ՀԱՅ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ Այսօրվա ունկնդիրը փոխվել է ե՛ւ գեղագիտական, ե՛ւ հոգեւոր պահանջմունքներով։ Կատարողի մեծությունն էլ չափվում է առաջին հերթին այն բանով, թե որքանով է նա յուրացնում ժամանակի առաջադրած պահանջները եւ ինչպես է դրանք բավարարում։ Անկասկած, միայն խոշոր անհատականությունը կարող է հասկանալ ու բացահայտել ուրիշի ստեղծագործության մեծությունը։ Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ունկնդրեցինք այդպիսի մի խոշոր անհատականության՝ հայազգի դաշնակահար Ռուբեն Մուրադյանին։ Սա արտերկրում ճանաչված երաժշտի առաջին մենահամերգն էր հայրենիքում։ Միանշանակ է՝ հրեղեն ձիու տարում ծնվածները չափից ավելի տաղանդավոր են։ Ռուբեն Մուրադյանը ծնվել է 1966 թվականին՝ Մոսկվայում։ 1974-85թթ. սովորել է Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական դպրոցում։ 1985- 1992թթ. սովորել է Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, իսկ 1994 թվականին՝ ավարտել ասպիրանտուրան, ուր նրա ղեկավարն էր հայտնի դաշնակահար Լեւ Վլասենկոն։ Այդ ժամանակահատվածից էլ սկսվել է դաշնակահարի մասնակցությունը տարբեր միջազգային մրցույթներին։ Այսպես՝ 1994-ին Փարիզում, դաշնակահարների «Claude Kahn» միջազգային մրցույթում արժանանում է մրցանակի։ Նույն տարում՝ Իտալիայում «Palma d8217Oro» դաշնակահարների միջազգային մրցույթում ստանում է դիպլոմ։ Արդեն միջազգային ճանաչման արժանացած հայազգի դաշնակահարը Երեւանում ներկայացրեց Բեթհովենի թիվ 5, 6, 7, 29 սոնատները։ Ռուբեն Մուրադյան դաշնակահարը զգում էր, զգալը քիչ է, նա պարզապես սուզվում էր սոնատների ոգեկան տարածությունը եւ այստեղ նրա ռոյալի ձայնը հարստանում էր անորսալի երանգներով, որ գալիս էր հենց այդ ոգեկան տարածությունից, գեղեցկանում էր եւ ազնվանում, ու թվում էր, նա իր ամբողջ մարդկային լուսեղեն մաքրությամբ ձուլվում էայդ երկերի երաժշտական ներշնչանքի ու մտահղացումների բուն էությանը։ Արվեստագետն իր «գործիքի» միջոցով, որին, ի դեպ, լիովին է տիրապետում, մտավոր զինանոցի ամենաբազմազան միջոցներով արտահայտեց, ներկայացրեց բեթհովենյան ժամանակաշրջանի, մեծ կոմպոզիտորի մտքերն ու հույզերը։ Այդ երեկո դաշնակահարի հետ հանդիպումից գոհ էր ե՛ւ ունկնդիրը, ե՛ւ ինքը՝ Ռուբեն Մուրադյանը։ Ասենք, որ նա 1994 թվականից Մոսկվայի Իպպոլիտով-Իվանովի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի պրոֆեսոր է։ Մենահամերգներով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում… եւ առաջին անգամ՝ մենահամերգ Երեւանում։ Թե ինչո՞ւ առաջին անգամ, դաշնակահարը հրաժարվեց պատասխանել, փոխարենն ասելով. «Եկեք մեր այս հանդիպումը համարենք պարզապես սկիզբ…»։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ