Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ՝ ԱՌԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ

Հունիս 02,2001 00:00

ՀԱԿ՝ ԱՌԱՆՑ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Քանի որ ՀՌԱԿ-ը, ՌԱԿ-ը ծանոթ անվանումներ են եւ մասնավորապես «ազատություն» բառի հապավում, թվում է, ՀԱԿ անվանումն էլ պետք է ինչ-որ առնչություն ունենա ազատությանը։ Համենայն դեպս, «ազատությունը» մոդայիկ բաղադրիչ է կուսակցությունների անվանումներում։ Այնինչ ՀԱԿ-ը Հայաստանի ագրարային կուսակցության կրճատ անվանումն է, որը ելնելով Քաղաքացիական օրենսգրքի պահանջներից եւ վերագրանցման սահմանված վերջնաժամկետից, հունիսի 1-ին գումարել էր արտահերթ համագումար՝ կանոնադրական եւ ծրագրային անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար։ Պարզվում է, այդ կուսակցությունը հիմնադրվել է 1992-ին եւ նույնիսկ պնդողներ կային, թե մասնակցել է 95-ի խորհրդարանական ընտրություններին, իբր կուսակցության նախկին անվանումը՝ ՀԱԺԿ, ընդգրկված է եղել քվեաթերթիկներում։ Ինչեւէ, մինչ այժմ այդ կուսակցության անվանումը եւ գործունեությունը անհայտության այնպիսի մշուշով են սքողված եղել, որ դժվար է ինչ-որ հանգամանք մտաբերել, առավել եւս պնդել։ Նույնքան դժվար է նաեւ հասկանալ, թե ինչո՞ւ կուսակցություն եւ ոչ ասենք՝ հասարակական միություն, չէ՞ որ ՀԱԿ-ի անդամները ներուժ ունեն (130 պատվիրակներից 19-ը ներկայացնում էին գիտակրթական ոլորտը, նրանց թվում՝ գիտության 7 թեկնածուներ) եւ փոքրիշատե ուշագրավ ծրագրեր են կազմել (հանրապետության պարենային ապահովվածություն, գյուղատնտեսական աշխատանքների կոոպերացում, վերամշակող ոլորտի հզորացում, ներմուծում-արտահանումների հավասարակշռում եւ այլն) հատկապես ագրարային ոլորտում։ Գուցե Հայաստանի ակունք-կուսակցությունները եվրոպականացվում են եւ ձեռք բերում պրոֆիլային ուղղվածություն։ Կամ գուցե ագրոոլորտում ընդօրինակում են ԱՊՀ երկրների իրենց գործընկերներին, որոնցից ոմանք նույնիսկ խորհրդարանում պատգամավոր ունեն։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել