Երեկ դատարան էին բերվել նաեւ «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալներ Կարեն Հունանյանը, Էդիկ Գրիգորյանը, Աշոտ Կնյազյանը, Վռամ Գալստյանը եւ Դերենիկ Բեջանովը։ Նրանց համար էլ ընթերցվեց ամբաստանյալ Նաիրի Հունանյանի դատաքննական ցուցմունքները։
Դատական նիստերի քարտուղարուհին՝ Մարիամ Ստեփանյանը, երեկ հասցրեց ընթերցել ապրիլի 19-ի, 23-ի, 25-ի դատաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալը 16 դատաքննական ցուցմունքներ է տվել եւ, հավանաբար, 4-5 օրում կավարտվի դրանց հրապարակումը։
Բացի 5 ամբաստանյալներից՝ բոլորս կրկնակի լսողներ ենք։ Դահլիճը գրեթե դատարկ էր։ Բացակայում էր անգամ ամբաստանյալ Ն. Հունանյանի պաշտպանը։ Պատգամավորական աթոռները (տուժողների, իրավահաջորդների) նույնպես զբաղեցված չէին։
Երեկ Ն. Հունանյանը կարծես չէր լսում ընթերցվածը, նա շարունակ ինչ-որ բան էր գրում։ Օրվա 2-րդ կեսին ընթերցանությունը մի պահ ընդհատվեց, քանի որ Կ. Դեմիրճյանի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը հանդես եկավ մի քանի միջնորդություններով. նա արդարադատության նախարարությունից պահանջեց «Հորիզոն» վերլուծական կենտրոնի հիմնադրման եւ գործունեության բոլոր փաստաթղթերը, քանզի առկա է եղել «Հորիզոնի» տնօրենի նամակը ԱԺ լրատվականի աշխատակից Հասմիկ Խաչատրյանին։
Կարդացեք նաև
ԱՆ-ից պահանջվեց «Ն եւ Ն» ՍՊԸ-ի փաստաթղթերը, պետական եկամուտների նախարարությունից՝ վերոնշյալ ՍՊԸ-ի հարկային պարտականությունների կատարման թերթիկը, Ֆրանսիայի դեսպանատնից «Ն եւ Ն» ՍՊԸ-ի 15.07.99թ. նամակը, որը բացակայում է քրգործից։ Կենտրոնական բանկից փաստաբան Ա. Սարգսյանը միջնորդեց պահանջել «Ն եւ Ն» ՍՊԸ-ի ֆինանսական շարժը։
Միջնորդությունները չքննարկվեցին, քանզի դատական նիստի մասնակիցներից շատերը չկային։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի: