Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բայց ինքն է կասկածելի…

Հունիս 02,2001 00:00

ՍՏԵՂԾՎԵՑ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ ՓԱՐԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ Բայց ինքն է կասկածելի… «Հոկտեմբերի 27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը երեկ իր անդրանիկ նիստն անցկացրեց։ Լրատվամիջոցների համար նիստը փակ էր։ Ձեւականորեն որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել՝ հանձնաժողով էին ուզում, ստացան։ Բայց ինչպիսի՞ եւ ինչպե՞ս։ Սկսենք ինչպեսից։ Որոշ քաղաքական ուժերի անմիջական ռեակցիան խուճապն էր։ Սակայն հանձնաժողով ստեղծելու ՀԺԿ-ի եւ «Հայաստան»-ի առաջարկը սվիններով ընդունածները շատ արագ վերագտան ինքնատիրապետումը եւ սկսեցին աշխատել հանձնաժողովի կազմի վրա։ Ի սկզբանե Անդրանիկ Մարգարյանը, այսինքն՝ ՀՀԿ-ն դեմ արտահայտվեց հանձնաժողովի հնարավոր նախագահի՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանի թեկնածությանը։ ՀԺԿ-ն չշարունակեց պնդել եւ առաջարկեց Գրիգոր Հարությունյանի թեկնածությունը։ Բայց հակառակ կողմն ակնհայտորեն հաջող էր խաղում։ Չմոռանանք, թե ե՞րբ ընտրվեց հանձնաժողովի նախագահը։ Օրը կրկին չորեքշաբթի էր, կառավարությանը հարցեր ուղղելու օրը։ Մինչ այդ լսվել էր «2001 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի կատարման հաշվետվությունը եւ երեք ձայն պակաս ստացած կառավարության գլխին ամպեր էին կուտակված։ 24 ժամվա ընթացքում խորհրդարանը կարող էր ստորագրահավաք սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու համար։ Ստորագությունները կհավաքվեին, եթե վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շահագրգիռ շրջանակին որոշ խոստումներ չտար։ Օրինակ, այսպիսի՝ ՀՀԿ-ից ժամանակավոր հանձնաժողով կմտնի Սուքիաս Ավետիսյանը, որի դերակատարությունը կլինի, մեղմ ասած, դերակատարություն չունենալը եւ «Միասնության» թեկնածուին դեմ քվեարկելը։ Խոստումները տրվեցին, Անդրանիկ Մարգարյանն առայժմ մնաց վարչապետ, հանձնաժողովը դարձավ իսկական խամաճիկների հանձնաժողով։ Երեկ տեղի ունեցած հանձնաժողովի նիստից հետո Վահագն Գրիգորյանը չթաքցրեց, որ մեկ ժամից ավելի տեւած նիստի ժամանակ քննարկվում էր կանոնակարգի հարցը։ Բայց պրն Գրիգորյանը, մեղմ ասած, մի քիչ խաբեց լրագրողներին, երբ պարզ ու հստակ չասաց, որ քննարկվել է կոնկրետ կանոնակարգ։ Թե ով է տվյալ կանոնակարգի հեղինակը, պետք է միայն ենթադրություններով բավարարվել։ Իսկ եթե այդպես է, ինչո՞ւ չենթադրել, որ կանոնակարգ կոչվածը գրել է ասենք՝ արդարադատության նախարարը որեւէ պատգամավորի հետ, որը չափազանց հաճախ է օգտագործում «խնդրո առարկա» բառակապակցությունը։ Այսպիսով՝ խնդրո առարկա կանոնակարգից մի քանի խիստ «ուշագրավ» կետեր ներկայացնենք։ Նախատեսվում է, որ «ԱԺ եռօրյա նիստերի յուրաքանչյուր հինգշաբթի հանձնաժողովը հերթական նիստի հաստատուն օրն է։ Նիստը սկսվում է ժամը 16.00-ին»։ Կանոնակարգի հեղինակները երեւի «մոռացել են», որ խորհրդարանի վերջին եռօրյան կսկսվի եւ կավարտվի հունիսի 11-13-ը։ Խորհրդարանը արձակուրդ կգնա եւ կհավաքվի սեպտեմբերի 11-ին։ Ստացվում է, որ ամբողջ ամառ ընթացող դատավարությունը դուրս կմնա հանձնաժողովի վերահսկողությունից։ Հանձնաժողովի անդամ Նապոլեոն Ազիզյանից հնարավոր եղավ իմանալ, որ քննարկվել է նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալի հարց։ Ղուկաս Ուլիխանյանն ու Գրիգոր Հարությունյանն ինքնաբացարկ են հայտարարաել, մնացել է միայն Հակոբ Հակոբյանը։ Ոչ ոք տեղակալ չի ընտրվել։ Իրականում, վերոհիշյալ կանոնակարգում տեղակալի մասին խոսք անգամ չկա։ Որքան էլ Նապոլեոն Ազիզյանը պնդում էր, թե հանձնաժողովի յուրաքանյուր անդամ, նաեւ նախագահը, պետք է հավասար իրավունքներ ունենան, այնուամենայնիվ, կանոնակարգում հակառակն է երեւում։ Լրատվամիջոցներին վերաբերող միակ կետը եւս հետաքրքիր է. «Հանձնաժողովի նախագահն անձամբ կամ իր կողմից լիազորված հանձնաժողովի անդամի (անդամների) միջոցով, հանձնաժողովը ներկայացնում է ԶԼՄ-ների հետ հարաբերություններում»։ Անկասկած, նախագահը ԶԼՄ-ների հետ կլիազորի խոսել այն անդամներին, ովքեր կլինեն իր խոսափողը։ Ըստ կանոնակարգի, հանձնաժողովը պետք է ունենա երեք աշխատանքային ենթախումբ, որոնք կղեկավարեն նախագահի կողմից լիազորված անդամները։ Փաստորեն, նախագահը լինելու է միանձնյա ղեկավար եւ աշխատանքները տանելու է իր ուզած հունով։ Պատգամավոր Ստեփան Զաքարյանը, նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ի սկզբանե կասկած առաջացրեց այն, որ հանձնաժողովում մեծամասնություն դարձան նրանք, ովքեր չէին քվեարկել հանձնաժողովի ստեղծման օգտին կամ դեմ էին արտահայտվել։ Իսկ հանձնաժողովի նախագահի մասին պրն Զաքարյանի կարծիքը հետեւյալն է. «Նրա դեմ ոչ մի բան չունեմ, այսօր էլ այնպես հաճելի էր խոսում, բայց ինչո՞ւ ես պիտի չճանաչեմ պատգամավորին, երբ երկու տարի պատգամավոր եմ, եւ չեմ տեսել, որ նա որեւէ ելույթ ունենա, որեւէ հարց բարձրացնի, որեւէ հարց տա։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովը նման կազմով կարող է արդյունավետ աշխատել»։ Ստացվում է, որ կասկածները փարատելու համար ստեղծված հանձնաժողովն ինքն է կասկածելի։ Ուրեմն, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել