Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայտարարեց

Հունիս 05,2001 00:00

«ՀԺԿ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՎԵՐՑՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ» Հայտարարեց կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը ՀԺԿ 2-րդ համագումարը սկսվեց Հայաստանի Հանրապետության հիմնով եւ «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակի լռության րոպեով։ Կուսակցության երկու տարվա կենսագրությունը բաժանվում է երկու փուլի՝ մինչեւ հոկտեմբերի 27-ը եւ դրանից հետո։ Ըստ Ստեփան Դեմիրճյանի՝ «ճշմարիտ է, որ ՀԺԿ-ն ստեղծվեց Կարեն Դեմիրճյանի շուրջը, բայց եւ ճշմարիտ է, որ կուսակցությունը ստեղծվել է կյանքի եւ ժողովրդի պահանջով»։ ՀԺԿ 2-րդ համագումարի մասնակիցները վստահ էին, որ կուսակցությունը պառակտելուն, քայքայելուն ուղղված որոշ ուժերի ջանքերը արդյունք չտվեցին եւ ՀԺԿ-ն չկոտրվեց «Հոկտեմբերի 27»-ից հետո. «Այս ծանրագույն պայմաններում ՀԺԿ-ն միշտ հանդես է եկել որպես կայունացնող ուժ, հաշվի առնելով, թե ինչ ցնցումների կարող է հանգեցնել հասարակական սրված տրամադրությունների ուղղորդումը»։ Ստեփան Դեմիրճյանը անդրադարձավ մի շարք առանցքային հարցերի։ «Միասնություն» դաշինքին, ՀԺԿ-ի դիմության կամ ընդդիմության լինելու հարցերին անդրադառնալով, կուսակցության նախագահն ասաց. «Եթե դիմությանը վերապահված է իշխանություններին բոլոր քայլերին անվերապահորեն համաձայնողի եւ կոճակ սեղմողի դերը, ապա մենք նման դիմություն լինել չենք ուզում։ Եվ հակառակը, ընդդիմություն լինել չի նշանակում միանշանակ մերժել եւ սեւացնել իշխանությունների ցանկացած քայլ»։ Կառավարության գործունեության համար պատասխանատվություն ստանձնելու վերաբերյալ հնչեց հետեւյալ միտքը, որ չի կարելի նույնացնել ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Միասնություն» դաշինքը եւ կառավարությունը։ Պրն Դեմիրճյանը կարեւորեց Սահմանադրական բարեփոխումներում կիսանախագահական պետական կառավարման համակարգից խորհրդարանական հանրապետության անցման շուրջ քննարկումները։ Համագումարի ամբիոնից կրկին շեշտվեց բազմիցս հնչած այն միտքը, թե ամբողջական պատասխանատվության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ լիարժեք հնարավորություն է տրված ձեւավորել այդ կառավարությունը։ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ ՀԺԿ-ն չի խուսափում պատասխանատվությունից, պատրաստ է վերցնել պատասխանատվությունը, բայց եւ չի պատրաստվում պատասխան տալ ուրիշների արածների եւ չարածների համար։ Ենթադրվում էր, թե համագումարը կանդրադառնա բացառապես «Հոկտեմբերի 27»-ին, բայց Ստեփան Դեմիրճյանի զեկուցումը երկրի տնտեսական, ներքաղաքական, նաեւ օրենսդիր ոլորտների վերլուծությունն էր։ Զեկուցման տնտեսությանը վերաբերող հատվածում անդրադարձ կար մասնավորեցմանը։ Ասվում էր, թե չի կարելի մասնավորեցումը վերածել բյուջեն լցնելու այսրոպեական միջոցի՝ «մասնավորեցման գործընթացում պետք է առավելագույնս ապահովվի ձեռնարկությունների աշխատողների մասնակցությունը»։ Չմոռանանք, որ ՀԺԿ 2-րդ համագումարի նախօրեին սկսվեց «Մարսի» մասնավորեցման գործընթացը։ Կոլեկտիվը եւս մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել։ ՀԺԿ նախագահը տարօրինակ համարեց առանձին պաշտոնատար անձանց եւ որոշ քաղաքական գործիչների կողմից շրջանառության մեջ դրված այն վարկածը՝ «որ մարդասպանները գործել են ինքնուրույն եւ նրանց թիկունքում կազմակերպիչներ եւ դրդիչներ չկան»։ «27»-ի մասով Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ նաեւ լրատվամիջոցներին, մասնավորապես ասելով. «Որոշ լրատվամիջոցներում չես գտնի որեւէ անհարգալից բառ այդ մարդասպանների հասցեին…։ Փոխարենն ամեն տեսակի լուտանքներ են թափվում այն մարդկանց հասցեին, որոնց նպատակը ճշմարտության բացահայտումն է։ Սա ինչ է, եթե ոչ ահաբեկչության բացահայտ հովանավորում»։ ՀԺԿ նախագահը շեշտեց, որ «Հոկտեմբերի 27»-ը հնարավոր չէր լինի նախատեսել եւ իրականացնել, եթե «իրենց գործառույթները պատշաճ կատարեին պետական անվտանգության ապահովմանը կոչված գերատեսչությունները»։ Կուսակցության մյուս անդամների ելույթներում պահպանվում էր հավասարակշռությունը։ Ինչպես միշտ, ծայրահեղ սուր ելույթների կողքին հնչում էին հանդարտեցնող ելույթներ։ ՀԺԿ-ականներից մեկի խոսքում մեղադրանք հնչեց ՀՅԴ-ի հասցեին, մասնավորապես ասվեց, որ Դաշնակցությունը հովանավորում է ահաբեկչությունը։ Այս առիթով ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Գեղամ Մանուկյանը եւ Վահան Հովհաննիսյանը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Հասկանալի է, որ ընկերները չէին կարող կիսել ելույթ ունեցողի տեսակետը։ Գեղամ Մանուկյանը մասնավորապես ասաց. «Մի բան հստակ է, Դաշնակցությունը, ինչպես Հայաստանի քաղաքական կազմակերպությունների հիմնական մասը, շահագրգռված է իրոք արդար դատավարությամբ, իրոք բացահայտումներով։ Ուղղակի մենք հարցերին մոտենում ենք օրինականության սահմաններում։ Երբեք մեր կողմից փորձ չի արվել հովանավորել այդ հանցագործներին»։ ԱԺԿ վարչության նախագահ Շավարշ Քոչարյանը հիացած էր ՀԺԿ համագումարով եւ զեկուցմամբ։ Նրան դուր էր եկել Ստեփան Դեմիրճյանի զեկուցման այն հատվածը, ուր խոսվում է սահմանադրական բարեփոխումների մասին. «Խորը զեկուցում էր, ես մեծ հաճույքով լսում էի տնտեսական բլոկը, ընդհանուր քաղաքական հատվածը, արտաքին հարաբերությունները։ Շատ անգամ նշվում է, որ ՀԺԿ-ն շատ ռուսամետ կուսակցություն է, բայց զեկուցման մեջ երեւաց լուրջ, հավասարակշռված լինելը։ Երեւաց Եվրախորհրդի անդամը դառնալու հանգամանքը կարեւորելը եւ այլն։ Այս տեսակետից եւս բարձր եմ գնահատում զեկուցումը»։ ՀԺԿ 2-րդ համագումարին մասնակցում էին բոլոր հայտնի կուսակցությունների ղեկավարները՝ յուրաքանչյուր կուսակցությունից ամենաքիչը 3-4 անդամ էր ներկա։ Որոշ կուսակցությունների ղեկավարներ ժամանակ առ ժամաակ շրջվում էին եւ 1-ին կարգից գնահատող հայացք նետում լեփ-լեցուն դահլիճին։ Վերջում գովեստի խոսք ասենք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հասցեին, քանի որ վերջինիս ցանկությամբ էր շրջանցվել մշակույթի նախարարության հայտնի հրահանգը եւ ՀԺԿ-ի մասով բացառություն էր արվել համագումարը «Կարեն Դեմիրճյան» կենտրոնում անցկացնելու համար։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել