Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ձախողման պատճառները դեռ ճշտվում են

Հունիս 02,2001 00:00

Բայց հակառակը ստացվեց Իսկ ձախողման պատճառները դեռ ճշտվում են Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը երեկ երեկոյան, ժամը 16-ին, լրագրողներին կանչել էր ասելու, որ մայիս ամսվա բյուջետային մուտքերի չկատարման վերաբերյալ կանխատեսումները չիրականացան։ Հետն էլ խորհուրդ տվեց՝ «չշտապել, սպասել, փաստը լինի, նոր այդ մասին խոսել»։ Նախարարին հաջողվել է մայիսին պետբյուջե մուտքագրել 15 մլրդ 700 մլն դրամ, 1,7 մլրդ-ով գերակատարելով ամսվա պլանը։ Գերակատարված մասը, ըստ Ա. Մանուկյանի, մասնակիորեն լրացրեց ապրիլի թերակատարումը։ Բյուջետային մուտքերը սովորաբար առավել ակտիվանում են ամսվա վերջին օրերին։ Անակնկալը հենց սրանով էլ պայմանավորված է։ Թեեւ պրն Մանուկյանն ընդունում է, որ ապրիլին անհաջողություններ կրեցին, բայց առանց ավելորդ ամոթխածության նկատում է, որ 2001թ. առաջին 5 ամիսներին այնքան գումար է մուտքագրվել, որքան նախորդ 2 տարիների առաջին կիսամյակների ընթացքում։ Իսկ այս տարվա առաջին կիսամյակում ոչ միայն չի թերակատարվի, այլ «կփորձենք գերակատարել»։ Ապրիլի ձախողման պատճառները դեռ ճշտվում են. «Ներկայումս ուսումնասիրվում է այն հարցը, թե ինչու թերակատարում եղավ»,- տեղեկացրեց նախարարը եւ պարզաբանեց, որ «երբ 5 ամիս շարունակ գերակատարում էին, ես՝ որպես ՊԵ նախարար, համոզված էի, որ ապրիլը մուտքերի առումով շատ լավ ամիս կլինի, ավելի շատ մուտքեր կլինեին։ Բայց հակառակը ստացվեց»։ Հետո նախարարը «խանգարողներից» ակնարկեց, թե՝ «չհաշվարկեցինք, թե ինչքան խանգարողներ կլինեին», «չկարողացանք հայտնաբերել այն մարդկանց, ովքեր խանգարում էին», «իսկ մայիսին, արդեն հենց սկզբից նախատեսել էինք եւ չկարողացան խանգարել»։ Թե ովքեր են այդ չարամիտները, իհարկե, չասաց, պատասխանելով «երբ համոզված լինեմ, որ այդ փաստերը տեղի են ունեցել, ես ձեզ կտեղեկացնեմ» հերթապահ նախադասությամբ։ Այսպիսով, թե անընդհատ ստվերի դեմ պայքարի մասին խոսող Անդրանիկ Մանուկյանն ո՞ւմ անունները չտվեց՝ հայտնի չէ։ Փոխարենը, բաց չթողեց ռեւերանսի առիթը. «Լավ աշխատանքը գնահատողներ էլ կան։ Մեր լավ աշխատանքը գնահատում են հանրապետության նախագահը, վարչապետը»։ Ավելին, ի հեճուկս տպավորության եւ լուրերի, թե ՊԵ նախարարի եւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի «ջրերը մի առվով չեն գնում», Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, որ աշխատել են համատեղ, վերլուծել են հարկատուների բոլոր խնդիրները եւ համատեղ ուժերով հաղթահարել դժվարին խնդիրները։ Իր նշանակման առաջին ամիսներին Անդրանիկ Մանուկյանը շրջում էր ապառքներ ունեցող ձեռնարկությունների մի հաստափոր ցանկով։ Նախորդ ամիսներին, բյուջեի մուտքերի կատարումը մասամբ տեղի էր ունենում այդ գումարների «վերադարձի» շնորհիվ։ «Առավոտի» հարցին, թե այժմ ինչ տեղ են գրավում դրանք մուտքերի մեջ, նախարարը պատասխանեց. «Երբ ես դարձա նախարար, ապառքները կազմում էին շուրջ 57 մլրդ դրամ, տույժ-տուգանքներով՝ 114 մլրդ։ Դրանց ծավալները քայլ առ քայլ կրճատվում են»։ Առայժմ, կամ արդեն՝ 8 մլրդ-ով։ Չնայած ստվերի դեմ պայքարի ու գերակատարման իր փորձին, այնուամենայնիվ, ՊԵ նախարարը չի կարծում, որ մուտքերի առումով թերագնահատված են եղած հնարավորությունները։ Սրա պատճառը արտահանման ծավալների աճն ու ներմուծման ծավալների նվազումն է. «Արտահանման դեպքում ԱԱՀ է վերադարձվում»։ Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց. «Որեւէ մեկից չեմ վախենում, պայքարելու եմ, պայքարն ավելի եմ խստացնելու, հնարավորության դեպքում ցանկացած ստվեր բացելու եմ»։ Այնուամենայնիվ, արձանագրենք, որ պրն Մանուկյանն ամենեւին էլ չի նախընտրում այդ պայքարը սկսել բենզինի, շաքարի «ոլորտներից», որի տեղը պատգամավորներն են մատնանշել։ Ա. Ֆ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել