Վարչություն՝ … ընտրված մասամբ Լրջորեն սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե բոլոր գրողները համագումարում ունեին մեկ նպատակ՝ նախագահափոխություն։ Նախահամագումարյան եռուզեռը պարզ ցույց էր տվել, որ նախկին վարչությունն ամենեւին մտահոգված չէ գրական մթնոլորտի բարեփոխմամբ։ Նրա ավագ անդամներից երկուսը (Ս. Կապուտիկյան, Գ. Հարությունյան) հենց սկզբից լքել-հեռացել էին, մյուսներն էլ, չնչին բացառությամբ, արդեն լիուլի վայելել էին Հրանտ Մաթեւոսյանի բարեհոգի վերաբերմունքը եւ, նրանից այլեւս ակնկալիք չունենալով, շտապում էին ժամ առաջ դիրքավորվել… Ուստի, գրողների մեծամասնության, նաեւ՝ իմ, ցանկությունը նոր վարչություն եւ կանոնադրության նկատմամբ հարգանք ստեղծելն էր։ Ապացույց՝ համագումարի առաջին իսկ նիստում իմ ելույթը, որտեղ ես ասացի. «Ի դեպ, հաշվետու ժամանակաշրջանի բոլոր անցանկալի երեւույթների հիմնական պատճառը, իմ կարծիքով, կանոնադրության հանդեպ անհրաժեշտ հարգանքը չունենալն է»։ Ո՞վ կարող էր ենթադրել, թե համագումարը պիտի ընթանա կանոնադրության ամենակոպիտ խախտումներով, որոնց արդյունքում էլ պիտի գոյանա վարչություն՝ ընտրված մասամբ։ Ի՞նչ կնշանակի վարչություն՝ ընտրված մասամբ. կհարցնի ընթերցողը։ Կնշանակի ա՛յն, որ վարչության 51 (թիվը հաստատուն է) անդամներից վարչության անդամ ընտրված են ընդամենը 33-ը, իսկ մնացած 18 տեղերը թափուր են։ Ըստ գործող օրենքների, այս թափուր տեղերի համար անհրաժեշտ էր անցկացնել քվեարկության 2-րդ փուլ։ Սակայն դուրս գալով իր իրավասության սահմաններից, հաշվիչ հանձնաժողովը որոշեց համեմատաբար շատ ձայն ստացած 18 հոգու նույնպես համարել ընտրված… Այս ինքնակամ որոշումը պարտադրվեց համագումարին՝ առանց դնելու համագումարի հաստատմանը։ Այսպիսով, ստեղծված է մի իրավիճակ, երբ վարչության կազմում ընդգրկված հիշյալ 18 անդամները ո՛չ ընտրված են, ո՛չ համագումարի կողմից հաստատված, եւ իր ներկա կազմով վարչությունը չի կարող համարվել լիովին ընտրված։ Նման դեպքերի համար է օրենքը սահմանել քվեարկության 2-րդ փուլի անհրաժեշտությունը։ Մասամբ ընտրված, մասամբ չընտրված, այսինքն՝ տակավին չկայացած վարչությունը նիստ գումարելու եւ որոշումներ ընդունելու իրավունք չունի։ Գրողների միության նորընտիր նախագահ Լեւոն Անանյանը, որին շնորհավորեցինք ի սրտե ու գրական մթնոլորտն առողջացնելու սպասումներով, պարտավոր է անհապաղ անցկացնել քվեարկության 2-րդ փուլ՝ վարչության 18 թափուր տեղերի հարցն ըստ օրենքի որոշելու համար։ Եռամյա ինքնամեկուսացումից վերադարձ կատարած եւ համագումարի առաջին ջութակը նվագող մեր ավագ գրչակցուհին՝ հարգելի տիկին Սիլվա Կապուտիկյանը մի՞թե «չհիշեց», որ, իր հերթին, Գրողների միության վերստուգիչ հանձնաժողովն էլ պետք է ընտրվի փակ (գաղտնի) քվեարկությամբ… ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ ԳՄ 13-րդ համագումարի պատգամավոր, ԳՄ անդամ 1958թ.-ից