Լրահոս
Օրվա լրահոսը

2001

Հունիս 02,2001 00:00

ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀԻՆ ՀԻԱՑՐԵԼ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՎԱՐՈՏՏԻԻՆ 2001 թվականի հունվարի 10-ից փետրվարի 15-ը Վենետիկի Մխիթարյան միաբանության մշակութային գանձերի եւ թանգարանի պատասխանատու, «Բազմավէպ» բանասիրական հանդեսի խմբագրապետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ ու բարերար Հարություն վարդապետ Պզտիկյանի հրավերով Իտալիա էր մեկնել Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը։ Երգչուհին ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինն ու ասպիրանտուրան՝ ՀՀ ժողովրդական արտիստուհի, պրոֆեսոր Գոհար Գալաջյանի դասարանը։ 2000 թվականի նոյեմբեր ամսին մասնակցել է Երեւանում կայացած Հայ-գերմանական միջազգային մրցույթին եւ արժանացել առաջին մրցանակի։ Հարցազրույց վերցնելու նպատակով երգչուհուն հանդիպեցի իր բնակարանում։ Միանգամից ասեմ՝ իր մասին բացարձակ չի սիրում խոսել։ Փոխարենը հրամցրեց տեսաժապավեն՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայից հատվածներով, ուր հանդես է եկել Լեոնորայի դերերգով՝ մեր թատրոնում, եւ պարոն Հարություն վարդապետ Պզտիկյանի ստորագրությամբ վկայագիր։ Վերջինից տեղեկանում ենք, որ երգչուհուն հատուկ բացառությամբ լսել են մաեստրո Լեոնե Մաճերան, որը տարիներ շարունակ Պավարոտտիի դաշնակահարն է, մաեստրո Մարիո Մերիկոն, աշխարհահռչակ երգչուհի Միրելլա Ֆրենին եւ մեծագույն մաեստրոն՝ Լուչանո Պավարոտտին, որը հիացած երգչուհու դրամատիկ սոպրանոյով, ասել է. «Կեցցե՜ քո երաժշտական-ուսումնական հաստատությունը եւ իհարկե քո դասատուն», ապա հրավիրել մասնակցելու իր իսկ անունը կրող միջազգային մրցույթին։ Վկայագրից տեղեկանում ենք, որ Մագդա Մկրտչյանը փայլուն ելույթներ է ունեցել Միլանի Հայոց տանը, Հռոմի Պապի ներկայությամբ՝ Սուրբ Պետրոս Մայր տաճարում, հանրահայտ «Ճուստինիանի» պալատում, խլելով խանդավառ ծափեր, բիսեր, բրավոներ… Վկայագրի վերջում կարդում ենք. «Բարձր գնահատվեց Մակտայի բացառիկ հզօրութեան եւ կարելիութիւններով օժտուած ձայնը, թելադրելով, որ Հայաստանի երաժշտական իշխանութիւնները գուրգուրան եւ տէր կանգնին, ամէն ձեւով, որպէսզի չհեռանայ երկրէն։ Ես կը փափաքիմ, որ ան նախ ծառայէ հայ երաժշտութեան…»։ Կարծում ենք, այս վկայագրին մեկնաբանություններն ավելորդ են։ Փաստենք՝ ապրիլի 23-ին, Եղեռնի զոհերի հիշատակին, «Դորետտի Չենդլեր» հոյակերտ հինգհարկանի սրահում, որտեղ տեղի է ունենում Օսկարի հանձնման արարողությունը, մաեստրո Օհան Դուրյանի ղեկավարությամբ Վերդիի «Ռեքվիեմում», աշխարհահռչակ Քալեն Եսպերյանի կողքին կանգնած էր եւ Մագդա Մկրտչյանը։ Ի դեպ, Քալեն Եսպերյանը տարիներ շարունակ հանդես է գալիս Պավարոտտիի հետ։ Աշխարհահռչակ ստեղծագործության կատարմանը (որն անցել է մեծ հաջողությամբ) իրենց մասնակցությունն են բերել հայազգի երգիչներ Եղիշե Մանուչարյանը եւ Սերգեյ Բարսեղյանը։ Հրաժեշտից առաջ երգչուհին ասաց հետեւյալը. «Հավատացեք, մեզ մոտ ավելի լավ ձայներ կան։ Տանում են մեր երգիչներին ու իրենք մեծ գումարներ աշխատում։ Ուզում եմ, օրինակ, Իտալիայի նման լինի այստեղ, որ ամեն ինչ այսքան դանդաղ չընթանա…»։ Որպես վերջաբան փաստենք. երգչուհի Մագդա Մկրտչյանը դեռ Հայաստանում է, վերադարձել է Իտալիայից, որովհետեւ Օպերային թատրոնում ունի աշխատանքային պայմանագիր եւ վերջին անգամ բեմ է դուրս եկել անցյալ տարվա սեպտեմբեր ամսին, իր միակ՝ Լեոնորայի դերերգով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել