Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիսի

Հունիս 01,2001 00:00

Բակային ֆուտբոլ՝ բակային նախաձեռնությամբ Մայիսի 26-ից Նորքի 3-րդ զանգվածի 9 ֆուտբոլային թիմեր սկսեցին պայքարը «Քալանթար» փոխանցիկ գավաթի համար։ Այս անգամ դաշտում 14-17 տարեկաններն են։ Մինչ այդ թեժ պայքար էր ծավալվել 10-14 տարեկանների միջեւ։ Նշեմ, որ մրցաշարը ոչ պաշտոնական է եւ գաղափարը ծնվել է բակերից, երեխաներից, որոնք պարզապես սիրում են ֆուտբոլ խաղալ։ Այս գաղափարին աջակցած Աշոտ Քալանթարյանի համար խնդիրը թաղային ֆուտբոլի զարգացումն է։ Ոգեւորողն այն է, որ Նորքի 3-րդ զանգվածում գտնվում են «երեք մեծահասակ-երեխասերներ»՝ հովանավոր Աշոտ Քալանթարյանը, մրցավար Գեղամ Պետրոսյանը, կազմակերպիչ Մյասնիկ Զաքարյանը, որոնք իրենց քաջալերիչ նախաձեռնությամբ օրեր շարունակ լարվածության մեջ են պահում ֆուտբոլասեր-թաղեցիներին։ Մասնակից երեխաները պարգեւատրվում են ժամացույցներով, ռադիոընդունիչներով, փլեերներով, սահմանվում է «Լավագույն դարպասապահ, պաշտպան, հարձակվող», անգամ «Լավագույն հանդիսատես» մրցանակները։ Գավաթակիր բակային թիմի բոլոր անդամներին հնարավորություն է տրվում 5% զեղչով 6 ամիս շարունակ գնումներ անել (քարտերով) «Քալանթար» ՍՊԸ-ից, 2-րդ տեղը գրավածներին՝ 3% զեղչով (6 ամսով), 3-րդ տեղը գրավածներին 3% զեղչ (3 ամսով) եւ 4-րդ տեղը՝ 1 ամիս զեղչով։ 3-րդ զանգվածի երեխաներին մարզազգեստով աջակցել էին «Կոդակ էքսպրեսը» եւ «Գալինա Բլանկան»։ Ի դեպ, այսօր եզրափակիչ խաղն է եւ պատկերացրեք Գայի փողոցից ներս ընկած մի մարզադաշտ, բազմաթիվ շենքերից կախ ընկած հանդիսատես՝ ինքնաբուխ-ոգեւորիչ կանչերով, դրոշ-փուչիկներով։ Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել