Երեխաների իրավունքները միայն թղթի վրա են Այսօր երեխաների պաշտպանության միջազգային օրն է, սակայն ոչ այսօր, ոչ էլ տարվա մյուս օրերին երեխաների իրավունքները Հայաստանում ամենեւին էլ պաշտպանված չեն։ Թեեւ դեռեւս 1996թ. այդ իրավունքները նույնիսկ օրենքի ուժ են ստացել, իսկ այն խախտողները «պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Բայց թե՛ այս դրույթը, թե՛ օրենքի մյուս կետերի իրականացումը երաշխավորվում է միայն օրենքով, իսկ իրականությունն այնքան էլ դրան չի համընկնում։ «Երեխայի իրավունքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը երաշխավորում է՝ «Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման իրավունք։ Պետական համապատասխան մարմիններն ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը, իրականացնում են երեխայի առողջության պահպանմանն ուղղված պետական նպատակային ծրագրեր»։ Ընդ որում՝ օրենքի առաջին հոդվածով փաստվում է, որ «ՀՀ-ում սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ 18 տարեկան անձանց վրա»։ Սակայն առողջապահության համակարգի «բարեփոխումների» արդյունքում երեխայի՝ առողջապահական ծառայություններից անվճար օգտվելու իրավունքը գրեթե չի գործում։ Տարեցտարի կրճատվում է առողջապահական այն ծառայությունների թիվը, որից երեխան կարող է անվճար օգտվել։ Միայն մինչեւ երեք տարեկանների համար է օրենքի այդ կետը լիարժեք գործում (սա էլ թերեւս միայն թղթի վրա), իսկ մյուս տարիքային խմբերի երեխաների համար առողջապահության պահպանումն ու ամրապնդումը հիմնականում թանկ հաճույք են։ Օրենքի 19-րդ հոդվածում սահմանված է երեխայի աշխատանքի իրավունքը, այդ թվում՝ «արգելվում է երեխայի կողմից ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի վաճառքի, դրանց արտադրության եւ օգտագործման մեջ երեխայի ներգրավումը, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքի կատարումը, որը կարող է վնասել նրա առողջությանը, ֆիզիկական եւ մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն»։ Սակայն մինչեւ 18 տարեկան բազմաթիվ այն երեխաները, որ տոնավաճառներում ու սեղանիկների հետեւում կանգնած նաեւ ալկոհոլային խմիչքներ ու ծխախոտ են վաճառում՝ դպրոց գնալու փոխարեն, ապացույցն են, որ այս հոդվածը եւս Հայաստանում չի գործում։ Չի գործում նաեւ երեխայի հանգստի իրավունքը, քանի որ միայն ձեւական բնույթ է կրում օրենքի այս դրույթը. «Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ ժամանցի կազմակերպումը՝ ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ»։ Վերջիններս հիմնականում վճարովի հաճույքներ են ու շատ երեխաների համար անհասանելի, իսկ գյուղական շրջաններում նման հաստատությունները ընդհանրապես էկզոտիկա են։ Էկզոտիկա է նաեւ օրենքի այս պնդումը. «Երեխայի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ունակությունների լիարժեք զարգացման, նրան ինքնուրույն կյանքի նախապատրաստելու նպատակով մանկատներում, գիշերօթիկ հաստատություններում ստեղծվում են ընտանեկանին մոտ պայմաններ»։ Սակայն այդ հաստատությունների իրական վիճակի մասին առկա փաստերը լրիվ այլ բան են ասում։ Վերջերս «Նարեկ» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը Գյումրիի գիշերօթիկներից մեկի մասին ասաց. «Այս դպրոցում երեխաների իրավունքները ոտնահարվում են համարյա բոլոր հոդվածներով»։ Այս գնահատականը, սակավ բացառությամբ, թերեւս կարելի է տարածել բոլոր գիշերօթիկների եւ մանկատների վրա։ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի մյուս հոդվածներով երաշխավորված իրավունքները եւս դեռեւս հիմնականում հռչակագրային բնույթի են ու դժվար է կանխատեսել, թե երբ իրական կդառնան։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ