Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զավեշտական է հետեւել կարկուտի նման տեղացած այն հայտարարություններին, որոնք եղան ամենատարբեր մարդկանց

Հունիս 05,2001 00:00

Ով ում ընկերն է Զավեշտական է հետեւել կարկուտի նման տեղացած այն հայտարարություններին, որոնք եղան ամենատարբեր մարդկանց կողմից «Հոկտեմբերի 27»-ից հետո. «Վազենն իմ ընկերն է եղել»։ «Լեյտենանտ Շմիդտի որդիները», պարզվում է, հերթ են կանգնած ոչ միայն Վ.Սարգսյանի քաղաքական ժառանգությունը սեփականացնելու, այլեւ «Վազգենի ընկերը» համարվելու համար։ Թերեւս, այդպես ավելի ապահով է։ Ճիշտ այդպես ներկայացավ նաեւ ԱԺ պատգամավոր Վահագն Գրիգորյանը, որի՝ Վազգեն Սարգսյանի ընկերը լինելու վարկածն առաջինը բարձրաձայնեցին նրանք, ովքեր ի սկզբանե դեմ էին «27»-ի գործով ամբաստանյալների պահպանությունն իրականացնող իրավապահների գործունեությունը վերահսկելու համար ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորման գաղափարին ու կասկածում էին դրա նպատակահարմարությանը։ Դե, Վ.Գրիգորյանն էլ, բնականաբար, չհերքեց Վ.Սարգսյանի «ընկերը» լինելու մասին, մեղմ ասած, չափազանցված տեղեկությունները։ Ապատեղեկացվածների համար հատուկ նշենք, որ Վ.Գրիգորյանն իրականում երբեւէ Վ.Սարգսյանի ընկերը չի եղել եւ այդ մասին վկայում են հենց Վ.Սարգսյանի կողքին տարիներ աշխատած նրա զինակիցները։ Նա «Հայնավթամթերք» պետական ձեռնարկության տնօրեն է նշանակվել 93-ին՝ ժամանակին փոխվարչապետ Գեւորգ Վարդանյանի՝ Ժոկոյի, միջնորդությամբ։ Վազգեն Սարգսյանի հետ առնչվել է այնքանով, որքանով վառելիք է մատակարարել բանակին, երբեմն նաեւ ավանսով, բայց՝ դժկամությամբ։ «Նա ընդամենը կատարող է եղել՝ ՊՆ-ին վառելիք մատակարարող, որից Վ.Սարգսյանը, ի դեպ, ՊՆ բարձրաստիճան սպաների ներկայությամբ բազմիցս է դժգոհել»,- ասաց ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Այդուհանդերձ, ինչո՞ւ իշխանություններին այդքան անհանգստություն պատճառած հանձնաժողովի նախագահ, ըստ էության, նշանակվեց ոչ թե այդ նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցություններից որեւէ մեկի ներկայացուցիչը, այլ հատկապես Վահագն Գրիգորյանը։ Այն, որ ԱԺ հանձնաժողովը որեւէ արդյունքի չի հանգելու, «27»-ի համար ուղղակի կամ անուղղակի պատասխանատուներ նախագահ Քոչարյանն ու նախարար Սարգսյանը ի սկզբանե գիտեին։ Միամտություն է կարծել, թե հանձնաժողովին հաջողվելու է գործով գլխավոր ամբաստանյալին ուղղորդողներին ի հայտ բերել: Նրան այդ պայմաններում ուղղորդել կարող են միայն իշխանությունները, իսկ վերջիններիցս, անկասկած, մեծ ջանքեր չի էլ պահանջվելու իրենց գործն աննկատ անելու համար։ Իշխանություններն իրենց ապահով են զգում, ուստի նրանց միանգամայն ձեռնտու է որպես մարիոնետ օգտագործել այդ հանձնաժողովն ու մի գնդակով միանգամից մի քանի նպաստակ սպանել՝ փչացնել, այսպես կոչված, «Վազգեն Սարգսյանի շրջապատին», հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողներին, ու միաժամանակ «ապացուցել», որ իշխանությունները մաքուր են, ահաբեկիչներն էլ՝ հինգը։ Ու որպեսզի հանձնաժողովը նաեւ կանխատեսելի լինի, բնական է, որ դրա ղեկը պետք է վստահվեր ոչ պակաս մարիոնետ մեկին։ Տվյալ դեպքում դա Վ. Գրիգորյանն է, որի թեկնածության մասին, ըստ որոշ տեղեկությունների, հիշել է հենց Սերժ Սարգսյանը։ Վ.Գրիգորյանը միանգամայն վերահսկելի է միանգամից երկու նախարարների՝ Ս.Սարգսյանի եւ արդարադատության նախարար Դ.Հարությունյանի կողմից, որին, ի դեպ, հաճախ կարելի է հանդիպել իտալական ռեստորանում հենց Վ.Գրիգորյանի ընկերակցությամբ։ Եվ ոմանք դեռ զարմանում են, թե ինչն էր նախարար Դ.Հարությունյանին հենց հանձնաժողովի նիստի օրը բերել խորհրդարան: Իհարկե, ոչ կարոտը առ ԱԺ-ն։ Ամեն դեպքում Վ.Գրիգորյանին առանց լուրջ դժվարությունների հնարավոր եղավ ներկայացնել իբրեւ Վ.Սարգսյանի «ընկերոջ», որն իբր շահագրգիռ անձ է՝ իրականությունը բացահայտելու առումով։ Պարզ է, երբ հանձնաժողովն արձանագրի, որ իրավապահները որեւէ «ապօրինություն թույլ չեն տվել եւ գլխավոր ամբաստանյալին էլ ոչ ոք չի ուղղորդում կամ օգնում», բոլորը մատնացույց կանեն Վ.Գրիգորյանին՝ նա էլ հո Վ.Սարգսյանի ընկերն է եւ սրբապղծություն է չհավատալ նրան։ Վ.Գրիգորյանը դեռ ուղղակի կապ ունի «Հայնավթամթերք» պետական ձեռնարկության հետ, որն այսօր Հայաստանում վառելիք ներկրող երկրորդ խոշոր ձեռնարկությունն է «Միկա Արմենիայից» հետո եւ, որը գտնվում է իշխանությունների կատարյալ վերահսկողության ներքո։ Զավեշտական է նաեւ այն, որ հիշյալ հանձնաժողովի փոխնախագահը ոչ այլ ոք, քան Հակոբ Հակոբյանն է, նույն ինքը՝ Ճոյտը: Վերջինս «Հայնավթամթերք» ձեռնարկության ներկրած վառելիքի իրացնողներից մեկն է: «Մասիսի» նավթամթերման բազայից նրա ձեռքբերած վառելիքի դիմաց այսօր դեբիտորական պարտքը կազմում է շուրջ 70 մլն դրամ: Այնպես որ, Վ.Գրիգորյանի ընկերներն իրականում Ս.Սարգսյանն ու Դ.Հարությունյանն են: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել