Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ներկայացնում

Հունիս 05,2001 00:00

«ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ԶԶՎԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ» Ներկայացնում ենք նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի ճեպազրույցում «Առավոտի» հարցերին տրված պատասխանները՝ աննշան կրճատումներով։ – Այս էլ որերորդ անգամ, միջազգային տարբեր ատյաններում Հայաստանի նախագահն անարձագանք է թողնում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, ինչպես եղավ Քի Ուեսթում եւ Մինսկում։ Իհարկե, այստեղ ներկայացվում է իբր այդ համաժողովներում են արդեն հոգնել մեր բառային փոխհրաձգություններից։ Բայց արդյոք մտավախություն չունե՞ք, որ նման գործելակերպը հետագայում եւս շարունակելու դեպքում կարող է ընկալվել որպես ասելիքի բացակայության արտահայտություն։ – Դժվար է հավատալ, եթե Քի Ուեսթում չես եղել եւ չես տեսել անհամբեր եւ ձանձրացած դեմքերը, որոնք լսում են այդ ելույթները։ Եվ չես կարող վերապատմել, թե ինչպես են մարդիկ մոտենում եւ, ասենք, ասում. «Ի՜նչ լավ է, որ դուք չպատասխանեցիք»։ Ինչ վերաբերում է Մինսկի հայտարարությանը, որը նույն համատեքստում է, պետք է ասեմ, որ դա ադրբեջանական պատվիրակությունների կողմից հերթական փոքրիկ զզվելիություններից մեկն էր, որ փորձում են նրանք իրականացնել։ Երբ որ նման մեծ համաժողովներ են տեղի ունենում, այդ ասուլիսները վարող մամուլի ծառայությունները սովորաբար փորձում են համակարգել աշխատանքներն այնպես, որ չլինեն հարցերի կրկնություններ եւ աշխատանքն անցնի բավական սահուն։ Նման դեպքում նույնպես փորձ էր արվել ճշտել բոլոր հարց տվողներից, թե ինչի մասին են իրենք հարց տալու։ Ադրբեջանի լրագրողը (որը հետո հարց ուղղեց ԼՂՀ-ն որպես թմրամիջոցների տարանցիկ ուղի օգտագործելու մասին- Ա. Ի.) հայտնել էր ասուլիսը վարողներին, որ իր հարցը լինելու է ազատ առեւտրի գոտու մասին։ Ահա այստեղից արդեն տպավորությունը շատ վատ էր։ Կարող եմ վստահեցնել, որ ե՛ւ ասուլիսը վարողները, ե՛ւ բոլոր մյուս պատվիրակությունների մի զգալի մասի այդ ոլորտի պատասխանատուները մոտեցել են անձամբ եւ հայտնել իրենց տհաճությունը, եւ ասել, որ շատ վատ են զգում նման վարքի համար եւ իրենք դա հաշվի կառնեն հետագայում ադրբեջանցի լրագրողների հետ աշխատելիս։ Նախագահն անհրաժեշտ չի համարել պատասխանել այդ հարցին, որովհետեւ այն իրեն չէր ուղղվել։ Բայց ակնհայտ է, որ ե՛ւ այն լրագրողը, որը տվել էր այդ հարցը, ե՛ւ նրան սովորեցնողն ակնհայտորեն զուրկ են տարրական աշխարհագրական գիտելիքներից։ Եվ ոչ միայն աշխարհագրական, այլ նաեւ այն տեղեկատվությունից, որ վերաբերում է այդ ոլորտին։ Այսինքն, կան միջազգային կազմակերպություններ (Ինտերպոլից մինչեւ թմրադեղերի վերահսկողության ՄԱԿ-ի կոմիտե), որոնք պարբերաբար զեկույցներ եւ հաշվետվություններ են հրապարակում։ Դրանցից պարզ է, թե որ երկրներում է տարածված թմրադեղերի ապօրինի շրջանառությունը։ Ղարաբաղում նման բան, պարզ է, որ չի կարող լինել, որովհետեւ Ղարաբաղին սահմանակից ո՛չ Հայաստանը, ո՛չ Իրանն այդ հաշվետվություններում եւ զեկույցներում նշված չեն։ Եվ եթե նման բան կա Ղարաբաղում, ապա այդ ճանապարհն անցնում է Ադրբեջանով դեպի Ղարաբաղ։ Իսկ Ադրբեջանն ավելի բարենպաստ կլիմայական պայմաններ ունի թմրաբույսերի աճեցման համար եւ այնքան էլ, այսպես ասենք, զերծ չի նման մեղքերից։ Կարող եմ վստահեցնել՝ իսկապես նման դիրքորոշումը վատ ընդունելություն է գտնում։ Սակայն կարող եմ ասել նաեւ, որ եթե էլի կրկնվի՝ ստիպված կլինենք պատասխան տալ։ – 1998-ի սկզբին Անվտանգության խորհրդի մի շարք անդամների վկայությամբ, ի հակադրություն Արցախի վերաբերյալ առաջին նախագահի որդեգրած քաղաքականության, Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի եւ այլոց կողմից ներկայացվել էր մի ծրագիր, ըստ որի՝ Արցախը պիտի դառնար անկախ պետություն 8 հազար քառ. կմ տարածքով։ Որքանո՞վ է այժմ բանակցային գործընթացի շրջանակներում տեղավորվում այս ծրագիրը։ Արդյոք 1998-ին տրված այդ խոստումն իրականանալո՞ւ է։ – Բավականին շահարկվել է 1998-ի Անվտանգության խորհրդում իբր ներկայացված ինչ-որ ծրագիրը։ Չեմ ցանկանում խորանալ այդ ծրագրի կամ առաջարկության մանրամասների մեջ, որոնց ես տեղյակ չեմ դետալներով։ Կարող եմ ասել. այդ ժամանակ արդեն Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի վարչապետն էր եւ Ղարաբաղի կողմից չէր հանդես գալիս, պաշտոնական թղթերով չէր խոսում (եթե նման թուղթ եղել է)։ Մամուլում այդ 8 հազար քառ. կմ, ինչ-որ առաջարկություններ, ինչ-որ Անվտանգության խորհրդի նիստի քննարկում՝ այս տեղեկությունները լավ հունցված եւ խառնված խմոր են, որտեղ մեծ մասն իրականությանը չի համապատասխանում։ Եվ ես խորհուրդ կտայի դրա մասին հարց տալ այդ ժամանակ այդ ամենի անմիջական մասնակից կողմերին, ասենք՝ ԼՂՀ ներկայացուցիչներին, որոնք, կարծում եմ, շատ ավելի հստակ եւ շատ ավելի համոզիչ պատասխան կտան։ Բայց պիտի կրկնեմ, որ շատ բաներ այստեղ գլխիվայր են ներկայացված։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Վահե Գաբրիելյանն ասաց, թե չի կարծում, որ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացը մտել է փակուղի։ Նաեւ չհամաձայնեց, որ Հայաստանը կորցնում է հաղթող պետության իրավունքները։ Պրն Գաբրիելյանը նշեց, թե Հայաստանը չի ջնջել հիշողությունից նախկինում եղածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել