Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտի» խմբագրություն դիմած հերթական ահազանգը Երեւանի 8-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի բուժաշխատող

Հունիս 01,2001 00:00

Աշխատանքի՝ կիսաքաղց «Առավոտի» խմբագրություն դիմած հերթական ահազանգը Երեւանի 8-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի բուժաշխատողների կողմից էր։ Նրանց բողոքը կապված էր աշխատավարձերի չվճարումների հետ, որն ուշացել է շուրջ 13 ամիս։Խմբագրությանն ուղղված դիմում-բողոքից տեղեկանում ենք, որ վերջին ամիսներին ավելի է ծանրացել բուժաշխատողի վիճակը. «Այսօր առավել ծանր ֆինանսական վիճակում են պոլիկլինիկայի տեղամասային թերապեւտները, որոնք գտնվում են պետական պատվերի շրջանակներում»։ 8-րդ բուժմիավորման պոլիկլինիկայի աշխատակիցների հետ մեր հեռախոսազրույցից պարզվեց, որ նրանց անհանգստության հիմնական պատճառը աշխատավարձերի կրճատումն է, որը, ըստ բուժաշխատողների, հետեւանք է աշխատավարձի ֆոնդի կրճատման։ «Տեղի է ունենում բժիշկների իրավունքների ոտնահարում՝ աշխատավարձի կրճատում 66%-ի չափով, այսինքն՝ բուժաշխատողի աշխատավարձը 20.000 դրամից իջնելու է 6.300-ի։ Բացի դրանից, կրճատումներ են սպասվում նաեւ բուժանձնակազմում (ինչը պետք է իրականանա հուլիսի 10-ից եւ դա մեզ է հասնում սպառնալիքի ձեւով»,- ասաց տեղամասային բժշկուհի Ռուզաննա Սեդրակյանը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ թե բուժքույրը, թե տեղամասային բժշկուհին, թե սանիտարը եւ թե հավաքարարը աշխատավարձ ստանալու են նույն չափով՝ 6.300 դրամ։ «Դա եւ ծիծաղելի է, եւ պարադոքս։ Մի՞թե կարելի է բժշկին նման ողորմելի աշխատավարձ տալ։ Դա միայն մեր ճանապարհածախսին կբավականացնի, ինչպե՞ս կարելի է»,- սրտնեղեց Ռ. Սեդրակյանը։ Ու թեեւ, վերջինիս խոսքերով, բոլոր բուժաշխատողները աշխատավարձի իջեցմանը «կատեգորիկ դեմ են», այնուամենայնիվ 6.300 դրամի հույսն էլ չունեն, որ երբեւէ կստանան։ Ինչպես «դիմում-բողոքում» է նշված, պոլիկլինիկայի կոլեկտիվը (շուրջ 12 ամիս) աշխատավարձի երկարատեւ չվճարման կապակցությամբ ոչ ոքի չի բողոքել այն պատճառով, որ գիտակցել է երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Ըստ բուժաշխատողների, իրենց զայրույթի ալիքն այն պահին բռնկվեց, երբ օրեր առաջ ֆինանսների նախարարը հայտարարեց, թե սառեցվել են 12 ամսվա աշխատավարձերը։ «Ֆինանսների նախարարը հայտարարում էր, թե գումար փոխանցել են, պարտքերը փակել… հիմա էլ, թե՝ սառեցվել է»,- դժգոհեց Ռ. Սեդրակյանը, ասելով, որ միշտ էլ իրենք ուզեցել են ինչ-որ բան անել, բայց իրենց միշտ սպասեցրել են, թե համբերեք, լավ կլինի, եւ իրենք էլ սպասել են։ Տեղամասային բժշկուհի Գայանե Ղարիբյանն էլ ավելացրեց, որ վարձը չմուծելու պատճառով անջատել են բուժաշխատողների բնակարանների հոսանքը։ «Չեն մտածում, եթե աշխատավարձ չենք ստանում, ինչպե՞ս կարող ենք լույսի վարձ տալ»։ Ըստ Գ. Ղարիբյանի, ծանր է հատկապես տեղամասային թերապեւտների ֆինանսական վիճակը, որոնք հիվանդներին բուժում են պետական պատվերի շրջանակներում։ «Մեզ մոտ եկողները ոչ միայն հիվանդներ են, այլեւ համարյա մերկ ու սոված, չգիտենք ինչպես եւ ինչպիսի օգնություն ցուցաբերել»,- ասաց բժշկուհի Ղարիբյանը։ Վերջինիս հետաքրքրում էր մի հարց. «Տեսնես այդ գումարը (6.300 դրամ) քանի՞ վայրկյանի ծախսի փող է կառավարության համար»։ Գ. Ղարիբյանի խոսքերով, իրենք «քուջուջ անող չեն» եւ եթե պետությունը չի կարող այդ հարցում օգնել իրենց, ապա կդիմեն ՄԱԿ-ին, քանզի բժիշկը չի կարող աշխատանքի գնալ կիսաքաղց վիճակում։ Բժշկուհի Ռ. Սեդրակյանը տեղեկացրեց, որ խնդրի վերաբերյալ երեք օր առաջ դիմում-բողոք են հղել նախագահ Ռ. Քոչարյանին, վարչապետ Ա. Մարգարյանին, ֆինանսների նախարար Վ. Խաչատրյանին, առողջապահության նախարար Ա. Մկրտչյանին, ԱԺ նախագահ Ա. Խաչատրյանին եւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին։ Վերջիններս խոստացել են մինչեւ շաբաթվա վերջ պատասխանել բողոքներին։ «Այսպես շարունակել չի լինի, եթե մեր պահանջը չբավարարվի, մենք կառավարության շենքի մոտ նստացույց ենք անելու»,- հայտարարեցին բուժաշխատողները։ Հ. ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել