղղակի հրահանգ իր ենթականերին՝ ստուգումներն ավարտել «հարուստ ավարով»։ «Նախարարի այդ հայտարարությունից հետո ո՞ր տեսուչը կհամարձակվի պնդել, թե գործակալությունում որեւէ օրինախախտում չկա, եթե կա հստակ հրահանգ»,- նկատեց մեզ հետ զրուցած իրավաբաններից մեկը։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել