Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարում են երեխաները

Հունիս 02,2001 00:00

Նկարում են երեխաները Երեկ հերթական անգամ առիթ էր հիշելու, որ «Երեխաները մեր ապագան են», որ հանուն երեխաների մենք պատրաստ ենք ամեն ինչի, ու ընդհանրապես՝ «Լավագույնը՝ երեխաներին»։ Սակայն լոզունգների եւ բաժակաճառերի տեսքով հնչող մտքերը գործուն վիճակ հիմնականում ձեռք չեն բերում։ Ու մենք շարունակում ենք մեր «մեծական» կյանքը, որտեղ տեղ կա քաղաքականության, տեռորիզմի, դատարանների, բռնությունների, սեքսի, կաշառակերության եւ կաշառատվության, ստի, խաբեության, ուտուշ-խմուշների, կազինոների ու լոտոների, ստրիպտիզի ու պառլամենտական շոուների համար, ու այնքան քիչ ժամանակ ու տեղ կա նրանց համար, ովքեր արդարացնում են մեր փուչ գոյությունը։ Նրանց համար մեր «գերզբաղված» կյանքում տեղ ենք գտնում առիթից առիթ, տոնից տոն ու չքմեղանում. «Չէ՞ որ ձեզ համար ենք անում այս ամենը»։ Այնինչ նրանց պետք է ընդամենը մեր ուշադրությունը, մեր ժամանակը, մեր գուրգուրանքը։ Եվ հունիսի մեկը կրկին առիթ դարձավ ուշադրություն ու ժամանակ նվիրելու նրանց՝ մեր զավակներին։ Ու մինչ ՀՖՆ-ն իր չքնաղ համերգային ծրագիրը կնվիրեր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, տարբեր բեմերում ու սրահներում այդ տոնին նվիրված փոքրումեծ միջոցառումներ կայացան։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց «Մոմիկ» քրիստոնեական-մշակութային միության գեղարվեստի դպրոցի սաների, շրջանավարտների եւ ուսուցիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը կրում էր «10 տարի» խորագիրը։ 1991-ից գործում է «Մոմիկի» գեղարվեստի դպրոցը Աջափնյակ համայնքում եւ այս տաս տարիների ընթացքում, չհանձնվելով ոչ 93-95 թթ. ցրտին ու խավարին, ոչ հետագա ֆինանսական սուղ վիճակին, դպրոցի ուսուցիչները անշահախնդրորեն ծառայել են արվեստին ու քրիստոնեությանը՝ փոքրիկների մեջ ներարկելով սեր առ Աստվածն ու մշակույթը։ Գեղարվեստի դպրոցի 3-ից 15 տարեկան սաների աշխատանքներն ապշեցնում էին գունային հարուստ ու հստակ լուծումներով, յուրաքանչյուր աշխատանքի մեջ զգացվում էր լույսի ու գույնի զգացողությունը, երեխայի անհատական ընկալումը՝ հայրենիքի, բնության, արեւի… Շրջանավարտների աշխատանքները, բնականաբար, ավելի խորն ու տեխնիկապես կատարյալ էին, սակայն աչքի զարնողը աշխատանքների հասունությունն էր։ Թեեւ զարմանալի չէր. չէ՞ որ նրանցից շատերը սովորում են գեղարվեստի ուսումնարանում։ Վստահ ենք, որ այսուհետեւ էլ «Մոմիկ» միության գեղարվեստի դպրոցը կշարունակի իր գնահատելի գործը՝ ապագա սերունդի մեջ կրթելով գեղագիտական ճաշակ ու զարգացնելով ի վերուստ տրված նկարելու շնորհը։ Մ. ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել