Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քր. նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսվում է ավելի քան չորս տարի։ Այն, որ գործող օրենսգիր

Հունիս 01,2001 00:00

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՀՀ քր. նոր օրենսգրքի հնարավոր ընդունման մասին խոսվում է ավելի քան չորս տարի։ Այն, որ գործող օրենսգիրքը որեւէ ձեւով չի համապատասխանում այսօր առկա հասարակական հարաբերություններին, ապացուցման կարիք չունի։ Սակայն առայսօր չունենք այդ օրենսգիրքը, ավելին՝ նույն այդ իշխանավոր-կնքահայրերը, օրվա հրամայականն անտեսելով, բոլոր հնարավոր միջոցներով ձգձգում են դրա ընդունումը։ ՀՀ քրեական նոր օրենսգրքի երկու մասերը (ընդհանուր եւ հատուկ) օրենսդիր մարմնի կողմից քննարկվել եւ առաջին ընթերցումով ընդունվել են դեռեւս 1998թ. ապրիլի 22-ին, որից հետո միայն իշխանություններին հայտնի արհեստավարժ աճպարարության շնորհիվ ընդհանուր եւ հատուկ մասերն իրարից անջատվել են՝ ընդհանուր մասն երրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունվել է 1999թ. փետրվարի 1-ին, իսկ հատուկ մասը մնացել է առաջին ընթերցման մակարդակին։ Թվում էր՝ ընդհանուր մասի ընդունումից, օրենսգրքի սկզբունքների, խնդիրների, նպատակների, մեթոդների, հասկացությունների, իրավաբանական անհրաժեշտ չափանիշների սահմանումից հետո, հատուկ մասի ընդունումը որեւէ խնդիր չպետք է առաջացներ։ Բայց դատելով Վ. Դալլաքյանի եւ ութ այլ պատգամավորների կողմից 2001թ. հունվարից շրջանառության մեջ դրված մեկ այլ նախագծի փաստից, ակամա մտածում ես, որ, ըստ երեւույթին, օրենքների ընդունումը նույնպես դարձել է պատգամավորական ինչ-որ խմբի մենաշնորհը եւ որեւէ այլ օրենքի նախագիծ չի կարող իր տրամաբանական լուծմանը հասնել, եթե այդ խմբի կողմից չի «ստեղծագործվել», եւ քրեական նոր օրենսգրքի ընդունման ոդիսականն անորոշ ժամանակով շարունակվելու է։ Այս կասկածը դառնում է համոզմունք, երբ համեմատում ես շրջանառության մեջ գտնվող օրենսգրքերի երկու նախագծերը, որոնք երկվորյակների տպավորություն են թողնում։ Վ. Դալլաքյանը եւ մյուսներն իրենց նախագծի լույս աշխարհ գալու մի շարք «լուրջ» հիմնավորումների կողքին ավելացնում են եւս մեկը՝ քրօրենսգրքի նախագծում մեծ տեղ են գտել այն հանցակազմերը, որոնք նախատեսված են միջազգային պայմանագրերով։ Դրա արդյունք է հանդիսացել «խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ» բաժինը։ Նշենք, որ երկու նախագծերում առկա այդ բաժիններում ընդգրկված հոդվածները հիմնականում նույնն են, թերեւս միայն մեկ «առավելություն» ունի Վ. Դալլաքյանի եւ մյուսների ներկայացրած նախագիծը՝ 388-րդ հոդվածը, կաշվից դուրս գալու գնով, փորձում է դուր գալ ինչ-ինչ միջազգային կազմակերպությունների եւ ստեղծել է արտոնյալ անձանց մի խումբ, որոնց նկատմամբ կատարված ոտնձգությունների դեպքում, անկախ ոտնձգության օբյեկտից (ա՞նձ է, թե՞ գույք) սահմանված է նույն, խստագույն պատժաչափը։ Ընդ որում, ամբողջովին անտեսվում է արարքի կատարման պահին սուբյեկտի վիճակը (հոգեկան, առողջական, գիտակցական, ինքնակառավարման ընդունակություն, շարժառիթ եւ այլն), ավելին՝ նույն նախագծում ամրագրված մյուս համանման հոդվածներում սահմանված սանկցիաներից այն շատ ավելի խիստ է (սպանություն, մարմնական վնասվածքներ հասցնել, գույքի նկատմամբ եւ այլն) եւ հակասում է նախագծի ողջ տրամաբանությանը կամ, ինչպես սիրում է ասել պրն Դալլաքյանը, գաղափարախոսությանը։ Վ. Դալլաքյանի եւ մյուսների նախագիծը որոշ դեպքերում, ի տարբերություն առաջին ընթերցումով ընդունվածի, բավարարվում է ընդհանուր սահմանումներով։ Օր.՝ «Պատերազմ վարելու արգելված միջոցներ եւ մեթոդներ կիրառելը» հոդվածն առաջինում (հ. 105) ավելի կոնկրետ եւ հստակ է, քան ներկայացվածում (հ. 385)։ Վ. Դալլաքյանի եւ մյուսների նախագծի «ձեռքբերումներից» է քրեական պատժի ենթակա անձանց ցանկի անհարկի եւ արհեստական ընդլայնումը՝ տրանսպորտային միջոցների կամ հաղորդակցության ուղիները փչացնելու համար քրեական պատասխանատվության են կանչվում նաեւ 14 տարեկանները։ Պրն Դալլաքյանի եւ մյուսների կողմից իրենց նախագծի «հիմնավորման» մեջ, նախորդի համեմատ իբրեւ առավելություն է ներկայացվել նաեւ հանցագործության կրկնակիությունը՝ որպես ծանրացնող հանգամանքի շեշտադրումը, որը տեսակետի հարց է (այս պահի խնդիրը չէ)։ Սակայն անընդունելի է, երբ կրկնակիությունը եւ ռեցիդիվը նախագծի հեղինակները հավասարեցնելով՝ դրել են մեկ հարթության վրա եւ լիովին անտեսել հանցանքը որպես արհեստ կիրառելու պահը։ Արդարացված չէ նաեւ հիշյալ նախագծում անզգուշությամբ կատարված հանցագործությունների համար 10 տարի առավելագույն պատժի սահմանումը, որով նման բնույթի հանցագործություններն արհեստականորեն դասվել են ծանր հանցագործությունների թվին։ Երկու նախագծերն էլ, չնայած սանկցիաների զգալի տարբերությանը, միատեսակ մոտեցում են ցուցաբերել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններին եւ անտեսել են արդարադատության հիմնական սկզբունքներից մեկը՝ սոցիալական արդարության վերականգնումը։ Առաջին ընթերցումով անցած նախագծի գրեթե կրկնօրինակի ի հայտ գալուն նախորդել է դեռեւս 2000թ. հունվարին պատգամավորներ Ա. Բաղդասարյանի, Վ. Դալլաքյանի եւ Խ. Սարգսյանի ստորագրություններով շրջանառության մեջ դրված «ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մաս» օրենքի նախագիծը։ Այն, ըստ ՀՀ ԱԺ վարչության 2000թ. հունվարի 27-ի տեղեկանքի՝ «չի համապատասխանում ՀՀ ԱԺ կանոնակարգի 66-րդ հոդվածի պահանջներին, քանի որ 1999թ. փետրվարի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունվել է ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասը, իսկ ներկայացված օրենքի նախագիծը գրեթե բառացիորեն կրկնում է ընդունված այդ օրենքը»։ Այսինքն՝ ԱԺ-ում գործող պատգամավորների հիշյալ խումբը, հնարավոր եւ անհնար միջոցներով, ընթերցում եւ նույնիսկ օրենք դառնալու արարողակարգ անցած նախագծերը, զուտ անձնական (խմբակային) ամբիցիաներից ելնելով, ձգտում է տապալել, որի մեջ իր «լուրջ» լուման ունի նաեւ ՀՀ ԱԺ-ի տնտեսագիտական վերլուծության վարչությունը, որն, ի հեճուկս իրավաբանական վարչության պնդումների, գտնում է, որ նշված բոլոր նախագծերը համապատասխանում են ՀՀ ԱԺ կանոնակարգի 66-րդ հոդվածի պահանջներին։ ՍԵՐԳԵՅ ՊՈՂՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել