Լրահոս
Օրվա լրահոսը

Մահվան դատավճիռն ավելի վաղ էր

Հունիս 02,2001 00:00

 Հարցազրույց քաղբանտարկյալ Վազգեն Կարախանյանի հետ

-OPT-ի ստեղծագործական խումբը փետրվարի 25-ից մարտի 2-ը գտնվելով Հայաստանում, հանդիպեց Ստեփան Զատիկյանի մերձավորագույն շրջապատի հետ, այդ թվում եւ Ձեզ։ Ինչպե՞ս ընթացավ հանդիպումը։

– «Ինչպես է դա եղել» հաղորդաշարի ստեղծագործական խումբը հրավիրել էր Ստ. Զատիկյանի, Հակոբ Ստեփանյանի մտերիմ ընկերներին, հարազատներին, այդ թվում եւ ինձ՝ որպես Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հնագույն անդամի։

Նրանց մասնավորապես հետաքրքրում էր Զատիկյանի անձը, ԱՄԿ գաղափարախոսությունը եւ, իհարկե, 1977թ. Մոսկվայի մետրոյի հայտնի պայթյունը։ Մեր զրույցը տեւեց մոտ մեկ ժամ։ Ինչպես գիտեք, հաղորդումը ցուցադրվեց OPT-ով, իսկ վերջերս էլ՝ հանրային հեռուստատեսությամբ, «չմոնտաժված» տարբերակը։ Այնտեղից դուրս էր մնացել քաղկալանավոր Ռազմիկ Մարկոսյանի հետ հարցազրույցը, հայաստանյան վարկածների կարճ ձեւակերպումները։ Ինձնից թողել էին այն հատվածը, որտեղ խոսք է գնում, թե այդ ժամանակ ՊԱԿ-ը ինչպես է հետապնդել ինձ եւ իմ ընտանիքին։

– Ե՞րբ եք ճանաչել Ստեփան Զատիկյանին։

– Ճանաչել եմ 1964-ից։ Այդ ժամանակ ԱՄԿ-ն, բացի երեք հիմնադիրներից, ուներ խումբ (7 հոգուց բաղկացած), որի անդամն էի։ 1968-ից Հայաստանում գործող մյուս կազմակերպությունների հետ (անլեգալ) միացման գործընթացում ՊԱԿ-ը կարողացել էր մյուս կառույցում իր գործակալը «գործուղել»։ Այդ ժամանակ էլ, երբ գնում էր կազմակերպության ընդլայնման գործընթացը, տեղի ունեցան (այդ գործակալի մատնությամբ) ձերբակալություններ, ինչի մասին գիտեր Ստեփանը։ 1968-ին, մինչեւ իր ձերբակալվելը, Ստեփանը զգուշացրեց, որ վատ օրեր են սպասվում։ Եվ պատգամեց մեզ, որ մի տղա կա, Հայրիկյան Պարույր անունով։ Ասաց՝ ափսոս է այդ տղան։

Ստեփանի ձերբակալվելուց հետո ես ամեն ուրբաթ, ժամը 19-ին պոլիտեխնիկական ինստիտուտի դիմաց պիտի սպասեի այդ տղային (նկարագրել էր նրա արտաքինը, ըստ երեւույթին իմն էլ նկարագրել էր նրան)։ Հանդիպում էինք։ 1968թ. ԱՄԿ հիմնադիրներ Զատիկյանը դատապարտվեց 4, Հայկազ Խաչատրյանը՝ 5, Շահեն Հարությունյանը՝ 3 տարվա ազատազրկման՝ «Հակասովետական պրոպագանդայի եւ ագիտացիայի» համար։

Ստեղծվեց ժամանակավոր ԱՄԿ խորհուրդ եւ, փաստորեն, ես կապն էի ապահովում Պարույրի հետ։ Վերջինիս հետ կային այլ տղաներ էլ, որոնք 1969-ին դատապարտվեցին (Աշոտ Նավասարդյան, Հակոբ Աշիկյան)։ OPT-ի հաղորդման մեջ թյուրիմացություն էր տեղի ունեցել. տողատակում Պարույր Հայրիկյանի համար գրվում էր «1968-ից ԱՄԿ-ի ղեկավար», ինչն իրականությանը չի համապատասխանում։ 1972թ. Զատիկյանը վերադարձավ կալանավայրից։ Հանդիպեցինք եւ նա (բառացի կրկնում եմ իր խոսքերը) ասաց. «Ես այս 4 տարիների ընթացքում համոզվեցի, որ մեկ թռուցիկի կամ թերթի համար չարժե կալանավայրում մնալ, այն դեպքում, երբ չկարողացանք հանրությանը ներկայացնել մեր պայքարի ողջ էությունը»։ Նա նաեւ ասաց, որ պետք է ընդլայնել շարքերը, ԱՄԿ մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ մտցնել։ Կալանավայրերում ինֆորմացիա ունեին մեկը մյուսի մասին։

Մի անգամ, հիշում եմ, Ստեփանը Պարույրի համար ասաց. «Պարույրը ափսոս է, կարծես ընկնում է ուրիշ դաշտ»։ 1973 թվականն էր։ Ես ականատես եմ եղել բավականին վեճերի՝ Պարույրի եւ Ստեփանի միջեւ։ Իմ ներկայությամբ Ստեփանը Պարույրին ասաց. «Դու այստեղ անելիք չունես։ Լավ է՝ թողնես-գնաս Ամերիկա»։ Բանը հասավ նրան, որ հարց գնաց ղեկավարության փոփոխության, ինչն այդ ժամանակ լուրջ չընդունվեց։ 1973-ին, եթե հիշում եք, գետնի վրա գրում էին ինչ-որ լոզունգներ, Մարքսի արձանը ներկվեց, Լենինի նկարը այրվեց։ Այդ ժամանակ էլ բաժանում տեղի ունեցավ։ Ստեփանն ասում էր. «Կարծես պլան է դրված մեր վրա, որ պիտի շատ նստեն, ինչ-որ մարդիկ տեսնեն, որ Հայաստանը այլ ճանապարհ է ընտրել, թե ինչքան քաղկալանավորներ կան»։ Կարող էին 2 նախադասություն գրել եւ դա նույնպես դիտվեր հակասովետիզմ։ Բնականաբար, այդ գործողությունների համար ձերբակալվեցին այս անգամ շատ։ Հակասությունն այնքան էր խորացել, որ նույնիսկ նախաքննության ժամանակ որոշ ընկերներ Ստեփանի դեմ կեղծ ցուցմունքներ տվեցին։

– Ովքե՞ր էին նրանք եւ կարո՞ղ ենք տարիների հեռվից ապացուցել։

– Ապրողներ կան։ Ազատ Արշակյանը, Ռազմիկ Մարկոսյանը, խորհրդի կազմից՝ Անդրանիկ Մարգարյանը։ Հակասությունն այնքան էր սրվել, որ այդ խորհուրդը (չգիտեմ, կազմո՞վ է որոշումն ընդունվել) մահվան դատավճիռ էր կայացրել Ստեփանի դեմ։

– Ինչպիսի՞ ձեւակերպմամբ։

– Ձեւակերպումն ինձ ծանոթ չէ, բայց մեխանիզմը՝ ովքեր ինչ պիտի անեին, մշակված էր։ Պարույր Հայրիկյանին տվեցին 2 տարի՝ ռեժիմը խախտելու համար (ժամը 19-ից հետո իրավունք չուներ տնից դուրս գալու)։ Ես մտել եմ Պարույրի մոտ, երբ դատարանում վճիռը կայացվել էր։ Ոստիկաններ էին կանգնել։ Նա խնդրեց, որ ասեմ մարդկանց՝ «թող վճիռը չանեն»։ Հիշում եմ, էլեկտրական մի հոսանք կարծես անցավ իմ միջով։ Հարցրի՝ «ի՞նչ վճիռ»։ Ասաց, դու տղաներին ասա (Հակոբջանին։ Վերջինս հաստատել է, որ եղել է այդպիսի վճիռ եւ իր վրա էր դրվել այդ)։

– Պրն Կարախանյան, դատավարություներին մասնակցե՞լ եք։

– 1968-ին եմ մասնակցել։ Այն ժամանակ էլ անցաթուղթ էին տալիս, յուրաքանչյուր ամբաստանյալի համար՝ 5 «հարազատի» անցաթուղթ։ Ստեփանի ընտանիքը որոշել էր, որ ես պետք է մասնակցեմ։ OPT-ի հաղորդման ժամանակ տպավորություն ստեղծվեց, թե Զատիկյանն առաջին անգամ դատապարտվելուց հետո չի զբաղվել քաղաքական պայքարով, ինչն այդպես չէ։ Հաղորդման ցնցող նորություններից էր եւ այն, որ Ստեփանը ցանկացել է Ամերիկա գնալ։ Երբեք չեմ հասկանում, թե ում համար են այդպիսի ստերը հորինվում։ Ուղղակի ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես է կեղծվում պատմությունը։

– Ի՞նչ նկատառումներ ունեք «մետրոյի պայթյունին» Ստեփանի, Հակոբի, Զավենի մասնակցության մասին։

– Այդ հարցը տրվել է բազմաթիվ անգամ։ Ես միակն եմ եղել, որի նկատմամբ ռեպրեսիան բավականին կոշտ է եղել. ցուցադրական, «հրապարակային»։ Ինձ նույնպես հարցաքննել են։ Օրումեջ։ 2 ամիս։

– Ի՞նչ էին ուզում։

– Ասում էին փաստ է. Զավենն ու Հակոբն են կատարել՝ Ստեփանի ցուցումով։ Ասում էին, որ իրենք բացատրություններ ունեին, ուր նրանք ցիտել էին Ստեփանի այն տողերը, թե մարտավարության մեջ փոփոխություններ պիտի լինեին եւ պատրաստ պիտի լինեք զինված պայքարի։ Ասում էին, որ Ստեփանն առաջարկել է իր ընկերներին որսորդմիության անդամ դառնալ, զինամթերք հայթայթել։ Ես չեմ լսել նման բան։ Ասել եմ այն ժամանակ էլ։ Ասում էին կապերը հաստատված են: Քանի որ ես իմ կապերով Արմավիրի շրջանից եմ, նշում էին, որ Ծիրանանոց կոչվող տարածքում են փորձարկումներն արվել։ Ինձ տարան Մոսկվա՝ հարցաքննելու, որպես վկա։ Քննիչ, մայոր Ռացի կարծիքով, ամեն մի հայ պոետենցիալ տեռորիստ է, ասում էր. «Չմտածեք, որ մենք հավատում ենք, որ այդ երեքով հնարավոր է փակել շրջանակը»։

Պայթյունի մասին իմացել եմ, երբ գործուղումից գալով (աշխատանքային)՝ ճանապարհին զգացի, որ հետեւում են։ Բնազդս թելադրում էր, որ ինչ-որ բան է կատարվել։ Երեւանում Հակոբջան Թադեւոսյանը (հանգուցյալ) ասաց։ Գնացի Ստեփանենց տուն։ Առավոտյան նա դուրս էր եկել տնից՝ գնումներ անելու։ Խանութի աշխատողները տեսել են, որ ինչ-որ մարդիկ թեւերը բռնեցին, ոլորեցին, դրին մեքենան ու տարան…

– Հայտնի է, որ Պ. Հայրիկյանը կալանավայրից ուղարկեց իր գրած ԱՄԿ ծրագիրն ու կանոնադրությունը։ Այդպե՞ս է։

– Այո, ՊԱԿ-ի մեկուսարանից Պարույրը չեկիստի միջոցով դուրս է ուղարկում իր ծրագիր-կանոնադրությունը եւ այդ թղթապանակը հանձնվում է այսօրվա ՀՀԿ-ի խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին, որի պատճառով էլ նույն պահին վերջինս ձերբակալվում է։

Հարցազրույցը՝

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930